կարևոր
5584 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 17:54
Քաղաքական

Կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանը

Կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է մշակույթի եւ պատմակն հուշարձանների ոչնչացման հետ կապված Երեւանի եւ Բաքվի փոխադարձ մեղադրանքների մասին հարցինՆրա խոսքով՝ «հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքների պարբերականությունը՝ կապված մշակույթի եւ պատմական հուշարձանների, կրոնական օբյեկտների ոչնչացման հետ, կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա, մեր կողմից պատրաստ են ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ առնչությամբ»:

Ակնհայտ է՝ խոսքը հիմնականում Լեռնային Ղարաբաղի մասին է, որի նկատմամբ վերահսկողությունը Բաքուն վերականգնել է 2020 թ-ին։ Նույն թվականի նոյեմբերին Պուտինի եւ Ալիեւի հերթական հեռախոսազրույցների ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների թեմայով, Ռուսաստանի նախագահը «մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն շրջանների վրա, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանին, տեղակայված են քրիստոնեական վանքեր եւ տաճարներ»: Այդ կապակցությամբ, հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, «նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման եւ բնականոն եկեղեցական կենսագործունեության ապահովման կարեւորությունը, Ադրբեջանի նախագահն ըմբռնում է ցուցաբերել է եւ ասել՝ հենց այդ հունով էլ գործելու է ադրբեջանական կողմը»:

Սակայն հետագայում Բաքվին սկսեցին քննադատել այն գործողությունների համար, որոնք ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս որակեցին որպես Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման փորձ։ Իրենց դերն են խաղացել նաեւ ադրբեջանական կողմի որոշ քայլեր։ Օրերս հայ-ֆրանսիական Monument Watch հարթակը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտների եւ պատմական ժառանգության վիճակի մոնիտորինգով, մեկնաբանել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման եւ վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլիի հայտարարությունը: Վերջինս հայտնել է՝ Լեռնային Ղարաբաղում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել են որպես մարտական դիրքեր, 20 տաճար ավերվել են, որոշ բառեր ու բառակապակցություններ գրվել են հայերեն եւ ռուսերեն տառերով, իսկ որոշ հուշարձաններ հայացվել են: Անդրադարձ է կատարվել նաեւ Շուշիում, Հադրութում, Քարինտակում եւ Մատաղիսում նոր մզկիթների կառուցմանը, որոնք «այդ հողերի ազգային եւ կրոնական պատկանելության ցուցանիշ են»:

«Դարեր շարունակ հայ բնակչություն ունեցող եւ 2020 թ-ի պատերազմի հետեւանքով հայաթափված բնակավայրերում, որտեղ վերջին չորս տարիների ընթացքում միտումնավոր ջնջվել են հայության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի հաստատում է, որ ադրբեջանական կողմը ջնջում է հայության բոլոր հետքերը օկուպացված Արցախում՝ ստեղծելով տարածաշրջանի «նոր» պատմությունն ու իրականությունը», – այս առնչությամբ նշել է Monument Watch-ը:

Ավելի վաղ Ադրբեջանում շռայլ նախաձեռնություններ էին հնչում Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության խնդիրը լուծելու։ Այսպես, 2021 թ-ի փետրվարին ուդիական համայնքը հայտարարություն է տարածել, որում իրեն անվանել է «Ալբանական առաքելական եկեղեցու իրավահաջորդներ», որը «1836 թ-ին վերացվել է, իսկ հայկական գրիգորյան եկեղեցին (Գրիգորյան անվանումն առաջ է եկել Նիկոլայ Առաջինի կողմից 1836 թ-ին հավանության արժանացած Հայ Եկեղեցու Կանոնադրությամբ։Այդ կանոնադրությունը, որ առավել հայտնի է «Պոլոժենիե» անունով, գրծադրվել 1837 թ-ի հունվարի 1-ից։ Առաջին անգամ այստեղ է օգտագործվել «Լուսավորչական Հայոց եկեղեցի» արտահայտությունը (ռուսերենում՝ Գրիգորյան), որն այնուհետեւ շրջանառության մեջ դրվելով՝ համընդհանուր տարածում է գտել, թեեւ հակասել է Հայ եկեղեցու բուն էությանը, ծագմանը եւ ավանդությանը։ Այս փաստաթղթի մեջ է, որ Հակոց Եկեղեցին կոչվում է Григорянская, որը հայերը թարգմանել են Լուսավորչական (Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետեւորդներ) բառով-ԳՄ) փորձել է տիրանալ նրա նյութական եւ հոգեւոր ժառանգության մի մասին»։ «Ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի վերածնունդը եւ ալբանական հուշարձանների վերականգնումը մեծ նշանակություն են տալիս պատմական անարդարության վերացման եւ մեր երկրում հանդուրժողականության մթնոլորտի պահպանման լույսի ներքո ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ քրիստոնեական աշխարհի համար», - ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում, համայնքը նաեւ «պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի Գրիգորյան եկեղեցու հետ եւ միասին ապրել ազատագրված տարածքներում՝ հանուն խաղաղության եւ մարդկության»:

Այս առաջարկը որեւէ շարունակություն չի ստացել։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակույթի եւ պատմության հուշարձանների, կրոնական օբյեկտների ոչնչացման հետ» դարձել են լրատվական դաշտի սովորական առօրյան եւ որեւէ քաղաքական մարմնացում չեն ստացել։ Դժվար է գնահատել, թե Երեւանը, որպես առավել շահագրգիռ կողմ, որքանո՞վ է պատրաստ այդ թեման մտցնել Բաքվի հետ երկկողմ բանակցություններում։ Բայց եթե հանկարծ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեին Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պահպանման հարցը դարձնել խաղաղության պայմանագրի կետերից մեկը, ինչպիսի՞ն կարող էր լինել Մոսկվայի մասնակցությունը։ Որպես տարբերակ, Ռուսաստանին կարելի էր առաջարկել դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանը 1994 թ-ի հորդանանա-իսրայելական պայմանագրի օրինակով, որտեղ 9-րդ հոդվածում ասվում է «Իսրայելը հաշվի կառնի Հորդանանի Հաշիմյան Թագավորության հատուկ դերը Երուսաղեմում մահմեդական սրբավայրերի պահպանման գործում»: Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության նկատմամբ նման մոդելի ստեղծման շահագրգռվածությունը Երեւանի եւ Բաքվի մոտ է։

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի