Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքում «Օփել» մակնիշի մեքենայով «Հեղափոխության պահապան» է շրջում, պահանջում, որի իրեն դիմեն «Առաջնորդ», ճամփան չզիջողների թևն ու գլուխը կոտրում․ անհավանական թվացող այս պատկերը մարտաֆիլմի սկզբում կարող էր այսպիսի խորագիր կրել․ «Հայաստան․ մեր օրեր»։
Աշտարակի խճուղում, դեպի Երևան ուղևորվելիս, մի երիտասարդ՝ Գոռ Բաղդասարյանը, ընկերոջ հետ, համարձակվում է 10 վայրկյան ուշացումով զիջել ճանապարհը հայտնի «Օփելին»։ Այլընտրանք չուներ, աջից կցորդիչով բեռնատար էր գնում և պետք էր սպասել։ «Օփելը» ազդանշաններ տալով չի բավարարվում, գալիս, հասնում է աջ երթևեկելի գոտի տեղափոխված Գոռի մեքենային, իջեցնում պատուհանն ու սկսում հայհոյել։ Հետո իրեն հետևող 4-5 մեքենայի շքախումբը կանգնեցնում է, միջից իջնում է ինքնավստահ «պահապանը», Գոռ Բաղդասարյանին ու ընկերոջը իջեցնում մեքենայից ու սկսում հոխորտալ՝ «չգիտե՞ս ես ով եմ» ու՝ հայհոյանքներ։ Հարցնում են՝ ո՞վ ես, պատասխանում է՝ «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից ու վարչապետի հովանավորյալը, ինչպե՞ս կարող են իրեն չճանաչել։ Շքախմբի մեքենաներից էլ մարդիկ են իջնում, սպառնում Գոռին ու ընկերոջը ու սկսում ծեծել։ Ամեն հակահարվածը ընդունում են իբրև վիրավորանք․ «Ո՞նց, Առաջնորդի՞ն եք խփում» գոչելով։
Այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց Գոռ Բաղդասարյանի ու ընկերոջ՝ Վահե Նազարյանի շահերի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։
«Այդ ժամանակ 10-15 հոգով ծեծի են ենթարկել իմ վստահորդներին, արդյունքում Գոռ Բաղդասարյանի ձեռքն է կոտրվել, իսկ Վահե Նազարյանի մարմինն ամբողջությամբ կապտուկներով է պատված»,-վկայեց նա։
Աղմուկի վրա հավաքվածները Գոռին ու ընկերոջն ասել են, որ «Հեղափոխության պահապանի» ավտոշարասյան մեջ տեսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին։ Փաստաբանն ասաց, որ շարունակում են պնդել իրենց տեսակետը, որ մեքենայի մեջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել, բայց առայժմ որևէ անուն կամ փաստ չեն ներկայացնի, որ քաղաքական ենթատեսքտ չհաղորդվի։
Ծեծից հետո, նրա խոսքով, «պահապանը» իր հեռախոսահամարն է փոխանցել Գոռին ու ընկերոջը, որ զանգեն, հանդիպեն, պարզաբանեն ամեն ինչ։
Փաստաբանն ասաց, իր վստահորդները երկուսն էլ մարզիկներ են, պատվախնդիր հպարտ քաղաքացիներ, գնացել են տուն, կապել վերքերն ու զանգել «Հեղափոխության պահապանին»։ Հայկ Ստեփանյանն էլ զարմացել է․ «Ո՞նց, արա, դուք հլա չջոգի՞ք մենք ով ենք»։ Պայմանավորվել են Երևանի Տիչինայի փողոցում։ Հայկ Ստեփանյանը եկել է, իջել մեքենայից ու սկսել հայհոյել։ Գոռն ու ընկերը սկսել են հարվածել։ Փաստաբանն ասաց՝ այդ ընթացքում այլ մարդիկ էլ են հավաքվել ու միացել կռվին, բայց 40 հոգով ծեծելը, նրա խոսքով, աբսուրդ է, որովհետև եթե այդպես լիներ, Հայկ Ստեփանյանը ի վիճակի չէր լինի նստել մեքենան ու հեռանալ։
Այս պատմությունից լայն հանրությանը հայտնի է դառնում միայն վերջին հատվածը՝ shamshyan.com-ի հաղորդմամբ․ «Հունիսի 21-ին, ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել է որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ»։ Այսքանը։ Նախորդող դեպքերի մասին՝ ոչինչ։
Մեկ էլ «Հեղափոխության պահապանի» ֆեյսբուքյան գրառումները, որոնցով, չգիտես ինչու, շահարկում է Նիկոլ Փաշինյանի անունը․ «Ինձ ծեծի ենթարկելու ընթացքում Վարչապետին հայհոյելը, ինձ հասած տեղեկություններով, նախկին ռեժիմի սպասավորների ծեծի վայրում հայտնվելու հանգամանքը, վերը նշված պայմանները ինձ թույլ են տալիս համոզվածություն հայտնել, որ սա եղել է հարձակում իմ անձի վրա, իմ քաղաքական հայացքների, իմ ծավալած գործունեության, ինչպես նաև դեպքին նախորդող 2֊3 ժամ առաջ արված հայտարարությունների պատճառով։ Եւ ուղիղ եմ ասում սա նախկին ռեժիմի, քրեա֊օլիգարխիկ կլանի պատվերն է։ Եւ սա առաջին անգամը չէ, որ ինձ վրա փորձում են ճնշում գործադրել և լռեցնել։ Սակայն ինչպես ասել եմ նախկինում, այդպես էլ կրկնում եմ, որ Ինձ չի հաջողվի լռեցնել։ Ես շարունակելու եմ իմ պայքարը Հանուն Հայաստանի Հանրապետության, Հանուն Հայ Ժողովրդի և Հանուն 2018 թվականի "Թավշյա Հեղափոխությամբ" ձեռք բերված ազատության և արժեքների։ Շարունակելու եմ, որպես վկա ցուցմունքներ տալ 2008 թվականի "Մարտի 1֊ի" սոսկալի գործով, որտեղ սպանվել էր ընկերս։ Բոլոր հանցագործները պետք է պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն»։
Գոռ Բաղդասարյանի ու Վահե Նազարյանի համար այս շահարկումն անակնկալ է․ փաստաբանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք, իրականում, երբևէ չէր կարող լինել, քանի որ Գոռն ու Վահեն ակտիվ մասնակցել են 2018 թ-ի ապրիլի համաժողովրդական շարժմանը, բոլոր լուսանկարները կան։
«Մինչև միջադեպը, առհասարակ, Հայկ Ստեփանյանին չեն ճանաչել, նրա հետ որևէ շփում չեն ունեցել։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի անունը այստեղ շահարկելով նա, միանշանակ, ուզում է գործին քաղաքական ենթատեքստ տալ, մենք էլ չենք ուզում կենցաղային հողի շուրջ առաջացած միջադեպը նման կերպ ներկայացվի։ Այստեղ քաղաքական ենթատեքստը բացառվում է, ի՞նչ կապ ունի քաղաքական ենթատեքստը, երբ որ Աշտարակի ճանապարհին մեքենային չզիջելու համար վիճաբանություն է առաջացել մարդկանց միջև»,-ասաց Գոռի ու Վահեի շահերի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։
Պաշտպանը հիշեցրեց համացանցում տարածված այն տեսանյութի մասին, որում «Հեղափոխության պահապանները» ստորացնում են քաղաքացուն՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին ոչ ճիշտ արտահայտվելու համար։
«Եթե իրենք հասկանում են, որ դրա կապակցությամբ մնացել են անպատիժ, թեկուզ պրն․ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այդ մարդիկ իրենց հետ կապ չունեն, բայց ես գտնում եմ, որ և՛ մեր քաղաքացիների անվտանգությունը, և՛ հեղափոխությունը, և՛ հեղափոխական արժեքները պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետությունը ունի ներուժ՝ Ոստիկանություն և քննչական մարմիններ, որոնք կարող են վերահսկել իրավիճակը երկրում։ Այստեղ չի կարող առանձին խմբերի անհրաժեշտություն լինել, ովքեր պետք է մարդկանց դաս տան»,-ասաց պաշտպանը։
Գոռ Բաղդասարյանի մասին ասում է՝ սովորական հայ տղա է, երկար ժամանակ զբաղվել է տարբեր մարզաձևերով, երբևէ դատապարտված չի եղել, որևէ կուսակցության չի հարել, ներկայում էլ որևէ կուսակցության անդամ չէ։ Մինդեռ Հայկ Ստեփանյանն իրեն պահել է հանդուգն, ամբարտավան, նրա գործողություններն էլ եղել են հակաօրինական ու հակաբարոյական։
Փաստորեն, մեր երկրում Նիկոլ Փաշինյանից զատ այլ «Առաջնորդ» է հայտնվել, հիմնադրել է իրենց օրենքից վեր դասող «ֆաշո» խմբեր, որոնք շրջում են քաղաքում ու որոնց դեմը ոչ մեկը չի առնում անգամ ակնհայտ օրինախախտումների համար։ Նրանք էլ անում են հաջորդ քայլը՝ պահանջում են, որ նույնիսկ կենցաղային հարցերում բոլորն ընդունեն իրենց գերազանցությունը։ Սա, ըստ էության, ադեկվատ արձագանք է անպատժելիությանը։
Աննա Բալյան