կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 14:43
Քաղաքական

Էրդալ Քըլըչի «Արևմտահայերեն սորվելու մեթոտը» գրքի մասին

Էրդալ Քըլըչի «Արևմտահայերեն սորվելու մեթոտը» գրքի մասին

Այս շաբաթ կրթության փորձագետ, գիտնական Էրդալ Քըլըչի հետ զրուցեցինք «Արեւմտահայերէն սորվելու մեթոտը» գրքի մասին:

Պարո՛ն Էրդալ, նախ կցանկանայի շնորհավորել Ձեզ «Արեւմտահայերէն սորվելու մեթոտը» վերնագրով Ձեր գրքի ստեղծման առթիվ: Հայոց լեզվի թեմային և ձեր պատրաստած գրքին անդրադառնալուց առաջ կարճ կներկայացնե՞ք ձեզ:

Շահին բեյ, ես էլ եմ ուզում սկսել շնորհավորանքներով և ռեպորտաժի հրավերի համար շնորհակալությամբ: Անշուշտ, կարճ կներկայանամ: Ծագումով Սինոպից եմ: Ծնվել եմ 1972 թ․, Ստամբուլում: Ուսումնական կյանքիս բոլոր փուլերն անցել են Ստամբուլում: Մարմարա համալսարանի Ճշգրիտ գիտությունների և գրականության ֆակուլտետի Պատմության բաժնի շրջանավարտ եմ: 1997-2015 թթ. միջակայքում Ազգային կրթության նախարարությանն առընթեր աշխատել եմ մի քանի դպրոցներում և՛ որպես պատմության ուսուցիչ, և՛ որպես կառավարիչ: Այդ ընթացքում դոկտորանտուրայիս կրթությունն ավարտելով, որպես դասախոս, աշխատանքի անցա համալասարանում: Կրթության և ուսուցման վերաբերյալ ամեն թեմա լիցքավորված է պահում մշտապես հետաքրքրությունս և հույզերս:

Պարոն Էրդալ, ինչպե՞ս ստացվեց հայերենի հետ Ձեր ծանոթացումը, Ձեր՝ հայերեն սովորելը:

2010 թ․ սեպտեմբերին Ստամբուլի Բեյօղլու շրջանի ազգային փոքրամասնությունների դպրոցներից «Կեդրոնական» հայկական քոլեջում որպես տնօրենի գլխավոր օգնական նշանակվելս ինձ համար կարևոր շրջադարձային կետ եղավ՝ և՛ մասնագիտական, և՛ ակադեմիական իմաստով: Նախկինում ևս պաշտոնավարել էի ազգային փոքրամասնություններից Զափյոն հունական դպրոցում, Լեւոն Վարդուհեան հայկական վարժարանում, Կենտրոնական հունական քոլեջում և Արնավութքյոյ շրջանի հունական նախակրթարանում: Դրանից առաջ «Հույն և հայ համայնքների դասական շրջանի կրթական աշխատանքները» թեմայով մի ուսումնասիրություն իրականացնելիս այդ հաստատությունների հանդեպ դրական զգացմունքներս մեծացան: Իրականում առաջին հանդիպումս հայերենի հետ պատահեց Լեւոն Վարդուհեան հայկական դպրոցում: Ցանկանում եմ հիշատակել առաջին անգամ ինձ այնտեղ հայկական այբուբենի հետ ծանթացրած ուսուցչիս՝ հարգելի Ռիտա Յելեգեն Գեդիքօղլուին: Արդեն Կեդրոնական հայկական դպրոցի վետերան, լավատեղյակ ուսուցիչներից մեկը համարվող անփոխարինելի թանկագին ուսուցչիս՝ տիկին Շողեր Չափարյանի հետ սկսված հայերենի սիրավեպը համակարգված կերպով շարունակվում է այդ օրվանից մինչ այժմ։ Ուսուցիչ Շողեր Չափարյանը երկար տարիներ մի քանի դպրոցներում և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն դասավանդած շատ հմուտ մանկավարժ է: Չնայած թոշակառու լինելուն՝ կրթությունից չհեռացած և մինչև այսօր իր գիտելիքը, պաշարը և հմտությունները հայերեն սովորել ցանկացող և իրեն դիմող իր շրջապատի բոլորին ուսուցիչներին փոխանցել շարունակած, կյանքը պարզապես ուսուցչությանը նվիրաբերած եզակի մարդ է: Կեդրոնականում առաջինը ուշադրությունս գրաված լուսանկարներից մեկը, թերևս ամենագրավիչը, ուսուցչիս շուրջը հայերեն սովորող ուսուցիչներից բաղկացած մի շրջանակի լուսանկարն էր: Ներսիցս եկած մի ձայն ինձ հուշեց, որ այս շրջանակում իմ գտնվելու կարիքն էլ կա: Մի որոշ ժամանակ սպասեցի: Այդ ցանկությունս պետք է որ ուսուցիչս էլ նկատած լիներ, որ մի օր ինձ ասաց․ «Եթե ցանկանում ես, դու էլ կարող ես գալ, սովորել»: Սակայն միանգամից որոշում չկայացրեցի, նրանից մի ամսվա չափ ժամանակ ուզեցի: Քանզի հայերենի պես դժվար լեզու սովորելու որոշում կայացնելն ինձ համար լուրջ հարց էր… Որոշումս կայացրեցի նոյեմբերի 24-ին՝ Ուսուցիչների օրը, հայերեն սովորելու ցանկությանս մասին հայտնեցի ուսուցչիս, և ասացի նաև այդ շրջանակ մտնելու ցանկությանս մասին… Այդ օրվանից մինչ օրս երախտապարտ լինելով ուսուցչիս՝ հրավերի համար, անընդհատ և բուռն ընթացքով, ուսումնասիրություններով ջանում եմ նրա օգտավետ ջանքերին արժանի աշակերտ լինել:

Ինչու՞ եք այդ լեզվով այդչափ, մինչև իսկ գիրք գրելու աստիճան հետաքրքրված: 

Շատ գեղեցիկ և տեղին հարց: Անշուշտ լեզու սովորելը կարևոր ու լուրջ զբաղմունք է: Ես այս գիտակցմամբ սկսեցի սովորել այդ լեզուն: Իրականում, վերևում էլ նշեցի, որոշ ժամանակ սպասեցի: Լրջությանս աստիճանն ըմբռնելու համար ժամանակ հատկացրեցի ինքս ինձ… Իրականում իրազեկվածությունն ու այս լեզվի կարևորությունն այդ ընթացքում ինձ համար ավելի հասկանալի դարձան: Բացի այդ, մեր ապրած այս գեղեցիկ տարածաշրջանի մասին արևմտահայերենով գրված դեղագործական, պատմական, աշխարհագրական, գրական, երաժշտական, թատերական, ճարտարապետական, արվեստի և մշակութային համատեքստերում ուսուցման ու ըմբռնման կարոտ բազում արժեքավոր երկեր կան, և այս ու նմանատիպ այլ երկերի ուսումնասիրության և հետազոտման ընթացքում մեր օրերում թուրքերենի կիրառումը մեծ արժեք է կրում գիտական և մշակութային մեր հարստության տեսանկյունից: Այս իմաստով իրազեկվածությունս էլ ավելի ամրապնդեց այս լեզվի հետ կապվածությունս: Սակայն այս ամբողջ իրազեկվածությանը զուգահեռ, գրի, կրկնօրինակման, ընդհանրապես անսովոր այբուբենի չափազանց դժվար լինելուն հակառակ, ուսուցչիս մոտեցումը, լեզվի ուսուցման մեջ նրա հսկայական փորձը, համբերատար ու գթասիրտ մոտեցումը օգնական եղան հանդիպած բոլոր դժվարություններս հաղթահարելու հարցում: Անշուշտ ցանկանում եմ շեշտել Կեդրոնական հայկական դպրոցի մշակութային ավանդներն ու ակադեմիական հաջողությունները, և տրամադրված հանգիստ միջավայրի՝ այս տեսանկյունից մեծ կարևորությունը: Այս առթիվ հատկապես Կեդրոնական հայկական ավագ դպրոցի տնօրեն պատվելի Սիլվա Մարկոս Կույումջյանին իմ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել և՛ դոկտորականի ընթացքում, և՛ հայերեն ուսուցման հետազոտություններիս ժամանակ նրա կատարած վերլուծությունների և տրամադրած գիտական օգնության համար… Դպրոցում պաշտոնավարմանս ժամանակահատվածում, չորս տարվա ընթացքում ուսուցչիս՝ շաբաթվա մեջ դպրոց չեկած ուրբաթ օրերից բացի մնացած օրերին կանոնավոր մասնակցում էի նրա դասերին: Որպես դասախոս համալսարան գնալուց էլ ուսուցչիս հետ կապերն առանց խզելու շարունակում էի լեզվի ուսուցման վերաբերյալ հետազոտություններս: Անգամ համավարակի այս տևական ժամանակահատվածում ևս աշխատում եմ հեռախոսի միջոցով դասեր քաղել նրանից: Կասկածից վեր է, որ մարդն ուզում է իր ջանքերի երախայրիքը տեսնել: Ինձ պես՝ այս լեզուն սովորել ցանկացողներին օգտակար լինելու, աջակցելու, տեղեկացնելու մղումով որոշեցի հայերենի դասերի գրառումներս հրատարակել որպես գիրք: Այս ընթացքում ուսուցչուհի Շողերը նորից իր ամբողջական աջակցությունը ցուցաբերեց և անձնապես օգնություն ցույց տվեց գրքի խմբագրման ընթացքում: Որպես թուրք՝ հայերեն գիրք հրատարակելը, ռիսկային լինելուց բացի, նաև մի գեղեցիկ հիշողության ուշադրություն դարձնել է: Հայերենի պես դժվար լեզուն հաճույքով սովորել ցանկացողներին կարող է օրինակ ծառայել: Այնուհանդերձ ամենանշանակալին ուսուցչուհուս՝ Շողեր Չափարյանի գեղեցիկ հիշատակը, ջանքերը, անունը կենդանի պահելն է և գրքի միջոցով նրան հնարավորինս շնորհակալ լինելը: Հենց դա ինձ համար աներևակայելի հպարտության աղբյուր է:

Էրդալ բեյ, եթե անհրաժեշտություն լինի խոսել «Արևմտահայերենի ուսուցման մեթոդը» գրքի բովանդակությունից, ինչպե՞ս այն համառոտ կընդհանրացնեք:

Կարճ ասած «Արևմտահայերենի ուսուցման մեթոդը» գիրքը գրվել է՝ ելնելով ուսուցչուհուս՝ տիկին Շողեր Չափարյանի դասերից․ թեմաները կազմվել են տիկին Չափարյանի մեթոդոլոգիայով: Չորս բաժնից բաղկացած գրքի առաջին հատվածում աշխատել ենք օրինակների միջոցով  ներկայացնել քերականական կանոնները: Երկրորդ գլխում էլ ընտրվել և օրինակներով են ներկայացվել առօրյա կյանքին վերաբերող ընթացիկ թեմաների վերնագրեր: Երրորդ բաժնում այլ թեմաներով վերնագրերի ներքո նպատակ է դրված հարստացնել և բառապաշարը, և նախադասության կազմման ձևերը: Չորրորդ գլխում նպատակ է դրվել սովորեցնելու հայոց լեզվում կիրառվող ամենաշատ հանդիպող 55 կանոնավոր ու անկանոն բայերի բոլոր ժամանակաձևերի խոնարհումները ցուցող աղյուսակները: Գիրքը տարբեր դարձնող ամենաակնառու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գրի՝ տարբեր և դժվար լինելու պատճառով գրքում գործածված հայերեն բոլոր բառերի և նախադասությունների կողքին, փակագծերի մեջ նշված են դրանց լատինատառ արտաբերումները: Նպատակն այս ճանապարհով հայերեն այբուբենը սովորելն է և հայերեն բառերի ու նախադասությունների արտասանությունների իմացության բարձրացումն ու մնայնությունը: Գրքի նպատակներից մեկն էլ աջակցություն ապահովելն է և՛ ակադեմիական մակարդակում գրված տեքստերի ընթերցումը,  և՛ առօրյա խոսակցությունների լեզուն սովորել ցանկացողներին: Այս իմաստով որոշված թեմաները ձգտել ենք հարստացնել առօրյա կյանքում հանդիպող հնարավորինս բոլոր բառերով և այդ բառերի օգտագործմամբ նախադասություններով՝ աչքի առաջ ունենալով այդ թեմաները:

Էրդալ բեյ, ուրիշ ուսումնասիրություններ ունե՞ք հայերեն: Կամ էլ կունենա՞ք:

Շնորհակալ եմ Շահին բեյ: Կա անշուշտ: Թե հաջողվի, տա Աստված՝ էլի կլինի: Այս ոլորտում, նախ և առաջ, «Արևմտահայերեն սորվելու մեթոտը» վերնագրով գիրքս անգլերեն էլ ցանկացա թարգմանել և գլուխ բերել՝ “Learning Method for Western Armenian” վերնագրով: Այս գիրքս էլ հրատարակվեց: Զուգահեռ երաժշտագետ ընկերներիս՝ Սամի Դուրալի ու Սեմիհ Օզդեմիրի հետ միասին մոտ երկու տարի է, ինչ աշխատում ենք 1834-1881 թթ. ապրած հայտնի հայ երգի և երաժշտության հետազոտող Եղիա. Մ. Տնտեսյանի «Տարերք Երաժշտութեան» ուսումնասիրության վրա, որի ծանոթագրություններով թարգմանությունը բնագիր տպագրությամբ հանդերձ շատ շուտով կբերենք գիտության աշխարհ և կհրապարակենք: Այս առումով վերոնշյալ ուսուցիչներիս հետ աներևակայելի ոգևորության մեջ ենք: Քանզի կասկած չունենք, որ այս երկի շնորհիվ ժողովրդի մի  նշանակալի հատվածում մեծ տարածվածություն ունեցած «Համբարձում» երաժշտական նոտագրությունը որպես հիմք ունենալով, թուրքական երաժշտության նոտագրության և թուրքական երաժշտության ձայնագրությունները ներկայացնելով միասնական ձայնագրության բնութագրի մեջ, վերջինիս հետ առնչվող անորոշություններին միասնական մոտեցում ցույց տալու պատճառով, լինելու է թուրքական երաժշտության ուսումնասիրողների կիրառելիք հիմնական աղբյուրներից մեկը: Կարծում ենք, որ սա մեծ ներդրում կունենա թուրքական երաժշտության վրա կենտրոնացած բազմաթիվ երաժշտագիտական ուսումնասիրությունների մեջ, քանզի այն  լիովին նոր տեսակետ է բացում այն աղբյուրների վրա, որոնք քանակական նկարագրություն են տալիս հնչյունային համակարգին, ինչի վրա էլ հիմնված է թուրքական երաժշտությունը: Ինչպես վերևում ասեցի, այս լեզվով գրված տասնյակ հազվագյուտ աշխատանքներ են հայտնաբերվում, որոնք բերվելու են ինչպես ակադեմիական հանրության շրջանակ, այնպես էլ գիտության աշխարհ: Այս լեզվին ծանոթ հետազոտողների թիվն օրեցօր աճում է․ նրանց թվում նաև ես եմ: Այսպիսով, շատ հետազոտողներ իրենց աշխատանքով կնպաստեն մեր մշակույթի հարստացմանը: Բացի սրանցից, նախագծեր կան, որոնք կցանկանայի առաջիկա ժամանակաշրջանում գիտության աշխարհ բերել՝ արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունների վերաբերյալ հոդված, արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բառարան, քերականական ուսումնասիրություններ և հայերեն տեքստային թարգմանություններ: Սրանից էլ զատ, թուրքական երաժշտության վերաբերյալ իմ ուսումնասիրությունները շարունակվում են, և մտադիր եմ մոտ ժամանակներս գիրք հրատարակել իմ դոկտորական ուսումնասիրության վերաբերյալ, որը պատրաստել եմ «Mecmûa-yı Letâif Fî Sandukati’l-Meârif» (Տառադարձություն-գնահատում) վերնագրով:

Էրդալ բեյ, որպես ավարտ ցանկություն ունե՞ք որևէ բան ասելու:

Շահին բեյ, շատ շնորհակալ եմ ինձ այս հնարավորությունն ընձեռելու համար: Ազնվական քայլ էր… Լեզուն միավորում է երկու մարդկանց, կամուրջ է ստեղծում սրտերի միջև, այբուբենով սկսվող շփումը վերածվում է բարեկամության և շարունակվում է, միայն լեզվի միջոցով են մարդիկ իրար մեջ գեղեցիկ բաներով կիսվում … Կարճ ասած, այս իմաստալից պատմությունը ձեր միջոցով կփոխանցվի, և դրա մասին կտեղեկացվի ավելի լայն զանգվածներին, ինչն ինձ ավելի երջանիկ կդարձնի և ինձ համար հպարտության աղբյուր կդառնա: Շատ շնորհակալ եմ, առողջություն և բարեկեցություն եմ մաղթում ձեզ:

https://www.gercekgundem.com/yazarlar/sahin-aybek/3560/erdal-kilicin-bati-ermenicesi-ogrenim-metodu-kitabi-hakkinda

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net