կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 13:15
Քաղաքական

Կարծես, փորձում են ժողովրդի դիմադրողականությունը

Կարծես, փորձում են ժողովրդի դիմադրողականությունը

Գազի թանկացումը նախ ցույց է տալիս մեր կառավարության թե' արտաքին եւ թե' ներքին քաղաքականության ձախողումը. այսօր կառավարության շենքի առջեւ, ուր բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում գազի թանկացման պատճառով, yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը քննարկում էր իր ծրագրերը` բյուջեի, պաշտոնական քաղաքականության հետ կապված, ոչ մի տեղ չէր երեւում, որ այսպիսի բան կարող է մեզ սպասել: Ընդհակառակը` կանխատեսումները շատ ավելի լավատեսական էին:

 

«Հիմա այս ամենը ցույց է տալիս, որ իսկապես երկու տիպի քաղաքականություն է վարում իշխանությունը` մեկը` առերեւույթ, երեւացող` քարոզչական, մյուսը` իրական, որը կործանարար ընթացքի մեջ է դրել մեր երկիրը: Եվ ակնհայտ է, որ անգամ պաշտոնական տվյալներով` 35 տոկոս աղքատություն կա, իսկ ես կարծում եմ, որ շատ ավելին է, որովհետեւ իրենք խուսափում են աղքատության նվազագույն շեմը որոշել կենսաապահովման նվազագույն զամբյուղի հարաբերությամբ. երբ այդպես անեն, պարզ կդառնա, որ աղքատության ցուցանիշի թիվն առնվազն պետք է կրկնապատկել: Ու այդ ժամանակ խոսել թանկացումների մասին, առհասարակ, ներքին անվտանգության հարց է: Պատկերավոր ասած` կարծես, փորձում են ժողովրդի դիմադրողականությունը` թե էլ ինչքան կարող է դիմանալ: Այս տրամաբանությունը այսպես շարունակվել չի կարող»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Կառավարության արտաքին քաղաքականության ձախողման տեսանկյունից գազի գնի բարձրացումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը բացատրեց հանգամանքով, որ եթե մեր ռազմավարական դաշնակիցն այն գներն է սահմանում, որը սահմանում է, ասենք, Եվրոպայի համար, ապա արդեն մտածելու խնդիր կա, թե մենք ինքներս ինչ բացթողում ենք արել, որ մեր ռազմավարական գործընկերությունն այսպիսի արդյունք է արձանագրում, կարող է իսկապես վտանգ լինել մեր երկրի ներքին անվտանգության համար:

 

«Այդ պատճառով էլ ասում ենք, որ կառավարության թե' արտաքին, թե' ներքին քաղաքականությունն իսկապես ձախողված է: Սա պետք է մեծապես վերանայվի ու վերափոխվի, բայց այս իշխանություններից ես նման ակնկալիք չունեմ: Նրանք չեն էլ գիտակցում, որ վիճակը տագնապալի է: Իրենց գնահատականներով վիճակը լավ է, ու դեռ ավելի պետք է լավացնեն»,- նշեց Ռուստամյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե պահը չէ՞, արդյոք, կառավարության հրաժարականը պահանջելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պահը ոչ միայն հասունացել, այլեւ անցել է: Ռուստամյանի գնահատականով` ինչքան շուտ այս իշխանությունները փոխվեն, այնքան շուտ իրավիճակի փոփոխության մասին կարելի է խոսել: