կարևոր
3235 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-24 12:47
Հասարակություն

Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին

Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին

Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։ Այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Կանադայի Հայ դատի պատասխանատու Սևակ Բելյանը։

«Այս ամենն աշխարհաքաղաքական, միջպետական խաղեր են։ Բայց մենք չպետք է ձեռքներս ծալենք ու ընդունենք այս ամենը։ Դրա համար էլ այսօր մենք ահազանգում ենք, և չենք ուզում սպասել մինչև որոշումը կընդունվի։ Եթե Կանադայի կառավարությունն իսկապես հավատարիմ է Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականությանը և աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, ապա չի կարող զինել մի երկրի, որը հայ ազգի համար հանդիսանում է սպառնալիք։ Մենք արդեն իսկ բարձրաձայնում ենք, պնդում, որ դեմ ենք այս ամենին»,- նշեց Բելյանը։

Նա նաև ընդգծեց, որ էմբարգոն չեղարկելու փոխարեն՝ Կանադայի կառավարությունը պետք է աջակցի Հայաստանին թե՛ մարդասիրական օժանդակությամբ, թե՛ արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանման առումով։

«2020 թ-ից հետո մեր ջանքերի շնորհիվ կարողացանք ցույց տալ, որ Թուրքիան ապօրինի ձևով զենք է տրամադրում Ադրբեջանին, որոնք էլ կիրառվում են Արցախի դեմ։ Արդյունքում կանադական կողմը Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի դիրքորոշմամբ՝ Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին` նպաստելով նրանց ռազմական զինանոցների ընդլայնմանը: Էմբարգոն չեղարկելու փոխարեն Կանադայի կառավարությունը պետք է աջակցի Հայաստանին՝ թե՛ մարդասիրական օժանդակության առումով, թե՛ արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանման առումով»,- եզրափակեց Բելյանը։