կարևոր
5284 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 21:17
Քաղաքական

Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Գեղամ Մանուկյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro-ին։ Պատասխանելով հարցին, թե՝ «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», Արցախի Հանրապետության նախագահը պատասխանել է. «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն՝ կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։

Ի պատասխան Շահրամանյանի այս հարցազրույցին և արտահայտած մտքին՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահին հանձնած Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ուղիղ եթերում այսօր հայտարարեց.

«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է՝ որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Եվ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Ես ուզում եմ, որ էս ուղերձը հստակ լինի բոլորի համար։ Եվ սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է։ Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում։ Ուզում եմ սա բոլորիս համար հասկանալի լինի։ Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի, ու ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էսինչի կառավարությունն ենք»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Փաշինյանի այս արձագանքին այսպես հակադարձեց՝ Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է ոչ թե՝ Արցախի վտարանդի Կառավարությունը, այլ՝ Փաշինյանի ղեկավարածը։

«Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է։ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանին և մյուսներին, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ նույնիսկ Հայաստանի տարածքում Արցախի մասին խոսելը վախ է ներշնչում Փաշինյանին. այն Փաշինյանին, որը կատարում է Ալիևի պահանջները։

«Շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող։ Այս հայտարարությունը վկայում է՝ Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները»,- ասաց Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։