Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Մանրամասներ ճշտելու նպատակով Yerkir.am-ը զրուցեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընդգրկված չէ՝ անձանց ազատելու կամ տեղափոխելու հետ կապված որևէ բանակցությունում, այդ հարցերն այլ տիրույթում են, մեր կազմակերպությունը չի բանակցում անձանց ազատ արձակման հարցով, դա մեր մանդատից դուրս թեմա է։ Մեր առաքելությունը, բացառապես, մարդասիրական է»,-ասաց Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչը հետևում է անձանց առողջական վիճակին, յուրաքանչյուր հերթական տեսակցությունների շրջանակում գնահատվում է նրանց առողջական վիճակը։
«Ունենում ենք առանձնազրույցներ անձանց հետ, հնարավորություն ենք տալիս կապվել հարազատների հետ, իրենց պահման պայմաններն ենք ստուգում և բոլոր տեսակի նկատառումներով կիսվում ենք, քննարկում ենք դրանք, իսկ բովանդակային առումով որևէ տեղեկություն չենք կարող փոխանցել հանրությանը, որովհետև դա կոնֆիդենցիալ երկխոսության շրաջանակում է միայն գտնվում։ Ապրիլին ունեցել ենք հերթական տեսակցություն բոլոր անձանց, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի հետ և, բնականաբար, մեր աշխատանքները կենտրոնացած են այդ անձանց տեսակցման շրջանակներում»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե հացադուլ հայտարարելուց հետո, հաջողվե՞լ է Կարմիր խաչի ներկայացուցիչներին կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի հետ, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող այդ թեմայով ավելին ծավալվել․ «Անձանց հետ կապված բոլոր հարցերը մեր ուշադրության ներքո են, բայց հանրության հետ չենք քննարկում դրանք առհասարակ»,-ասաց Զառա Ամատունին։
Հերմինե Զեյնալյան