կարևոր
1270 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-08 15:17
Հասարակություն

Տարսոնցի հայ կինը․․․

Տարսոնցի հայ կինը․․․

Օրալ Չալըշլար

1990 թ ընտանիքով Համբուրգում էինք։ Իսլամական պատմության մասին ուսումնասիրություն էի կատարում մի հետազոտական ​​հաստատությունում: «Ալի մարգարեն» գիրքս այդ աշխատանքի արդյունքն է: Ինձ հրավիրած հիմնադրամի արխիվը բավականին հարուստ էր։ Գերմանուհին, ով ղեկավարում է արխիվը, մեր զրույցներից մեկի ժամանակ ինձ հարցրեց, թե որտեղից եմ։ «Թուրքիայից եմ»,- ասացի։ Նա կանգ առավ և նորից հարց տվեց՝ «Ո՞ր քաղաքից»: Ի՞նչ նշանակություն ուներ գերմանացու համար, թե Թուրքիայի ո՞ր քաղաքից եմ։ Ասացի՝ Տարսոնից եմ, ժպտաց, ասաց՝ «Ես էլ եմ Տարսոնից»…

Հուզվեցի։ Անմիջապես սկսեցինք զրուցել։ Նա մի ընտանիքից էր, որը 1915 թ․ բռնագաղթի (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ) ժամանակ աքսորվել էր Դեր Զոր և շատ անդամների կորցրել։ Հասկանալի էր, որ շատ տխուր անցյալ է ունեցել։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, տարագրված հայերը վերադարձան Տարսոն, և 1918-1921 թթ․ ֆրանսիական օկուպացիայի տակ կազմավորվեց հայկական վարչակազմ։ Վերադարձողների թվում էր եղել նաև վերոհիշյալ հիմնադրամի արխիվի պատասխանատու կնոջ պապը։ Նրա պապը, ով բժիշկ էր, մինչև իսկ դարձել էր Տարսոնի քաղաքապետ։

Այդ շրջանի մասին իմ տեղեկությունների համաձայն՝ տեղի հայերը ուսումնասիրություններ են կատարել Կիլիկիայի շրջանի, այդ թվում՝ Տարսոնի վերաբերյալ, որպեսզի այն ներկայացնեն ֆրանսիական վարչակազմին։ Նրանք պնդում էին, որ այդ հողերն իրենց են պատկանում։ Թուրքիայի հետ Անկարայի համաձայնագրից հետո ֆրանսիացիները դուրս եկան Չուքուրովայից և շրջանը թողեցին թուրքերին։

Հայերի մեծ մասը ֆրանսիացիների հետ լքեց շրջանը։ Իհարկե, մնացողներ էլ եղան։ Երբ ես երեխա էի, Տարսոնում մի քանի հայեր էին ապրում։ Դրանցից մեկը Հակոբ Գյոչերօղլուի ընտանիքն էր։ Հորեղբայր Հակոբը սկզբում պապիս աշկերտն էր, հետո՝ ենթավարպետը, հետո՝ գործընկերը։ Այսօր Գյոչերօղլուների ընտանիքը Տարսոնում մնացած վերջին հայ գերդաստանն է։ Վերջերս կորցրինք հորեղբայր Հակոբի որդուն՝ Արշակին։ Արշակի որդին՝ Հակոբ Թորուն Գյոչերօղլուն՝ պղնձագործների շուկայի վերջին պղնձագործը, այժմ պայքարում է ավանդույթը, պատմությունը կենդանի պահելու համար։

Տարսոնցի իմ հայրենակցի հետ զրույցի ընթացքում արխիվի պատասխանատու այդ կինն ինձ ասաց, որ մայրն էլ է իր հետ ապրում Համբուրգում։ Պատահաբար այդ ժամանակ իմ մայրն էլ էր Համբուրգում։ Որոշեցինք կազմակերպել տարսոնցի երկու մայրերի հանդիպումը։ Երբ ես մորս հայտնեցի, մայրս ասաց՝ «Իհարկե կհանդիպեմ»: Արխիվի պատասխանատու տարսոնցի կինն էլ իր մորն էր հարցրել։ Սակայն հայ մայրը չէր ցանկացել հանդիպել մեզ հետ։ Նա չէր ընդունել հանդիպման հրավերը։ Ո՞վ գիտի, թե նա ինչեր է ապրել և ինչ ողբերգության է ականատես դարձել։ 1915 թ․ ապրիլի 24-ը իթթիհադական վարչակազմի որոշմամբ հայերի՝ աքսորի տարելիցն է այն հողերից, որտեղ նրանք ապրել են հազարամյակներշարունակ։ Քաղաքական կամ ռազմական ո՞ր հիմնավորումը կարող է արդարացնել ժողովրդի բնաջնջումը իր ծննդավայրից։ Ես չկարողացա ծանոթանալ տարսոնցի այդ հայ մոր հետ։ Անունն էլ չիմացա։ Սակայն սիրով եմ հիշում նրան։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net