կարևոր
2734 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 21:40
Հասարակություն

«Արարատ-Էսքիջյան» թանգարանը սկսել է Վահագն Տատրյանի արխիվի թվայնացումը

«Արարատ-Էսքիջյան» թանգարանը սկսել է Վահագն Տատրյանի արխիվի թվայնացումը

«Արարատ-Էսքիջյան» թանգարան-հետազոտական կենտրոնը (ԱԷԹՀԿ) և Հայոց ցեղասպանության հետազոտման կենտրոնը (ՀՑՀԿ) միասնաբար հայտարարում են, որ սկսել են թվայնացնել պրոֆ. Վահագն Տատրյանի արխիվը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆ. Վահագն Տատրյանը (1926-2019) Հայոց ցեղասպանության աշխարհառչակ ուսումնասիրող է, որը միաժամանակ ցեղասպանության հետազոտությունը ակադեմիական մակարդակի է բարձրացրել։ Բազմաթիվ դասախոսությունների ու գիտական հրատարակությունների միջոցով նա Հայոց ցեղասպանությանը մեծ ճանաչողություն է ապահովել։ Այս մասին իր ունեցած արխիվային նյութերը և գրքերը չափազանց կարևորություն ունեն բոլոր նրանց համար, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ենթահողը, ընթացքն ու հետևանքները։

Իր երկարամյա գործունեության ընթացքում պրոֆ. Վ. Տատրյանը շատ հարուստ արխիվային նյութեր է հավաքել։ Նրա արխիվում կան բազմահազար էջեր ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, հայկական և օսմանյան արխիվներից,  ինչպես նաև՝ ցարդ անտիպ նյութեր ու զանազան լեզուներով մամուլի հրապարակումներ։ Իր մահից առաջ պրոֆ. Տատրյանն այս արխիվը փոխանցել է «Արարատ-Էսքիջյան» թանգարանին,  իսկ նրա գրքերի մեծ հավաքածուն այժմ գտնվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Էդուարդ Դոհընի Կրտսերի անունը կրող գրադարանում։

2009 թ. Տատրյանի արխիվը Բոսթոնից փոխադրելու երկարատև աշխատանքներից հետո, «Արարատ-Էսքիջյան» թանգարանը ձեռնամուխ եղավ այս նութերը թվայնացնելու ծրագրին՝ դրանք մասնագետների հասու դարձնելու համար։ Արխիվի փոխադրման և նախնական թվայնացման աշխատանքները կազմակերպել է և իրականացրել թանգարանի տնօրեն Մագի Գոշին Մանգասարյանը. մի անձնավորություն, որը  ամբողջ հոգով ու սրտով նվիրված է այս կարևոր գործին։ Այսպես՝ 2018 թ., 110.000 էջերից հնարավոր է եղել թվայնացնել և ցուցակագրել 28.000-ը։ 2023 թ. ստանալով մեծ դրամաշնորհ՝ թանգարանը պետք է սկսի թվայնացնել և ցուցակագրել մնացեալ 80.000 էջերը ևս։

aa1.jpg (175 KB)

Սույն ծրագրի շրջանակում, հետազոտողներին դյուրություն ընծայելու նպատակով, թվայնացված նյութերը պետք է օժտվեն բանալի բառերի փնտերլու համակարգով։ Այս աշխատանքին մասնակից է Քլարքի համալսարանից դոկտ. Աննա Ալեքսանյանը, իսկ ծրագիրը ղեկավարում է պրոֆ. Թաներ Աքչամը։ Այն նախատեսվում է ավարտին հասցնել  2025 թ. դեկտեմբերին, որից հետո արխիվը կտրամադրվի համացանցով։ Շուտով, «Արարատ-Էսքիջեան» թանգարանն առցանց հանդիպումի միջոցով կներկայացինի իր այս ծրագիրը։ Այս մասին լրացուցիչ կհայտարարվի թանգարանի կայքէջով։

«Արարատ-Էսքիճեան» թանգարանը հիմնել է 1985 թ. հունիսին Լոս Անջելեսում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուտեր Էսքիջյանը։ Թանգարանում հավաքվել են յուրահատուկ նութեր ու գրքեր, ազգագրական տարատեսակ նմուշներ։ Թանգարանը նաև մշակութային կենտրոն է՝ արվեստագետների, հետազոտողների և համայնքային գործիչների համար, որոնք պարբերաբար ելույթներ են ունենում այնտեղ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութերով։ Թանգարանը նաև դաստիարակչական նշանակություն ունի. պատահական չէ, որ  այցելուների շարքում են համայնքի դպրոցականները։

Իսկ Հայոց ցեղասպանության ծրագիրը հիմնվել է 2022 թ. UCLA համալսարանում՝ որպես “The Promise” հայկական հիմնարկի մաս։