կարևոր
4159 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 16:23
Հասարակություն

«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում

«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում

Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա իրավիճակը և հողերի գյուղ առ գյուղ հանձնումը»։ Փերֆորմանսի կազմակերպիչն է «Գոյաբանական ապագա» նախաձեռնող խումբ։

Նախաձեռնող խմբի համակարգող, քանդակագործ  Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Սահման» փերֆորմանսը մշակութային բողոք է, որը քաղաքական ուղղվածություն ունի, այսինքն մշակույթի միջոցով քաղաքական բողոք են ներկայացնում։

«Երկրորդ հերթին, փերֆորմանսն այս վեց տարիների  ամփոփումն է. ասում էինք՝ «Նիկոլը եկավ, հողերը տալու է», այսինքն ցույց է տրվելու, թե ինչպես են մաս-մաս հողերը հանձնում»,-  ներկայացրեց նա։

Ի՞նչ է տեղի ունենալու թատերական հրապարակում։

«Հրապարակում հավաքվածների ներկայութամբ իրար մեջ քառանկյուններ եմ անում, որոնք անընդհատ փոքրացնում եմ, ճկունության, ազատ շարժվելու կենսական տարածքը դառնում է մեկ ոտնաչափ, ամենավերջում՝ թաթերթի վրա ենք կանգնելու։ Սա ուղերձ է, որ մեր կենսական, հոգևոր նշանակության տարածքներ են զիջվում։ Կապ չունի՝ այդ հողը որ վարչական շրջանում է, քարտեզով ում է պատկանում։ Դա մեր հողն է, որի ապացույցը միայն եկեղեցին չէ, նաև մենք ենք, ու մեզնից է կրճատվում այդ ամենը։

Ընդվզման վերջին գիծը՝ սլաքով փոքրից դեպի մեծ քառանկյուն է գնալու,  որպեսզի այդ ամբողջը ճեղքվի ու դուրս գա»,-  մանրամասնեց Ա. Գևորգյանը։

Նա նաև հայտնեց, որ մոտ օրերս սկսելու են «Աթոռի ոտք» երկարաժամկետ նախագիծը։

«Այս երկու նախագծերն իրար հետ կապ ունեն։  Աթոռն ունի 4 ոտք։ Մեկ ոտքի քիչ կրճատվածությունն արդեն անհարամարություն է  ստեղծում նստելուց, իսկ մեկ ոտքի բացակայությունը վտանգ է  ստեղծում։ Այստեղ էլ գլխավոր ուղերձը հետևյալն է. ասում են՝ հող ունենաք, հողի վրա դնեք աթոռը, աթոռի համար կռիվ անեք, դրա համար կռիվ արեք հողի համար։ Բայց այդ ամբողջը ցույց տալու կարիք կա նաև աշխարհին։

Ամեն առավոտ աթոռի ոտքից մի կտոր կտրելու եմ ու հարցնեմ՝ Նիկոլ, այսքանը կտրե՞մ, թե՞ այսքանը։ Կտրելու եմ քիչ-քիչ ու այդպես մինչև աթոռը վերջանա։ 

Այսպես ցույց եմ տալիս, որ սահմանը կրճատվում է,  հողը քչանում է, աթոռի ոտքերն էլ  կամաց-կամաց կտրվում են ու տեղ չկա, որ աթոռը դրվի. կանգնելու տեղ չունես, որ աթոռը դնես ու մի հատ էլ վրան նստես»,- ասաց Արթուր Գևորգյանը։