Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է: «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում, հարցին` ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գործունեությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ընդամենը մեկ շաբաթ է Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատում: Բայց կասեմ հետեւյալը` վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ: Քնննարկել ենք եւ’ երկրի առջեւ ծառացած խնդիրները, եւ’ տնտեսության վիճակը, եւ’ իր պատկերացումները, թե ինչ ծրագրեր, նպատակներ ունի` կարճաժամկետ եւ հեռանկարային: Կարող եմ ասել, որ վարչապետի մոտեցումները, այն է` իսկապես նոր սկիզբ դնել, խաղի նոր կանոններ սահմանել, վճռականորեն պայքարել ստվերային տնտեսության դեմ, աջակցել գործարարությանը, հնարավորինս արտոնյալ, առավելագույնը հարմար պայմաններ ստեղծել Հայաստանում ներդրումների համար, նոր արտադրություն հիմնողների համար ձեւավորել բարենպաստ միջավայր, աջակցել փոքրումիջին բիզնեսին, հնարավորինս մեծացնել ներդրումների ծավալը, առավելագույնս աջակցել անապահով բնակչությանը` նրանց բեռը նվազեցնելով/ խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի գների տարբերակված մոտեցումներին/, եւ ընդհանուր բառերով` սա իսկապես նոր սկզիբ է: Այսինքն` այն, ինչ արձանագրված է եւ’ մեր համաձայնագրի մեջ` ՀՀԿ-ի հետ` այդ խնդիրները, նպատակները, եւ’ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը վճռականորեն պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եւ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին: Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:
Լրագրողի հարցին` ինչու են վերջին շրջանում քննարկման թեմա հանդիսանում հատկապես վարչապետի եւ դաշնակցական նախարարների հարաբերությունները, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց.
«Ինչ-որ առումով սա մեր լրատվամիջոցների գործն է` տեսադաշտում գտնել մի բան եւ դրա վրա վերլուծություններ կատարել: Այսօր ես կարդացել եմ վերլուծություններ` իբր Դաշնակցության եւ վարչապետի առճակատման եւ հակասությունների մասին. ամբողջովին «մատից ծծած» վերլուծություն էր, նման բան բացարձակապես չկա: Կառավարության առաջին նիստից, տեսեք, կարող էր նման տպավորություն ստեղծվել, բայց մենք այդ թեմայով խոսել ենք վարչապետի հետ, խոսել ենք բաց, անկեղծ, մինչեւ վերջ, եւ վարչապետը խորապես ափսոսում է, որ նման տպավորություն է եղել: Ընդհակառակը, ինքն ասել է, որ շատ բարձր է գնահատում նույն Արծվիկ Մինասյանին` իբրեւ բանիմաց քաղաքական գործիչ եւ նախարար, եւ շարունակելու է իր հետ աշխատել: Մի խնդիր կա այստեղ, որ եւս կուզեի փարատել բոլոր կասկածները: Վարչապետն ունի իր պատկերացումներն այս կամ այն ճյուղի` եւ կառուցվածքի, եւ անելիքների վերաբերյալ: Եւ իր հորդորն էր, առաջարկությունն էր, որ մենք եւս իրեն այս հարցում աջակցենք, եւ մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Մեզ համար կարեւորը իմ թվարկած խնդիրների դրական լուծումն է, երկրում որակակա փոփոխությունների հասնելը, այն ընթացքում, ՀՅԴ-ն նախարար կունենա, թե չի ունեն, երկու նախարար կունենա, թե՝ 5-ը ՝ գլխավոր հարցը չէ:
Ես վստահեցնում եմ, որ վարչապետն աշխատելու է Արծվիկ Մինասյանի հետ, մեր մյուս նախարարների հետ, եւ այս մասին վերջնական դուք առաջիկա օրերին կիմանաք: Կրկնում եմ, դրված են հստակ խնդիրներ, եւ դա հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից հետո էր, դա բխում է մեր համաձայնագրից, եւ որքան վարչապետը վճռականորեն այդ ուղղություններով առաջ կգնա, այնքան կունենա մեր ամբողջական աջակցությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաեւ էկոնոմիկայի նախարարության վերանվանման առնչությամբ Արծվիկ Մինասյանի առարկություններին եւ հարցին` դա կարո՞ղ է արդյոք ազդել գործընթացի վրա:
«Մենք պիտի սովորենք, որ նախարարներն անհատականություններ են, ոլորտների ղեկավարներ են եւ ազատ պիտի իրենց սկզբունքներն ու տեսակետներն արտահայտեն կառավարության նիստի ժամանակ: Եւ շատ բնական է, որ Արծվիկ Մինասյանն իր սկզբունքային տեսակետներն արտահայտում է: Լավ կլիներ` բոլոր նախարարներն այդպես անեին, կառավարության նիստն այդպես ընթանար: Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլ նաեւ բազմաթիվ ոլորտներում. հիմա դժվար է գնահատել, թե այսքան արագ կատարված կառուցվածքային փոփոխությունները, տարբեր մարմինների ստեղծումը որքան արդյունավետ կլինի, բայց սա եւս վկայում է վարչապետի վճռական մոտեցումների մասին: Այնպես որ, կրկնում եմ, մենք այսօր որեւէ խնդիր չունենք վարչապետի հետ, հիմնական ուղղություններով մեր տեսակետները համընկնում են, եւ այս փուլում մենք աջակցում ենք վարչապետի գործողություններին, այն, ինչ բխում է նաեւ մեր նպատակներից եւ մոտեցումներից: Կգա ժամանակը` արդյունքները կտեսնենք, արդեն կդատենք ըստ արդյունքների: Բայց որ անհրաժեշտ է վստահել եւ ժամանակ տալ, սա եւս ակնհայտ է»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: