կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 21:34
Քաղաքական

Իշխան Սաղաթելյան.«Ում ուզում են՝ ազատությունից զրկում են, ինչ ուզում անում են, «բեսպրեդել» է».Թերթ.am

Իշխան Սաղաթելյան.«Ում ուզում են՝ ազատությունից զրկում են, ինչ ուզում անում են, «բեսպրեդել» է».Թերթ.am

Միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, և ով հակառակը կպնդի, նա կա՛մ պարզապես կույր է, կա՛մ չի ուզում տեսնել իրականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս ամեն ինչն արվում է գործադիր իշխանության կողմից դատական իշխանությունը նվաճելու, քաղաքական ամբողջական մենիշխանություն հաստատելու շրջանակներում: Իշխանությունն իր առաջ խնդիր է դրել նվաճել դատական իշխանությունը՝ այդ թվում Սահմանադրական դատարանը: Այդ պրոցեսն սկսվեց դատարանների շրջափակումից, սա արդեն գագաթնակետն է: Դա անելու համար իշխանությունը զերծ չի մնում ապօրինի գործողություններից, հետևաբար, Արսեն Բաբայանի թե՛ ձերբակալությունը, թե՛ կալանավորումը դիտարկում ենք այդ շրջանակներում: Տվյալ անձը չէր կարող իշխանություն յուրացնել, նոր հոդված դրեցին, որպեսզի կարողանան կալանավորել»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ այս իշխանության համար մարդն այլևս արժեք չունի։  «Ում ուզում են՝ ազատությունից զրկում են, ինչ ուզում անում են, «բեսպրեդել» է ու վերջ: Իրենց ջանքը կենտրոնացնելու և երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու փոխարեն, ամբողջ պետական ռեսուրսը մոբիլիզացնում են իրենց հակառակորդներին, ընդդիմախոսներին, այլ կարծիք ունեցողներին, չենթարկվողներին ազատազրկելու, ձերբակալելու համար»,- ասաց մա:

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ սա ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ճնշում գործադրելու հերթական քայլն է, այլ սա պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, որովհետև սա մեկ դրվագ է, հետագայում կարող է լինել մեկ ուրիշը, հետո էլի մեկ ուրիշը:

Հարցին,  թե ինչպես պետք է պայքարել այս կամայականությունների դեմ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ պետք է հասարակությունը, հասարակության առողջ ուժերը, քաղաքական կուսակցությունները հասկանան, որ սա անձերի պաշտպանության խնդիր չէ, սա Հայաստանում արդարադատությունը չխորտակելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարությունը վերջնականապես չթաղելու հարց է։

«Պետք է հասարակությունը վերջնականապես արթնանա որ սկսի պայքարել այս պրոցեսների դեմ, հակառակ դեպքում կարճ ժամանակ հետո ժողովրդավարությունը մեր երկրում հուշ է լինելու, գործ ենք ունենալու տոտալ բռնատիրական իշխանության հետ»,- նշեց նա:

Իսկ իշխանությունների այն պնդումը, թե ցանկանում են ունենալ անկախ դատական համակարգ, անկախ Սահմանադրական դատարան, Սաղաթելյանը որակեց կեղծիք ու սուտ: «Իրենք ցանկանում են ունենալ սեփական, յուրային դատարաններ: Հայտնի է՝ ով իրենց ծառայել է, իրենց հետ հաշտ համերաշխ, սիրով են, ով հակառակվում է, ինչպես Հրայր Թովմասյանը, դասվում է նրանց թշնամիների շարքին և բազմաթիվ պատրվակներ կարող են գտնել հեռացնելու համար: Իշխանությունը չի ցանկանում ունենալ արդար դատական համակարգ, պարզապես ուզում է ունենալ յուրային դատական համակարգ, որն իր ձեռքում հետագայում մահակ է լինելու իր հակառակորդներին ճնշելու համար»- շեշտեց նա: