կարևոր
3922 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 14:29
Քաղաքական Հասարակություն

Արթուր Խաչատրյանն ու Իսակ Յունանեսյանը Իրանի ադրբեջանախոս Sahar Azeri հեռուստաալիքով խոսել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Արթուր Խաչատրյանն ու Իսակ Յունանեսյանը Իրանի ադրբեջանախոս Sahar Azeri հեռուստաալիքով խոսել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Շաբաթ ուշ երեկոյան Իրանի ադրբեջանախոս Sahar Azeri հեռուստաալիքը հյուրընկալել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանին։

Արթուր Խաչատրյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատճառներն ու պահանջները, մանրամասն անդրադարձել Փաշինյանի անվերջանալի միակողմանի զիջումներին, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նվաճողական քաղաքականությանը և անվերապահ կապիտուլյացիայի պահանջին։ 

Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե այս շարժումը հայաստանյան չէ, այլ սադրված ու հրահրված է օտար պետությունների՝ մասնավորապես ՌԴ-ի կողմից, Խաչատրյանը հստակ նշել է, որ շարժումը համաժողովրդական է, քանի որ հայ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է  Փաշինյանի միակողմանի զիջումներով։ «Որևէ ապացույց Հայաստանի իրավապահ և անվտանգային համակարգերը չեն ներկայացրել, որ շարժման թիկունքում կանգնած են երրորդ երկրները։ Սրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ՝ իբրև թե ժողովուրդն իրեն սիրում է, ինքը հեղինակություն ունի, իսկ այն ինչ փողոցում ենք տեսնում արտաքին ուժերի գործունեության հետևանք է»։

Զրույցի ընթացքում ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, դրանով ստանձնած պարտականությունները չկատարելուն, ինչպես նաև Արցախի էթնիկ զտմանն ու Արդբեջանին բռնակցմանը։    Խաչատրյանը նաև խոսել է տարածաշրջանային զարգացումների ու անվտանգային մարտահրավերների մասին։

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած շարժման առանձնահատկություններին ու Բագրատ Սրբազանի լեգիտիմությանը, խոսել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու հարցում նրա հաջողության մասին։ Յունանեսյանը քննադատել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների մասին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի լռությունը։

Հարթակ տրամադրելով հայ ընդդիմադիր գործչին ու Իրանի հայ համայնքի ներկայացուցչին՝ Sahar Azeri հեռուստաալիքը ուղերձ է հղել ոչ միայն Իրանի ադրբեջանախոս հանրությանը, այլև հենց ադրբեջանցիներին, քանի որ Բաքվում ևս այս ալիքը մեծ լսարան ունի։ Իսակ Յունանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում մատնանշեց տվյալ հեռուստաալիքի հետ հարցազրույցի կարևորությունը, որն արդյունքն է Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի ջանքերի։ 

Յունանեսյանի փոխանցմամբ՝ հեռուստաընկերության տնօրենի ուշադրությանն է արժանացել Արցախի մասին իր հայտարարությունները և մանավանդ փաստը, որ մինչև 1918 թվականը Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, որի մասին էլ նա խոստովանել է հարցազրույցի ավարտին։ Յունանեսյանը ներկայացրել է Արցախի հարցի պատմական ու իրավական կողմերը։ «Անդրադարձել եմ նաև շարժման մասին՝ Սփյուռքի դիրքորոշմանը․ սփյուռքահայերի մեծ մասը դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը, հատկապես ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքը․ Սփյուռքին խիստ մտահոգում է օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների հարցը, որով փաստացի Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդումից» ,-հավելեց Յունանեսյանը։