Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ-ական գործիչներ, գրողներ, պատմաբաններ, գիտնականներ, հյուրեր Վրաստանից և սփյուռքից: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, պետական, հասարակական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի նամակների ժողովածուն կազմել է պատմաբան Երվանդ Փամբուկյանը:
Ժողովածուն կազմելիս պատմաբանը մեծամասամբ օգտվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության արխիվներից: Պատմական այս բացառիկ փաստաթղթերը լույս են սփռում Արամ Մանուկյանի` 1904-1915-ներին ծավալած գործունեության վրա: Ժողովածուում հրապարակված են Արամ Մանուկյանի նամակներից 354-ը, որոնցից 325-ը երբեևէ չեն տպագրվել: Նամակներից 260-ը վերաբերում են հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման համար անհրաժեշտ զենք-զինամթերթի մատակարարմանը:
«Նամակները նոր լույս են սփռում և վկայում ազգային-ազատագրական պայքարում Արամ Մանուկյանի ունեցած բախտորոշ դերակատարության մասին»,-իր ելույթում նշեց հեղինակը:
Փամբուկյանը նկատեց, որ միայն մեկ տարվա ընթացքում` 1904-1905 թթ Մանուկյանը 240-ից ավելի նամակներ է գրել: «Ցավոք 1914-1915 թթ Արամ Մանուկյանից սակավաթիվ գրություններ են պահպանվել: Այդ տարիներին Վասպուրականի, ինչպես նաև մյուս հայկական շրջանների կուսակցության արխիվները ժամանակին Ժնև չփոխադրելու արդյունքում ոչնչացվել են»,-նշեց Փամբուկյանը:
Ժողովածուի հեղինակի խոսքով` Արամ Մանուկյանը բավականին ընթեռնելի ձեռագիր է ունեցել, չնայած նրան, որ նամակներից շատերը հապճեպորեն են գրված: Նամակներում առանձնանում են Արամ Մանուկյանի լեզվական և ուղղագրական առանձնահատկությունները:
Երվանդ Փամբուկյանի խոսքով` Արամ Մանուկյանն իր նամակներում հաճախակի գործածել է ծածկանուններ, որոնք հիմնականում վերաբերել են տեղանուններին: Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ դաշնակցական գործիչը հաճախ գործածել է թվանշանային ծածկագրեր:
Խոսելով Արամ Մանուկյան պետական և հասարակական գործչի մասին, Փամբուկյանն ասաց. «Արամ Մանուկյանը խստապահանջ և կարգապահ կուսակցական էր: Նա օժտված էր մարդկանց համախմբելու արտասովոր հմայքով և կարողությամբ: Նրա խոսքը հանդուգն էր և համոզիչ»:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ սա Արամ Մանուկյանի փաստաթղթերի վերաբերյալ երրորդ հրատարակությունն է. «Արամ Մանուկյանի փաստաթղթերն առաջինը հրատարակվել է Բեյրութում` Հրաչ Տասնապետյանի կողմից , երկրորդ հրատարակությունն արվել է ազգային արխիվում պահված նյութերի հիման վրա, իսկ երրորդը Փամբուկյանի խմբագրած հրատարակությունն է, որը հաճելի զուգադիպությամբ համընկավ առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ»:
Նշենք, որ նամակների ժողովածուն լույս է տեսել 1000 օրինակով: Հատորը տեղադրված է նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի historyofarmenia.am կայքում: