կարևոր
5431 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 12:31
Աշխարհ

Բելառուսի ՊՆ-ն հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Բելառուսի ՊՆ-ն հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերն աշխատում են ըստ առկա ծրագրերի, կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հարցերի շուրջ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն, փոխանցում է ТАСС-ը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ապա, կարծում եմ, վաղաժամ է եզրակացություններ անելը։ Կան քաղաքական հայտարարություններ, կան հարաբերություններ զինված ուժերի միջև, որոնք այսօր կան. մենք ծրագրեր ունենք, աշխատում ենք ըստ այդ պլանների», - ասաց նա STV-ի եթերում և հավելել․ «Ուստի մի կողմ թողնենք քաղաքական հայտարարությունները և շարունակենք զարգացնել համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր ներկայիս գործընկեր Հայաստանի հետ»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ավելի ուշ ՀԱՊԿ-ը մեկնաբանել էր Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին և նշել, որ Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր՝ ՀՀ-ից պարզաբանման է սպասում ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասով։