Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի, եվրոպական դիվանագիտության ղեկավարի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԱՄՆ USAID ղեկավարի հանդիպումը: Եթե խոսենք այս գագաթնաժողովի կոնկրետ նյութական արդյունքների մասին, ապա դրանք տպավորիչ չեն թվում։ Երեւանին խոստացել են համեստ ֆինանսավորում՝ 270 մլն եվրո Եվրամիությունից եւ 65 մլն դոլար ԱՄՆ - ից։ Սակայն համատեղ ամփոփիչ հայտարարության տեքստում նշված են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մտադրությունները «Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության միջոցով կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագա պահպանել Հանրապետության եւ տարածաշրջանի համար՝ նրա կայունության ամրապնդման նպատակով, այդ թվում այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը եւ մարդասիրական օգնությունը»: Սրանք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության կուրսը վերահսկելու արեւմտյան քաղաքականության ուրվագծերն են։ Այս փուլում Արեւմուտքը Երեւանի նկատմամբ իրականացնում է նվազագույն ծրագիր, որպեսզի նրան ամրագրի տարածաշրջանում «արեւմտյան տիպի ժողովրդավրության դրոշակակրի» դիրքը։ Ծրագրի առավելագույն իմաստն է՝ հաջորդ փուլում արդեն նման գաղափարական պատյանով հանդես գալ նրա անվտանգության երաշխավորի դերում՝ ավելի ակտիվ ռազմատեխնիկական համագործակցության անցումով։ Պատահական չէ, որ Բրյուսելում Բլինկենը նշել է «Հայաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա թեեւ Հայաստանը վերակողմնորոշվել է դեպի արեւմուտք, այն դեռեւս չի անցել, այսպես կոչված, «կարմիր գծերը», քանի որ չունի ԵՄ անդամակցության ինստիտուցիոնալ ձեւակերպման իրական հեռանկարներ։ Այսինքն՝ Ռուսաստանին կփորձեն դուրս մղել Հայաստանում, բայց նրան դուրս մղել այնտեղից դեռ հնարավոր չէ։ Պարզապես իրականում տեղի է ունենում Անդրկովկասում եւս մեկ, բայց արեւմտյան արտատարածաշրջանային «ուժի կենտրոնի» ի հայտ գալու գործընթաց, ինչը, ըստ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության, «ճանապարհ է բացում Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության գոտու վերածելու, այլ ոչ թե խաղաղությանը ծառայելու համար»: Թուրքիան պատահական չէ, որ դեմ էչ հանդես եկել նաեւ Բրյուսելի գագաթաժողովին, սակայն «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակով իրադարձությունների նման ընթացքը որոշակի պատճառներով Բաքվին, Մոսկվային եւ Անկարային կանգնեցնել չի հաջողվում, թեեւ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Հայաստանի հետ սահման չունեն։ Այնուամենայնիվ, եթե տեսականորեն տրամաբանենք, ապա հնարավոր է Հայաստանը Եվրոպայով եւ ԱՄՆ-ով տանում են դեպի Թուրքիայի հետ դաշինք՝ շրջանցելով Բաքուն։
Փորձագետները դեռ պետք է գնահատեն Հայաստանի «բրյուսելյան շրջադարձի» հետեւանքները։ Շատ բան, իհարկե, կկողմնորոշվի կարճաժամկետ ժամանակահատվածում, ինչը կապված է Ադրբեջանի հնարավոր գործողությունների եւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լարվածության համատեքստում որեւէ նոր ֆորսմաժորային գործոն առաջացնելու նրա ցանկության կամ դժկամության հետ։
Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունների ինչպես հակառուսական, այնպես էլ արեւմտամետ ներուժը դեռ վերելքի վրա է եւ ի հայտ է գալիս «հնարավորությունների բացը»։ Բայց Արեւմուտքը կանգնեց Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ աջակցելով նրա երկրի ռազմավարական կողմնորոշման փոփոխությանը։ Խոսքը ոչ միայն հակառուսական դիրքորոշման մասին է, այլ նաեւ այն մասին, որ օղակ է հայտնվում Իրանի շուրջ՝ ի դեմս ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի։ Հենց այդ մասին է Մոսկվան զգուշացնում Երեւանին՝ մատնանշելով «անվտանգության վակուումի առաջացումը, տնտեսության լուրջ խնդիրները եւ բնակչության արտահոսքը»։
Իսկ առայժմ առջեւում երկարատեւ ապակայունացումն ու ռազմական գործողությունների մեծ հավանականությունն է։ Արեւմուտքն այստեղ բազմաթիվ պատճառներ ունի, այդ թվում՝ Մոսկվային ուկրաինական ճակատից մասամբ շեղելու, ստիպելու նրան մանեւրելու եւ դժվար որոշումներ կայացնելու, որոնք խաթարում են նրա տարածաշրջանային ստատուս քվոն: Եթե ԵՄ - ին եւ ԱՄՆ-ին, այնուամենայնիվ, հաջողվի Հայաստանի օգնությամբ խաղարկել նման «պարտիա», ապա նրանց համար դա լավ արդյունք կլինի։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի