կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 12:34
Արցախ

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը․ Անուշավան Դանիելյան

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը․ Անուշավան Դանիելյան

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչեւ Շուշիի ազատագրման տոնը՝ մայիսի 9-ը, 2 ամսից քիչ ժամանակ է մնացել։

Տոն, որ մեր ժաղովրդի, համայն հայության միասնության ու հաղթանակի, ինչպես նաև մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Հաղթանակ, որ ձեռք բերվեց մեր հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Տոն, որը նշելու համար աշխարհասփյուռ մեր հայրենակիցները Կանադաից մինչև Ավստրալիա, Մոսկվայից մինչև Արգենտինա, հատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ հաղթանակի օրը տոնելու ու հաղթանակի հետ հաղորդակցվելու համար։

Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եվ, իսկապես, Շուշին փոխեց հայի հոգեբանությունը լինի դա Արցախում, Հայաստանում թե՛ սփյուռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահություն հաղորդեց մեզ ու միավորեց մեր ժողովրդին ընդհանուր հաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակվող ու սպասվելիք կորուստների, վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պետք է անի մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադավ իշխանություններից օր առաջ ազատվելն է։ Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի ու պատերազմում պարտված նրա թիմի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։ Ժամանակն է վերջապես սթափվելու, համախմբվելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատվությունը չգիտակցող, նվաստացած ու պարտված ազգի խարանը։

Բավական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլյանտի գոյությունը որպես վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկության առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անհայտ այլ ուժերի վրա։ Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախված է մեզնից յուրաքանչյուրից։ Շուշիի ազատագրումը, Արցախյան հաղթանակը կերտեցին այսօրվա ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամավոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարվա մեջ մեր առաջին հաղթանակը, որը համազգային զարթոնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայության համար։ Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը արժանի կլինի իր հայրերի կերտած հաղթանակներին, և ուս-ուսի տված, իր ծնողների, հարազատների հետ դուրս կգա փողոց ու կապահովի մեր բոլորիս հաղթանակը հայրենադավ խունտայի, իշխանությունը զավթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայացքի ներքո, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիությունը»։