կարևոր
3013 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-17 22:32
Հասարակություն

Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան

Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ:

Ներկայացնենք հարցազրուցը ստորեւ.

Այս օրերին շատ է քննարկվում Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու լինելու հավանականության հարցը։ Հայտնի է, որ Սրբազանը երկքաղաքացի է։ Իրավական տեսանկյունից Բագրատ սրբազանը ինչպե՞ս կկարողանա հաղթահարել այդ խոչընդոտը և իրավական ի՞նչ տարբերակ կա, որով նա թեկնածու լինելու հիմք կունենա։

Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են  48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:

Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է, նախ՝ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը, որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը (ընդգծումը մերն է)` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»: 

Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյո՞ք դե ֆակտո ունի այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը: 

Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տաս տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն: 

Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, զուտ ձևական չափանիշներով կարող է տալ տեղեկանք առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, սակայն բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:

Ընդ որում, Սահմանադրության նորմերը համարժեք մեկնաբանելու տեսանկյունից կարևոր է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային հստակ իրավական դիրքորոշումները, ըստ որոնց՝ հիմնարար իրավական ակտերը (կոնվենցիա, Հիմնական օրենք և այլն) մեկնաբանելիս, դրանցով ամագրված իրավադրույթների բովանդակությունը համարժեք բացահայտելու նկատառումով հարկ է նկատի ունենալ, որ խոսքը «Կենդանի օրգանիզմի» մասին է, ինչից բխում է, որ այս կամ այն նորմի վերաբերյալ մոտեցումները կարծրացած իրավաընկալումներ չեն, այլ պայմանավորված են տվյալ իրավիճակում վերջինիս բուն բովանդակությունը հնարավորինս ճշգրիտ ու համարժեք բացահայտելու բուն գաղափարով:

Չպետք է անտեսել նաև իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից տվյալ իրավական ակտի՝ Սահմանադրության սկզբունքների անարգել իրացման անհրաժեշտությունը։ Իսկ այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ժողովրդարական բնույթն է, ինչից բխում է, որ  իշխանության լեգիտիմության բացահայտ անկման պարագայում ժողովուրդը պետք է կարողանա ժողովրդաիշխանության կանոններով անարգել իրացնել իրեն պատկանող իշխանությունը և առնվազն գործադիր իշխանության ղեկավարի պարագայում նախապատվությունը տալ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին։

Ելնելով Ձեր պատասխանից, ավելի հստակ իրավիճակ եթե դիտարկվի, ինչպես օրինակ ընդդիմադիր պատգամավորների կողմից Բագրատ Սրբազանի որպես վարչապետի թեկնածուի առաջադրումը, նշվածը սահմանադրական առումով հնարավո՞ր է, թե՞ անթույլատրելի:

Ըստ էության, վերը նշված չափանիշներով Սահմանադրության նորմերը կիրառելու իրավակիրառ պրակտիկա և ընկալում է դրսևորել նաև Ազգային ժողովը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կրճատման առնչությամբ Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան չներկայացնելու առնչությամբ: Ազգային ժողովի պատճառաբանությունն այն էր, որ չպետք է Սահմանադրության նորմերը մեկնաբանելիս, դրսևորել «գերֆորմալիզմ» և անտեսել բուն սահմանդրաիրավական գաղափարը: 

Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի:

Վերն ասվածը համահունչ է նաև միջազգային փորձին, բազում օրինակներ կարելի է բերել, երբ երկրի նախագահ առաջադրվել և ընտրվել անգամ այլ պետության քաղաքացիություն ձեռ բերած և այդ պետությունում բնակվող անձը, սակայն այս հարցադրումներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։

Աղբյուրը՝ NEWS.am