Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատճառաբանեց, թե ինչու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո հայտարարել, որ «Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա», դա, ըստ նրա, ասել է, որպեսզի արցախահայերին Արցախում մնալու հնարավորություն լինի։
«Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, ովքեր նաև դրդում են էթնիկ զտումներ իրականացնող ուժին և աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը և տեսնում էին, որ իրենց ռեսուրսները ՀՀ-ում չեն հերիքում հեղափոխության համար։ Նրանց հարկավոր էր, թեկուզ Ղարաբաղի գնով, ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ նկրտումները շարունակվում են, այնպես չէ, որ ավարտվել են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, ասաց, թե նրա այդ հայտարարությամբ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։
«Եթե ավելի լուրջ վերաբերվենք այն մտքերին, որոնք արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, ապա այսօր Գլխավոր դատախազությունը դա պետք է ընդունի՝ որպես հաղորդում հանցագործության մասին։ Սա հաղորդում է հանցագործության վերաբերյալ, որին իրավապահ մարմինները պետք է պատշաճ արձագանքեն։
Իսկ եթե լուրջ չվերաբերվենք, քանի որ Նիկոլ Փաշինյանը «դեղին մամուլի արքայից» չկարողացավ այս վեց տարիների ընթացքում դառնալ պետական ու քաղաքական գործիչ, կարող ենք ասել, որ այս ամենը նրա կիրառած տեխնոլոգիան է, որով, ըստ էության, ժողովրդին փորձում էր ցույց տալ, թե ինքը նրանցից մեկն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ բազմիցս հնչեցրած իր այն տեսակետը, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից անմիջապես հետո Արցախում ստեղծվեցին «պրոյեկտներ», որոնք սպասարկում էին հենց ՀՀ իշխանությունների շահը, որը հակաարցախյան էր։
«Այդ «պրոյեկտների» գործունեությունը շատ ավելի ակնհայտ դարձավ 2020 թվականից հետո, երբ ՀՀ իշխանությունը սկսեց թիրախավորել ռուս խաղաղապահներին, այդ ժամանակ «պրոյեկտներն» ակտիվացան։ Նրանք գնում էին, խաղաղապահների ռազմաբազայի մոտ ակցիա էին իրականացնում ու ասում էին, որ դա արցախահայերի պահանջն է, ինչն իրականությանը չէր համապատասխանում, բնականաբար։ Իսկ շրջափակման ժամանակ սկսեցին պահանջել, որպեսզի Ադրբեջանը միջանցք բացի, որպեսզի ցանկացողները հեռանան Արցախից։ Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ նրանք ուղղորդվում ու ներկայացնում էին ՀՀ իշխանությունների պահանջը։ Հետևաբար, այդ «սև ու մութ» ուժերը հենց ՀՀ իշխանությունն էր»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանը հիմա իր կատարած գործողությունների համար պահանջում է պատասխանատվություն, որտեղ անելիքներն արդեն իրավապահների դաշտում են։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն՝ Արցախի վերաբերյալ, մեսիջներ են՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։
«Նրա ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է Արցախին, Ադրբեջանի շահի սպասարկում է միանշանակ։ Մեր բռնի տեղահանությունից շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ական պատգամավորներից մեկը հայտարարեց, որ «այդ մարդիկ իրենց կամքով են եկել», առանց նշելու, ո՛չ մեր հայրենակիցները, ո՛չ արցախահայերը, այլ՝ հենց «այդ մարդիկ»։ Այդպիսով լեգիտիմացնում են այն բոլոր հայտարարությունները, որոնք այսօր անում է Ադրբեջանն այդ ուղղությամբ։ Բայց փաստերը, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, այս իշխանությունները չհավաքագրեցին, այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ի առաջին զոհերը քաղաքացիական անձինք էին, երեխաներ։ Ինչպե՞ս արցախցին մնար Արցախում, երբ սեպտեմբերի 19-ին տեսանք, որ մենք բոլորովին միայնակ ենք՝ 30 տարի շարունակ զգալով ՀՀ ներկայությունը մեր թիկունքում, այդ ժամանակ բոլորովին միայնակ էինք»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։