Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ` «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:
ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԳ
Մենք մի կավից ենք, քո՛ւյր իմ նազելի,
Էլ ի՞նչ ես նայում այդպես անհաղորդ...
Թող վաղնջական բույրը մազերիդ
Անուշազօծի պատկերս աղոտ։
Հոգնել եմ արդեն այս անձրևներից,
Որ ինձ տանում են մշուշոտ ափեր...
Ա՜խ, մի թևաբախ երազ գար նորից
Ու լեթարգիական քունս շոշափեր։
Հոգնել եմ նաև ես քո քույրերից,
Բայց գգվանքներիդ պիտի հավատամ,–
Նայի՛ր, ինչպես են օրհներգում վերից
Մեր մեջ արարվող Եվա ու Ադամ...
Մենք մի կավից ենք, քո՜ւյր իմ նազելի,
Նույն արարումի երկու տարբերակ...
Մե՜րն են թզենու տերևներն էլի,–
Արի նորոգենք դրախտն ավերակ։
ՀՐԱԺԵՇՏ
Աչքերս բներ են ցավերի։
Լուսինը կարմի՛ր է բարձրանում։
Երազս օրորվող նավերից
Ընկնում է ու ցավից կարծրանում։
Դու երեկ ավելին ուզեցիր։
Չունեի։ Տխուր էր թերևս։
Երազում մազերս խուզեցին…
– Հոգնած են, հոգնած են թևերս։
Գնացիր։ Ձանձրույթի վտառից
Մի թռչուն վանդակում մեռել էր,
Մի կին էր մահացել վթարից
Եվ հիմա երկուսն էլ բառեր են։
Կանաչ է ծառերի արյունը։
Էլ երբեք մենք իրար չենք շոյի։
Ափսոս է, ափսո՜ս է գարունը,–
Զռում է իշուկը Սանչոյի։
Մենք Հուդա՞, թե՞ Հիսուս ենք եղել
Ստվերում Տիրամոր արգանդի…
Լճափին լույսեր կան ու եղեգ։
Ժանգոտ է օրերի գերանդին։
Տխուր է երևի և ծանր
Առաջին ու վերջին նվերս.–
Ընդունի՜ր կարոտիս վախճանը…
– Հոգնած են, հոգնած են թևերս։
ՎԱԽՃԱՆԻՑ ԷԼ ՊԱՐԶ
Առանձնացավ։ Չապաշխարեց։ Չաղոթեց։
Վախենում էր՝ միտքն ու հոգին չնիրհեն...
Առավոտյան
Ճշմարտի հետ հաղորդվեցё
Երեկոյան
Խաղա՜ղ լքեց ինքն իրեն։