Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրախությամբ պետք է ասեմ՝ ի վերջո եկել է ժամանակը, որ այն մարդիկ, ովքեր մեր մեծերի արխիվներն արտերկրում, ժամանակն է, որ այդ հսկայածավալ ժառանգությունը տեղափոխեն Հայրենիք: Սա հոգևոր ներգաղթի մի ձև է, և այս օրինակը թող վարակիչ լինի բոլորին. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր հայտարարեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ հայ մեծանուն բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի անձնական արխիվը ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանին հանձնելու ժամանակ:
Ընդամենը 30 տարիների կյանք ապրած պոլսահայ բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչ Մատթեոս Զարիֆյանի արխիվը մինչ օրս պահպանվում էր Բեյրութում՝ գրողի զարմուհու՝ Սիլվիա Աճեմյանի մոտ:
Սիլվիա Աճեմյանը միայն վերջերս է ցանկություն հայտնել, որ արխիվը տեղափոխվի հայրենիք և հատկապես Գրականության և արվեստի թանգարան:
«Կարծում եմ ճիշտ հասցե է ընտրել, որովհետև այստեղ առիթ կլինի, որ երիտասարդ գիտնականները, գրականագետները կարողանան Մատթեոս Զարիֆյանի գրական ժառանգությունը ուսումնասիրել: Գրական շրջանակներում բնականաբար գիտեն Մաթևոս Զարիֆյանի մասին: Նրա գործերի հատընտիրը Հայաստանում տպագրվել է, բայց ավելի լայն մասսաներին գրեթե անծանոթ հեղինակ է», - նշեց Ռուզան Առաքելյանը՝ հավելելով, որ այժմ լայն ուսումնասիրությունների շնորհիվ Զարիֆյանի դրամատիզմով լի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը կդառնա առավել լայն հանրության սեփականությունը:
«Ձեր տրամադրության տակ կգտնեք 11 թղթապանակներ՝ դասակարգված հետևյալ ձևով՝ 1-5՝ փաստաթղթեր, նամակներ, նկարներ, ֆրանսերեն անգլերեն քերթվածներ և արձակ գործեր, 6՝ թերթեր, 7-8՝ քերթվածներ, 9-11՝ օրագրություն: Ժամանակը հասած կնատենք, որ վաղամեռիկ բանաստեղծի արխիվը դուրս գա ընտանեկան մտերմիկ շրջանակեն, և հուսով ենք, որ հայրենիքի մեջ, մասնագիտական նոր շնչով կյանքի կոչվի նրա հիշատակը»՝ ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանը ընթերցեց Սիլվիա Աճեմյանի ստորագրությամբ գրություն-պատգամը, որն ավարտվում էր այդպիսի վերջաբանով:
«Մենք գիտենք, թե ինչպես մեր արևմտահայ գրական ոսկե սերունդը ճղակոտոր եղավ, գլխատվեց: Մենք Զարիֆյանի առիթով պետք է մխիթարվենք. այն սակավ բացառություններից է, որ կարծես թե դուրս մնաց ցեղասպանության այդ հողմապտույտից, ինչպես օրինակ Արշակ Չոպանյանը, Երվանդ Օտյանը և այլն, որոնք հետագայում ապրեցին և ստեղծագործեցին իրենց դժբախտ սերընդակիցների փոխարեն: Այսինքն ամեն մեկն արեց ավելին, քան ի վիճակի էր սովորական մահկանացուն»,- նշեց ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանը՝ հավելելով, որ, Զարիֆյանը, ցավոք, դիպվածով ևս դուրս մնալով այդ ցեղասպանության հողմապտույտից, ընդամենը մի քանի տարի անց՝ 1924 թ. զոհ գնաց թոքախտին՝ դարի հիվանդությանը, որն արդեն տասնամյակից ավել կեղեքում, տանջում էր նրան:
Մինչ այս հեղինակին առնչվող որոշակի նյութեր արդեն առկա էին ԳԱԹ-ում: Օրինակ, Թորոս Ազատյանի ֆոնդում պահպանվել են Մատթեոս Զարիֆյանի տասնյակից ավելի բանաստեղծություններ:
Արևմտահայ պոեզիայի վառ ներկայացուցիչն ապրեց ընդամենը 30 տարի: Շատ երիտասարդ մահացավ՝ թողնելով հրաշալի գրական ժառանգություն՝ հիմնականում բանաստեղծություններ և, ինչպես նշված էր Սիլվիա Աճեմյանի տեղեկանքում, նաև փորագրություններ:
«Համարենք, որ այս նվիրատվությամբ, այս համալրումով որոշակի ամբողջացավ արևմտահայ գրողների արխիվների այն հրաշալի հավաքածուն, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում: Որոշ մասը ցուցադրվում է, որպեսզի այցելուն, ընթերցողը ամփոփ պատկերացում կազմի: Մենք հեղինակներ ունենք, որոնց ժառանգությունը կազմում է մի քանի տասնյակ մեծադիր, մարդաբոյ արխիվներ», - փաստեց Կարո Վարդանյանը:
Որքա՞ն ժամանակ հետո ուսումնասիրողը հնարավորություն կունենա ԳԱԹ-ում հետազոտել Զարիֆյանին՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ԳԱԹ-ի տնօրենը նշեց, որ այս ծավալի արխիվը մշակելու համար մի քանի ամիս է հարկավոր: Այդուհանդերձ, քանի որ թանգարանն ունի 4 գիտական բաժին՝ գրականության, թատրոնի, կինոյի և երաժշտաարվեստի, իսկ ամեն բաժնում կա ընդամենը 3-4 գիտաշխատող, պետք է որոշակի ժամանակահատված, որպեսզի գիտաշխատողը ավարտի իր ձեռքի տակ եղած պլանային աշխատանքը, նոր ստանձնի հերթական հեղինակի ժառանգության մշակման պարտավորությունները:
«Հեղինակներ կան, որ մշակման գործընթացը գիտաշխատողից պահանջում է 1 տարի, հեղինակներ կան՝ 3 և ավելի տարիներ: Ուսումնասիրվում են, դասդասվում են բանաստեղծություններն առանձին, նամակները և լուսանկարները առանձին: Ամեն նյութի նկարագրությունը մանրամասն տրվում է: Վերջում դա դառնում է մեկ մատյան՝ իր բաժիններով, որպեսզի ուսումնասիրողի համար աշխատանքը հեշտ լինի: Մենք ունենք 1200-ից ավել հեղինակների արխիվներ, որոնցից միայն կեսն է մշակված և շարունակ համալրվում է: Հետո պահպանվում է ֆոնդերում և սպասարկվում է հնարավոր բոլոր միջոցներով», - բացատրեց Կարո Վարդանյանը:
ԳԱԹ-ի տնօրենը ևս ամեն առիթով կոչ է անում՝ ում տանը իրենց ավագներից կամ դիպվածով փաստաթղթեր կան, բերեն և ի պահ տան ԳԱԹ-ին:
Հավելենք, որ ԳԱԹ-ին այսօր ի պահ տրված արխիվը դառնալու է Մատթեոս Զարիֆյանի առանձին ֆոնդը:
Վ. Սարգսյան