կարևոր
1819 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-05-27 17:45
Հասարակություն

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Մայիսի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին:

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, ի մասնավորի նշեց․ «Ս. Հռիփսիմյանք չուրացան Քրիստոսին, երկնքի արքայությունը չփոխեցին թագավորական փառքի հետ՝ գերադասելով Տիրոջ սերն ու նահատակությունը։ Սրբուհին իր օրինակով մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսին խաչակից լինելը ոչ թե դառնացնում է մեր կյանքը, այլ մեր կյանքի դառնություններն է քաղցրացնում և առաջնորդում է հաղթահարելու մեր կյանքի փորձությունները»։

Իր քարոզի վերջում Հայր Ոսկանը հորդորեց հավատավոր հայորդիներին Ս․ Հռիփսիմյանց բարեխոսությամբ քաջալերվել ու չընկրկել փորձությունների առաջ և հավատարիմ մնալ Քրիստոսին։