կարևոր
5257 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-23 18:22
Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ-ից պարզաբանման է սպասում ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասով

ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ-ից պարզաբանման է սպասում ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն Ռուսաստանի Դաշնությունը սպասում է Երևանի պարզաբանմանը այս կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն։

Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ «մեր կողմից կրկին ցանկանում ենք ընդգծել, որ կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքներն Երևանի տարածաշրջանում 2021 և 2022 թվականներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից՝ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։

«Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով արագ ձևավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելություն։ Նրանք նշել են, որ «արդյունքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին»։

«Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել հանրապետությանը և մի շարք այլ միջոցներ, մերժվել է նրա իշխանությունների կողմից»,- նշել են վարչությունից։

Նրանք ավելացրել են, որ «ի պատասխան Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների։ Փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- կարծում են ՌԴ ԱԳՆ-ում։

Միաժամանակ նրանք «ափսոսանքով հայտարարեցին», որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։

«Մենք հուսով ենք՝ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, վստահելի երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով»,- նշել են ԱԳՆ-ում։

«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրի և բուն Կազմակերպությունում Հայաստանի «մասնակցության սառեցման» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ավելի ուշ ՀԱՊԿ-ը մեկնաբանել էր Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին և նշել, որ Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը։