Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ-ում բյուջետային հաշվետվություն տալու հերթը երեկ արտգործնախարար Միրզոյանինն էր, ով հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի պետական պաշտոնյան եւ հատկապես երկրի թիվ մեկ դիվանագետը։ Նրա հախուռն, անհավասարակշիռ պահվածքից արդեն կարելի է սարսափել, թե ինչպես է ներկայացնում մեր պետությունը դրսում։ Մարդ, ում պաշտոնավարման ընթացքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, իսկ հիմա էլ Հայաստանն է ծվեն-ծվեն աճուրդի հանվել, ինքը դուխ չունի հակառակվելու մեր հակառակորդ երկրի իր պաշտոնակիցներին, բայց զբաղված է ՔՊ-ի քաղաքական ընդդիմախոսներին հաթաթաներ տալու եւ էժանագին մանիպուլյացիաներ անելու գործով: Ի մասնավորի՝ դաշնակցականներին ուղղված, որոնք Արցախում իբր հեղաշրջում արեցին եւ Արցախը հանձնեցին թշնամուն: Նորից ծեծված երգը` նախկինների եւ ռազմավարական դաշնակցի մասին, նույն անհաջող կսմիթները` սրբազան շարժման մասին: Դրան գումարած` հունից դուրս էր գալիս ամենաանշառ արձանագրումների դեպքում, ինչպես, օրինակ, Արմեն Ռուստամյանի, ում գնահատմամբ՝ արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսվել է աննպատակ, որովհետեւ կառավարության ծրագիրը չի կատարվել մի քանի ուղղությամբ։
«ՀԱՊԿ մասով, օրինակ, ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, դրա ճիշտ հակառակն է արվել, ցեղասպանության հարցում որեւէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, այսպես կարելի է անվերջ շարունակել։ Սրանք՝ բոլորը, ձեր կառավարութան ծրագրից բխող քայլեր էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել մինչեւ հիմա»,- ընդդիմության ներկայացուցիչը փորձում էր բերել օրակարգի եւ ադեկվատության դաշտ։ Ռուստամյանը նաեւ նկատեց՝ արվել է ճիշտ հակառակը․ կատարվել են Ադրբեջանի պահանջները, օրինակ, հենց նույն սահմանազատման, սահմանագծման մասով. «Դա արվում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը պահանջում է մի բան, դա հիմնավորում եք ու սկսում իրականացնել, այդ թվում նաեւ՝ Սահմանադրության փոփոխության հարցը․ Հայաստանում օրակարգ է բերվում դա»։ Արարատ Միրզոյանը նախ համոզմունք հայտնեց, որ Ռուստամյանի հարցի նարատիվները «զգալիորեն համընկնում են այն նարատիվներին, որոնք ունեն որոշ կայսրություններ»: «Մտածելակերպ, որ պատճառն է եղել այն աղետների ու արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է տասնամյակներով մեզ ներարկված՝ ներսից, դրսից։ Այդ մտածելակերպն է, որ մեզ կանգնեցրել է այն կոտրած տաշտակի առջեւ, որի առջեւ կանգնած ենք վերջին տարիների ընթացքում։ Դուք Ձեր տված հարցին ավելի լավ կպատասխանեիք, եթե իմ տեղը նստած լինեիք եւ Ձեզ շատ ավելի լավ «կչորեիք», քան ես եմ ինձ թույլ տալիս»,- ասաց նա` խուսափելով բուն հարցին պատասխանելուց։
«Նախ՝ ինձ պետք չէ չորել, ես առանց այն էլ չոր եմ, Ձեզ կխնդրեմ՝ այդ հոգեվիճակից դուրս գալ, արտգործնախարար եք, ազատվեք այդ կոմպլեքսից, Ձեզ չի սազում: Ձեզ թվում է, որ հարց եմ տալիս՝ ինչ-որ կողմերից ուղղորդվելով, սխալվում եք, հարց եմ տալիս փաստերից ելնելով»,- ամոթանք տվեց պատգամավորը: Ապա Միրզոյանն իրենց ձախողումները փորձեց քողարկել ստի ու կեղծիքի շղարշով` Արցախի հանձնումը դնելով ՀՅԴ-ի ուսերին․ «Ձեր, ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ հյութալի, մարմնեղ եւ անշեղելի էր»։
«Էնտեղ հեղաշրջում չի եղել»,- հակադարձեց Արթուր Խաչատրյանը։ «Արայիկ Հարությունյանը ձեռքերը լվացել, մի կողմ էր քաշվել, եւ իր հայտարարությունները կան, որ Հայաստանը ձեռքերը լվացել՝ մի կողմ է քաշվել։ Ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է՝ Արցախը «պավադոկ» է․ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել։ Ինչ որ տեղի ունեցավ, ձեր քաղաքականության նյութականացումն էր... Դուք ակնկալում էիք, որ Ալիեւը կհանդուրժի՞. մի երկիր՝ երկու նախագահ, երկու բանակ»,- արձագանքեց Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով Արցախի կորստի մասին բանավեճը։ Արարատ Միրզոյանը նորից շարունակեց նույն երգը՝ այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, տասնամյակներ հյուսվել է ՀՀ ինքնիշխանության դեմ։
Արծվիկ Մինասյանն էլ Միրզոյանին հիշեցրեց, որ իշխանությունն իրենք են, ոչ թե ընդդիմությունը, իրենք են կրում կատարվածի ողջ պատասխանատվությունը, ապա նախարարին հարցրեց․ «Ի՞նչ է անում իշխանությունը ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար... Վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից» եւ միջազգային իրավունքով: Ընդ որում` իր հայրենիքում ապրելու իրավունքը պետք է նաեւ ունենա երաշխիքներ` որոշակի ինքնավարության աստիճան:
«Ասում եք՝ ԼՂ-ի ինքնավարություն: Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին եւ այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլեւս հայ չկա: Երբ ԼՂ-ում հայեր կային, եւ մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից եւ խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան»,- նորից «աբարոտկա ֆռռաց» ԱԳ նախարարը եւ հախուռն շարունակեց՝ թող իմ հարցը մնա օդում կախված, քանի որ Մինասյանն այլեւս արձագանքի իրավունք չունի։ «Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու»,- հեգնեց Միրզոյանը։
Նկատելով, որ Միրզոյանն ափերից դուրս է գալիս, նիստը վարող ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը շտապեց օգնության հասնել իրենց նախարարին եւ նույն նարատիվներով մեղադրել նախկիններին, սակայն Արծվիկ Մինասյանը Վարդանյանին հիշեցրեց, որ իր հայրն էլ է նախկին՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գեւորգ Վարդանյանը՝ «Ժոկո» մականունով։ «Այդ հանցավորության մեջ մեզ որ մեղադրում եք, որը ես չեմ ընդունում, այդ մեղադրանքները Ձեր լուսահոգի հորն է՞լ են ուղղված»,- հարցրեց Մինասյանը։ Ծովինար Վարդանյանը տեղից անհասկանալի ռեպլիկներ բաց թողեց։ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Գեւորգ Վարդանյանի գործունեությունն Արծվիկ Մինասյանը բարձր գնահատեց՝ ՀՀ ինքնիշխանությանն աջակցելու տեսանկյունից, եւ հիշեցրեց՝ նախկին իշխանական շրջանակներից են նաեւ այժմ ՔՊ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը։