կարևոր
5926 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 22:17
Հասարակություն

Պատիվ ու հայրենիք կարգախոսով «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները հանդիպել են տավուշցիների հետ

Պատիվ ու հայրենիք կարգախոսով «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները հանդիպել են տավուշցիների հետ

Պատիվ ու հայրենիք կարգախոսով  «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնությունը համատավուշյան հանդիպում է կազմակերպել Իջևանի Մշակույթի տանը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնության հավաքը։ Հանդիպումը սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աղոթքով։

Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց Տավուշի մարզի 4 գյուղերի հնարավոր հանձնման հետևանքով ապասվելիք արհավիրքները։

Գնդապետ Միհրան Մախսուդյանը խոսքն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքով. «Հայրենիքն սկսվում է սահմաններից»։ Կոչ արեց պայքարել, չվախենալ, միասնական լինել և հետևել Նժդեհի խոսքին. «Ժողովուրդներն առանց հայրենասիրության նման են մարմնի առանց հոգու»։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ «քաղաքականություն» եզրը մոլորություն է։ Հայաստանում չկա «քաղաքական» ինստիտուտ։ Կա հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունության խնդիր և ռազմական ու տնտեսական բաղադրիչների համադրության հարց։ Այնուհետև ներկայացվեց թշնամի երկրների ռազմավարությունը, ռազմա-կան, տնտեսական մարտահրավերները. «Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հզոր և հարուստ։ Ու սա կարող է լինել շուրջ մեկ տարում»։

Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք` սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ` իրար ուտելով երկիրը հանձնեցին»։ Վերջում Սրբազանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով վախենում են մասնակցել շարժմանը. «Մի՛ վախեցեք։ Հնարավորություն ունեք սրբագրելու ձեր կոմֆորմիզմը»։

Շարժման անունը վերահաստատվեց. «Տավուշը հանուն հայրենիքի»։

Միասնաբար ընտրվեց նաև կարգախոսը` ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։