Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ փոքրիկների համար ստեղծելով հարթակ, որն հնարավորություն կտա նրանց զարգացնել արեւմտահայերեն բառապաշարն ու լեզվամտածողությունը։ Ստորեւ ներկայացնում ենք ճեմարանի տնօրինության հաղորդագրությունը․
«Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրինությունը ուրախությամբ հայտարարում է 7-10 տարեկան երեխաների համար արեւմտահայերենով պատրաստված գիտելիքների եւ նյութերի շտեմարանի՝ «Պուրակ» հարթակի մեկնարկը:
«Պուրակ»-ը ծնունդ է առել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի հովանավորությամբ:
Ծրագրի նպատակն է զարկ տալ արեւմտահայերենի բառամթերքի ու լեզվամտածողության զարգացմանը եւ տարբերակել արեւմտահայերենով դասավանդվող նյութերի մատուցման եղանակները՝ առավել եւս արմատացնելով արեւմտահայերենի կենսունակությունը:
Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի մանկավարժական սկզբունքների հիման վրա, աշակերտները տարրական եւ նախակրթարան բաժինների առաջին տարիներին, հիմնական բոլոր նյութերը կստանան իրենց մայրենի լեզվով՝ հայերենով: Հետեւաբար, տարբեր կարողություններով օժտված եւ ներկա արհեստագիտացած առօրյայի մեջ ապրող հայ երեխայի համար նման ծրագրի իրագործումը կնպաստի, որ լսատեսողական արդի եւ ժամանակակից միջոցներով պատրաստված «Պուրակ»-ը երեխային ընծայի արեւմտահայերենով հավելյալ ընդհանուր զարգացում: Այն ընդգրկում է հայ լեզվի, պատմության, աշխարհագրության, մշակույթի, թվաբանության եւ գիտության ոլորտները:
«Պուրակ»-ը հարթակ է, որտեղ գիտելիքների եւ նյութերի ներկայացումը կատարվում է կարճ տեսաերիզների (short animated movies) եւ համապատասխան տպվող թերթիկների (printable documents) միջոցով: «Պուրակ»-ի համար պատրաստված տեսաերիզները, աստիճանաբար բարդացող վարժությունները եւ օժանդակ թերթիկները կապահովեն նյութերի եւ մտահղացումների լսատեսողական միջոցներով փոխանցումը եւ տրամաբանական զարգացումը՝ նպաստելով երեխայի ընդհանուր զարգացմանը:
«Պուրակ»-ի աշխատակազմը բաղկացած է Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի անձնակազմից, ճեմարանի տնօրինության անմիջական հսկողությամբ: Աշխատանքը բաժնված է երկու գլխավոր բաժինների՝ մանկավարժական եւ «տեխնիկական»: Յուրաքանչյուր բաժին ունի իր պատասխանատուն եւ համապատասխան աշխատակիցների խմբակը:
«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները մեծ խանդավառությամբ իրենց մասնակցությունը բերին այս ծրագրին՝ հավատալով նրա նպատակին։ Աշխատանքի ընթացքում հաճախ ստացանք ստեղծագործական նոր առաջարկներ, առաջիկայում դրանք կիրառելու համար։
«Պուրակ»-ի բոլոր աշխատակիցները հավատում են, որ ուսուցիչների, աշակերտների կամ ծնողների համար, նմանօրինակ հարթակները եւ տարբեր գրավիչ ու ստեղծագործական նորարարությունները անհրաժեշտություն են հայ երեխաների համար դպրոցում կամ ժամանցի պահին։
Այժմ հայտարարում ենք «Պուրակ»-ի մեկնարկը Bourag.com հասցեով: Տեսաերիզների եւ թերթիկների առաջին բաժինը արդեն իսկ զետեղված է հարթակում։ Հարթակը սկսվում է 11 տեսաերիզով և 22 տպվող թերթիկներով: Հարթակը շաբաթական թարմացվում է նորություններով՝ նոր տեսաերիզներով եւ տպվող թերթիկներով: Հուսանք, որ հնարավոր կլինի «Պուրակ»-ը հարատեւ ճոխացնել նորանոր հատվածներով, բացատրություններով, տեսաերիզներով։
Վարձքը կատար այսպիսի նախաձեռնությունները քաջալերողների եւ հովանավորողների։ Իբրեւ հայ մանկավարժներ եւ մասնագետներ՝ մեր առաքելությունն է վառ պահել հայերեն լեզուն ու զարկ տալ նրա զարգացմանը»։