Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացարձակապես ոչ մի նշնակություն չունի` որ կուսակցությունը կլինի իշխանության, ով կլինի վարչապետ: Անկախ քաղաքական իրավիճակից` եթե մեր կառավարությունը` ի դեմս Փաշինյանի, ձախողեց, ձախողելու է երկիրը. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որ կառավարությունը ձախողի: «Ես անձամբ, կարող եմ նաև ասել ՀՀԿ խմբակցության անունից, որ երբեք որևէ բան չենք անի` երկրին վնաս տալու համար»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը` նա նշեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ինքնանպատակ չէ: «Դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Ինձ համար այս իրավիճակում անհասկանալի կլինի արտահերթ ընտրությունների անցկացումը: Եթե լինի քաղաքական անհրաժեշտություն, տրամաբանական կլինի, իսկ կա, թե չկա քաղաքական անհրաժեշտություն, ցույց կտա ժամանակը»,- ասաց Կոստանյանը:
Ըստ նրա` արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված պետք է լինի այն բանով, որ լինի խորհրդարան-կառավարություն հակադրություն: «Ոչ թե մասնագիտական քննարկում, այլ հակասություն: Այսօր արդյունավետ քննարկվեց ՄԻՊ-ի մասին օրենքը և ԱԺ-կառավարություն հակասություն չեղավ»,- բացատրեց պատգամավորը, ապա հավելեց, որ եթե կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ համակարգված աշխատում են, ուրեմն դրա կարիքը չկա:
«Եթե ինքնանպատակ պետք է լինի ԱԺ-ի լուծարումը, եթե դա պետք է արվի` անելու համար, ապա ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»,- հավելեց նա:
Հարցին՝ ինքն անձամբ չի՞ տեսնում ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ մյուս ուժերն ասում են` մինչև ԸՕ-ն չփոխվի, ընտրության չեն գնա, պատգամավորը պատասխանեց. «Խնդիրը չի վերաբերում ԸՕ փոփոխությանը, այլ վերաբերում է ընտրական համակարգի փոփոխությանը: Ասել` եթե ընտրություններն անցկացվել են այս ընտրական համակարգով, ապա լավ չէ, ես ձեռնպահ կմնայի այդ գնահատականից: Երկրներ կան, որ այս համակարգն են կիրառում և գոհ են: Երկրներ կան, որ չեն կիրառում և դժգոհ են: Սա քաղաքական նպատակահարմարություն է, պետք է կողմնորոշվել: Այս ԸՕ-ն ընդունվեց քաղաքական ուժերի մեծամասնությամբ: Այդ ժամանակ նրանք համարում էին, որ կիրառելի է, հիմա եթե համարում են, որ պետք է փոփոխեն, խնդրեմ: Սա նպատակահարմարության հարց է: Բոլոր ընտրական համակարգերն էլ պատշաճ կիրառվելու դեպքում ապահովում են ընտրական իրավունքի պատշաճ իրականացում»: