Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ընթանում է աշխարհի քաղաքական և տնտեսական քարտեզների վերաձևում։ Նախևառաջ տեղի է ունենում քաղաքական ուժային կենտրոնների հստակեցման գործընթաց, վերադասավորումներ են իրականացվում վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված կոմունիկացիոն ենթակառուցվածքներում, ինչպես նաև լրջագույն փոփոխություններ են կատարվում սոցիալ-հասարակական և անհատական մակարդակում՝ պայմանավորված տեխնոլոգիական հեղափոխությամբ։
Գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխմանն ուղղված քայլերը բնականաբար բախումների ու հակամարտությունների պատճառ պետք է դառնային։ Տարածաշրջանային պատերազմները, լոկալ բախումներն այլևս դուրս են գալիս տարածաշրջանային նշանակության տիրույթից և անմիջականորեն առնչվում են համակարգային փոփոխություններին։ Ռեսուրսների, կոմունիկացիաների, ազդեցության գոտիների նկատմամբ վերահսկողության հասնելու համար պայքարը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ ապագայի նկատմամբ անորոշության աճով, միգրացիոն մեծ հոսքերով և այլն։
Ազդեցության գոտիների վերաբաժանումն ընթանում է փուլային տարբերակով․ դրանցից մեկը մեր տարածաշրջանում Հայաստանի՝ որպես քաղաքական սուբյեկտի դերի վերացումն էր թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերով։ Դրա տրամաբանական շարունակությունը պետք է դառնային ռուսական ազդեցության նվազեցմանն ուղղված զարգացումներն՝ արդեն արևմտյան ուղղությամբ։ 2022 թվականի փետրվարի 24-ից Արևմուտք-Ռուսաստան անմիջական առճակատումը ռազմական դրսևորում ստացավ։ Դրան զուգահեռ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին համաշխարհային տնտեսական, քաղաքական համակարգից՝ ընդլայնելով իր ազդեցությունը հետխորհրդային մի շարք տարածքներում։
21-րդ դարի աշխարհաքաղաքական էպիկենտրոններից է համարվում Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ բնակվում է մոլորակի բնակչության մոտ 60 տոկոսը, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Այդտեղով են անցնում հիմնական ծովային ուղիները, իսկ միայն Մալակկայի նեղուցով իրականացվում է ծովային առևտրի տարանցման 25 տոկոսը ։
Գոյություն ունեցող համակարգի փոփոխության համար նախադրյալներ է ստեղծում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածությունը։ Վերջինիս համար հիմնական մարտահրավերներից է Չինաստանի տնտեսական հզորությանը հակազդելն ու աշխարհում առաջատար դիրքի պահպանումը։ Այդ նպատակով Միացյալ Նահանգներն ավելի ակտիվորեն է ներգրավվում տարածաշրջանում՝ ստեղծելով դաշինքներ և գործընկերություններ, նախաձեռնում է տնտեսական աջակցության ծրագրեր: Այդ մոտեցումներն ամրագրված են 2022 թ․ հոկտեմբերին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ Չինաստանը ներկայացված է որպես «միակ մրցակիցը՝ միջազգային կարգը փոխելու մտադրությամբ և այդ նպատակին հասնելու համար տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հզորության աճով» : Չինաստանն իր հերթին ավելի մեծ դերակատարություն ստանձնելու ցանկություն է դրսևորում և առաջ է քաշում անվտանգության ճարտարապետության իր հայեցակարգը։
Աշխարհաքաղաքական մակարդակում դերակատար լինելու հայտ են ներկայացնում Թուրքիան և Հնդկաստանը․ Թուրքիան գերտերություն դառնալու ծրագիրը ձգտում է իրականացնել «թուրանական աշխարհի» միջոցով, իսկ Հնդկաստանը կարծես թե չի հրաժարվում «Akhand Bharat»՝ մեծ կամ անբաժան Հնդկաստան ունենալու ձգտումից (այն երկար տարիներ քննարկվել է հնդիկ ազգայնականների կողմից)։
Գաղափարի հիմքում բոլոր այն տարածքների միավորումն է, որոնք եղել են նախքան բրիտանական գաղութացումը։ Այդ իմաստով խորհրդանշական էր Հնդկաստանի կառավարության կողմից անցած տարվա G20-ի գագաթնաժողովի նյութերում Հնդկաստանից բացի՝ Բհարատ անվան օգտագործումը։ Նշենք, որ երկրի անվանափոխության հարցը նոր չէ, սակայն ուշագրավ է այն, որ Հնդկաստանի խորհրդարանի նոր շենքում կախված է մեծ Հնդկաստանի քարտեզը, որը ներառում է Աֆղանստանի մի մասը, ամբողջ Պակիստանը, Նեպալը, Բանգլադեշը, Շրի Լանկան և Մյանմարը: Հարևան պետությունների պաշտոնական բողոքին ի պատասխան՝ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ քարտեզը ցույց է տալիս պատմական կայսրությունները և թերակղզում ոչ թե քաղաքական, այլ մշակութային միասնությունը : Հնդկաստանի կշռի մեծացմանը զուգահեռ ուժային կենտրոնները փորձում են վերջինիս ներգրավել իրենց «ճամբարում»։ Արևմուտքը ձգտում է նաև օգտագործել Հնդկաստանի ներուժը Պեկինին և Մոսկվային հավասարակշռելու համար։ Մասնավորապես փորձ է արվում նվազեցնել չինական մատակարարումներից կախվածությունը, և այդ հարցում առաջացող «խոռոչը» լցնելու համար կարևորում են Հնդկաստանի դերը։
Միջազգային խաղացողների համար առաջնահերթ է դառնում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու նոր դաշնակիցների ձեռքբերումը։ Ուկրաինական ճակատի նկատմամբ «հետաքրքրությունը» մասամբ թուլացավ, երբ թեժացավ իրավիճակը Մերձավոր Արևելքում։ 2023 թ․ հոկտեմբերի 7-ից ռազմական բախումներ սկսվեցին Իսրայելի և Գազայի միջև։ Ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ քաղաքական խաղի մեջ մտավ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը՝ հայտարարելով, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ այդ երկրի հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով, քանի դեռ չեն դադարեցվել ռազմական գործողությունները Պաղեստինի տարածքում: Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերից հութիները հարձակումներ են գործում Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։ Դրան ի պատասխան՝ այս տարվա հունվարի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում գտնվող ապստամբների ռազմական օբյեկտներին։ Հունվարի վերջին Մոսկվայում կայացավ հութիների պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, իսկ փետրվարի վերջին Բոգդանովը հայտնեց, որ ռուսական պատվիրակությունն այցելել է Եմեն, և Մոսկվան կապի մեջ է Եմենի հակամարտության բոլոր կողմերի հետ։ Մարտի 17-ին շարժման քաղբյուրոյի անդամ Ալի ալ Քահումը X սոցհարթակի իր էջում գրեց, որ համագործակցում են Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև BRICS երկրների հետ Արևմուտքի դեմ պայքարում՝ ոչնչացնելու համար միաբևեռ աշխարհի գաղափարը: Փաստացի այս զարգացումների արդյունքում ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը հեռացավ Ռուսաստանի սահմաններից։
Արևմուտքն իր հերթին է քայլեր ձեռնարկում դաշնակիցներ ձեռք բերելու և համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ։ Այդ իմաստով Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Արևմուտքի համար առավել կենսական էր դարձել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Թեև ԽՍՀՄ փլուզումից հետո Ֆինլանդիան և Շվեդիան 1995 թ. անդամագրվեցին Եվրամիությանը, սակայն մինչ այս պահը շարունակում էին ռազմական չեզոքություն պահպանել։ Այսպես՝ Շվեդիան ավելի քան 200 տարի որևէ ռազմական դաշինքի մաս չէր կազմել, անգամ Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում չեզոք էր մնացել: Մարտի 7-ին Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ երկիրը, երբ Վաշինգտոնում ԱՄՆ կառավարությանը հանձնեց Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու իր փաստաթուղթը։ Արդեն մարտի 11-ին երկրի դրոշն առաջին անգամ բարձրացվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռազմական դաշինքին երկրի անդամակցության պաշտոնական արարողության ժամանակ:
Ֆինլանդիան, որը մինչև 1944 թ. սեպտեմբերը կռվել էր նացիստական Գերմանիայի կողմից, պատերազմի ավարտից հետո լավ հարաբերություններ էր պահպանում Խորհրդային Միության հետ և ռազմական դաշինքների մեջ չէր ընդգրկվել։ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիան միացել է անցած տարվա ապրիլի 4-ին, որի հետևանքով Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ընդհանուր սահմանը կրկնապատկվել է՝ հասնելով 2600 կմ-ի։ Նշենք, որ Ֆինլանդիայի և Ռուսաստանի պետական սահմանը 1300 կմ է․ հյուսիսում Բարենցի ծովից մինչև հարավում Ֆիննական ծոցը հիմնականում անտառներ են, մեծ բնակավայրեր գրեթե չկան, իսկ սահմանային գիծը հիմնականում ամրացված չէ ։ Ստրատեգիական և դիրքային բարելավումներից բացի՝ (Շվեդիայի օդային տարածքը կարող է օգտագործվել, օրինակ, դեպի մերձբալթյան երկրներ զորքեր կամ բեռներ ուղարկելու համար) սկանդինավյան երկու զարգացած երկրների մուտքը քաղաքական և ռազմավարական առումով երկակի նշանակություն է ստանում․ մի կողմից՝ այն հարված էր Ռուսաստանին, մյուս կողմից՝ նվազեցնում է դաշինքի մանևրելու հնարավորությունը, քանի որ Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական բախման պարագայում ռազմական չեզոքություն պահպանող պետությունների թիվը նվազում է։ Ի դեպ, 2024 թ․ հունվար-մայիս ամիսներին անցկացվում են ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 2024» զորավարժությունները, որին մասնակցում է 90 հազար զինվորական։ Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային ծովում անցկացվող զորավարժությունները համարվում են ամենախոշորը Սառը պատերազմի ավարտից հետո։ Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ իմիտացնելու են Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա Օկասուս անունով հորինված թշնամու կողմից (որը շատ նման է Ռուսաստանին) ենթադրյալ հարձակումից հետո : Այն ՆԱՏՕ-ի առաջին խոշոր զորավարժությունն է, որին Շվեդիան և Ֆինլանդիան մասնակցում են որպես ռազմական դաշինքի լիիրավ անդամներ։ Ակնհայտ է, որ զորավարժությունները կոչված են զսպելու Մոսկվային։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն վերջերս կարծիք էր հայտնել, որ դաշինքի երկրները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ ևս մի քանի տարվա լարված հարաբերությունների։
ՆԱՏՕ-ն իր ներկայությունն ընդլայնում է նաև արևելյան թևում։ Ռումինիայի իշխանությունները 2,5 միլիարդ եվրո են հատկացրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազայի կառուցման համար, որը Մոլդովայի սահմանից 300 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բազան կառուցվում է Կոնստանտա կոմսությունում գտնվող «Միխայիլ Կոգալնիչանու» կայազորային բազայի հիմքի վրա։
Գործող ռազմական օբյեկտի տարածքը կավելացվի 2․3 հազար հեկտարով՝ հասնելով 2․8 հազար հեկտարի, բազայի ընդհանուր պարագիծը կկազմի 30 կմ։ Հին ռազմաբազան կարող է տեղավորել մոտ 3 հազար զինվորական, իսկ նորը նախատեսված է մինչև 10 հազար զինվորականի և նրանց ընտանիքների համար։ Բազայի ընդլայնման ու արդիականացման առաջին փուլը նախատեսվում է ավարտել 5 տարում։
Քիշնևի մոտ նույնպես նախատեսվում է նոր ռազմական բազա կառուցել, մասնավորապես 26 հեկտար տարածքի վրա զրոյից ստեղծվելու են ենթակառուցվածքներ, ինչը թույլ կտա ԵՄ և ՆԱՏՕ-ի ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկայով զորամաս տեղակայել։ Ըստ մոլդովական մամուլի՝ այդ նպատակների համար հատկացվել է 6,7 մլն դոլար։
Ամփոփելով՝ նշենք, որ աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցող զարգացումները փոխկապակցված են և փոխպայմանավորված։ Ներկայիս քաղաքական, տնտեսական, ռազմական, անգամ տեխնոլոգիական, կրթական գործընթացներն ընկած են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ճարտարապետության փոխակերպման հիմքում։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի աշխարհի քաղաքական, տնտեսական, գաղափարական պատկերը վերաձևումից հետո, սակայն ակնհայտ է, որ «հնից» «նորի» անցումը դեռ երկար կտևի։ Քանի դեռ օջախային, լոկալ բախումները, հակամարտությունները ծառայում են գլոբալ նպատակին, այն է՝ քաղաքատնտեսական քարտեզի վերաձևմանը, ռեսուրսների վերաբաժանմանը, ուժային կենտրոնների հստակեցմանը, Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը հետաձգվում, սակայն չի վերանում։
Լուսինե Մխիթարյան