կարևոր
6712 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 12:02
Հասարակություն

Ինչո՞ւ է Արևմուտքն ատամներով պաշտպանում ստալինյան սահմանները

Ինչո՞ւ է Արևմուտքն ատամներով պաշտպանում ստալինյան սահմանները

Խորը մտորելու տեղիք տվող հարցերի շարան...

Փետրվարի 17-ին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի: Պարզ է՝ Չարենցին այցելելով՝ նրանք դատապարտել են Ստալինյան բռնապետությունը՝ Պուտինին ևս համարելով այդ ընթացքի շարունակող:

Հետաքրքրիր է՝ եթե Արմուտքն էդքան նեղված է ստալինյան բռնապետությունից, Ստալինից ու ԽՍՀՄ-ից, ապա որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ էդ Արևմտյան երկրներն ինչու՞ են ատամներով պաշտպանում ՀՀ-ի այն սահմանները, որոնք գծել է այդ նույն բռնապետ Ստալինը:

ԽՍՀՄ այն սահմանները, որի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է Ադրբեջանի կազմում, Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանի խնամակալությանը, դա սովետի, բոլշևիզմի, Լենինի ու Ստալինի արածն է: Եթե Լենինն ու Ստալինը էդքան վատն են, բռնապետ են, էդքան մարդկանց են կոտորել, ապա ինչու՞ են Արևմուտքի սույնն պարոնները կուրծք ծեծում, որ հանկարծ Ղարաբաղը Ադրբեջանից չգա և միանա Հայաստանին:

Ինչու՞ «ատելով» ու «չընդունելով» Լենին-Ստալինին, Արևմուտքի նշյալ պարոնները չեն պաշտպանում ԼՂՀ-Շահումյանի միավորմամբ միանգամայն նոր սահմաններով, արդար սահմաններով, Լենին-Ստալինին մերժող սահմաններով Հայաստանին ու հանուն սեփական ազատության, արդարության վերականգնման պայքար մղած հայ ժողովրդին:

Զարամանլի չէ՞, որ Արևմուտքը մոլեգին ձևով պաշտպանում է էդ նույն զույգի գծած և խորհրդային շրջանում երբևէ չճանաչված «սահմանները», որոնք իրականում եղել են խորհրդային կոլխոզ-սովխոզներն իրարից բաժանող սահմաններ:

Էստեղ կասեք՝ իրենք պաշտպանում են այն, ինչ ներկայումս ընդունում է ՀՀ իշխանությունը: Լու՞րջ: Իսկ քանի՞ դեպք ասեմ, որ իրենք ոչ թե պաշտպանել, այլ, հակառակը, դաժան կերպով պատժել են այն իշխանություններին, որոնց ուղին ու քաղաքական դավանանքը չեն ընդունել:

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանի նեոբոլշիկյան խունտան չի պատժվում Արևմուտքի կողմից: Ինչո՞ւ են էդ մարդիկ էդքան ոգևորված Ստալինով, Լենինով, որ վերջիններիս ժառանգություն-սահմանները պաշտպանում են այնպես, որ անգամ Պուտինը կնախանձեր:

Ինչու՞ մինչև հիմա մեր հասարակության, քաղաքական իսթեբլիշմենտի, էլիտայի մոտ չի կարծրացել այն գաղափարը, որ ով պաշտպանի խորհրդային «սահմաններն» ու վարչատարածքային բաժանաումը, ով հայտարարի՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է (քանի որ սովետի ժամանակ իրենցն է եղել), ապա էդ ասողին խայտառակեին, ասեին՝ սա ստալինիստ է, սա բոլշևիկ է, սա Աթարբեկով ու Ավիս Նուրիջանյան է...

Ինչու՞ այդ հողի վրա մնացինք այն նույն սովետական-ծայրագավառական խեղճության մեջ, և արդյունքում՝ մի իջևանցի Գավառական ճարպիկ - դավաճան - նեոբոլշիկ վերականգնեց այն բոլոր խայտառակությունները, որոնք մեր գլխին արել էին Լենին-Ստալինն ու նրանց հայ դրածոները:

Ինչու՞ այնպիսի մթնոլորտ չստեղծեցինք, որ հենց Ալիևը կամ Փաշինյանը մի տեղ Եվրոպայում կամ այլուր խոսեին, մարդիկ հարձակվեին ու ասեին՝ սա ստալինիստ է, սա բոլշիկ է, սա Լենինի ժառանգորդն է, սրանց ու՞ր եք բերել առաջին պլան:

Ալիևը ո՞նց ստեղծեց այն մթնոլորտը, որ Ղարաբաղը պետք է վերցնեմ, քանի որ դա սովետի ժամանակ իմն է եղել: Ո՞նց ընդունեց ու կուտը կերավ Արմուտքը: Հարցեր են, չէ՞:

Ինչու՞ չշահարկեցինք, չօգտագործեցինք այն պահը, երբ

- 2014-ին Պուտինը մտավ Ղրիմ և ուղղակի-անուղղակի ասաց՝ Խրուշչովն է տվել, մեր տարածքն է եղել, և ինչու՞ պետք է սովետի ժամանակ փոխանցված տարածքը չվերադառնա իր օրինական տիրոջը,

- 2022-ին Պուտինը մտավ Ուկրաինա՝ անուղղակի - ուղղակի հայտարարվեց նույնը. Ուկրաինան սովետական կազմավորում-ժառանգություն է, և պետք է վերագծել լենինյան սահմանները:

Հետաքրքիր է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում կամ, Ադրբեջան արհեստածին հասկացությունն ընդհանրապես ու՞մ նախագիծ-ժառանգությունն էր, հետաքրքրիր է....

 

 Վահե Սարգսյան

Yerkir.am կայքի խմբագիր