Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2024 թ. մայիսի 5-ին Լոս Անջելեսի «Արարատ-էսքիջան» թանգարանում տեղի կունենա Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի և Անի Սարգսյանի աշխատասիրությամբ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսը (Ա հատոր, Երևան, 2024, «Լուսակն» հրատ. 1040 էջ)։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցաբար։
Շնորհանդեսը կազմակերպում է «Արարատ-Էսքիջյան» թանգարան-հետազոտական կենտրոնը, համակազմակերպիչներ՝ Հայկական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային կազմակերպություն (NAASR), Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղ (CSUN), Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) «Պրոմիս» (PROMISE) հայկական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան։
Գիրքը ներկայացնելու է ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտ. թեկնածու, թուրքագետ Լուսինե Սահակյանը։ Բանախոսությամբ հանդես են գալու Նորթրիջի համալսարանի դոկ. պրոֆ. Վահրամ Շեմմասսյանը և հրապարակախոս, քաղաքագետ Վաչե Բրուտյանը։ Հեռակապով ելույթ են ունենալու նաև գրքի համահեղինակներ Անի Ոսկանյանը և Անի Սարգսյանը։
Գրքում առաջին անգամ ցուցակագրվ ել են և մանրամասն նկարագրվել 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թթ. Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության» 11 տուփից բաղկացած անմշակ այս արխիվի առաջին տուփի վավերագրերը՝ համապատասխան ծանոթագրություններով։ Այն ընդգրկում է 634 վավերագիր (հայերեն, օսմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն) և կազմում է 2038 էջ։ Տասնմեկ տուփերում պահվող բազմահազար էջանոց բացառիկ այս արխիվն ունի աղբյուրագիտական եզակի արժեք։ Այն մանրամասներ է հաղորդում 1912-1922 թթ. Հայկական հարցի զարգացման հանգրվանների և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար։ Արխիվում են հավաքված հայ և օտար քաղաքական, հասարակական, հոգևորգ գործիչների, դիվանգետների բազմաթիվ զեկույցներ, տեղեկագրեր, նամակներ, ականատեսների վկայություններ և օրագրեր, ինչպես նաև՝ Առաջին աշխարահամարտից առաջ և հետո Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի հայ բնակչության, որբերի, բռնի իսլամացված ու առևանգված հայերի, նյութական կորուստների վիճակագրական ցանկեր, առաջնորդարաններից Կ. Պոլսի պատրիարքարան ուղարկված նամակներ, Օսմանյան իշխանությունների հայերի բնաջնջման հրամանագրեր, երիտթուրք ոճրագործների անվանացանկեր, քեմալականների իրականացրած ոճրագործությունները վկայող վավերագրեր և այլն։ «Տեղեկատու դիվանի» այս եզակի արխիվը ստեղծվել է որպես հայց՝ օսմանյան Ռազմական ատյաններում և Ազգերի լիգայի դատարաններում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պատասխանատուներին ու մասնակից հանցագործներին օրիանական պատժելու և արդարությունը վերականգնելու համար։ Գրքի շնորհանդեսը նախատեսվում է նաև Երևանում։