կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 18:46
Առանց Կատեգորիա

Վնասով աշխատելը շահութաբե՞ր է. քաղաքապետարանի խեղկատակությունը

Վնասով աշխատելը շահութաբե՞ր է. քաղաքապետարանի խեղկատակությունը

Երևանի քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա էին բերել ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեին, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուստի ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը:

 

Քաղաքապետարանը, սակայն, մոռացել էր բացատրել, թե այդ ինչպես է պատահել, որ համատարած այդ գնաճը հաջողությամբ շրջանցել է քաղաքային մետրոն, որի ուղեվարձը, փաստորեն, մնում է անփոփոխ, այն դեպքում, երբ բարձրացել էր նաև էլեկտրաէներգիայի սակագինը:

 

Տնտեսվարող սուբյեկտները և քաղաքապետարանը, այսպիսով, Երևանի բնակիչների դեմ ձևավորել են միասնական ճակատ` նրանց դնելով սովորական ապուշի տեղ: Նախ` անտրամաբանական է, որ որևէ տնտեսվարող կարող է շարունակաբար, ամիսներով ու նույնիսկ տարիներով շահույթ ստանալու փոխարեն վնաս կրելու պայմաններում շարունակել գործունեությունն այդ ոլորտում, որքան էլ քաղաքապետարանն ինչ-որ թվանկարչությամբ փորձի իր ասածներին լրջության տեսք տալ: Իսկ ինչպես իրենք` տնտեսվարողներն են պնդում, ուղեվարձը բարձրացնելու հայտով նրանք քաղաքապետարանին դիմել են դեռևս 2008-ից: Մինչդեռ այդ ընթացքում, փաստորեն, հետևողականորեն ինքնասնանկացման գնացող այս մարտիրոսները ոչ միայն շարունակել են աշխատել սովորական ռեժիմով, այլև դեռ կարողացել են, չգիտես` ինչպես, ներդրումներ կատարել` տրանսպորտային պարկը թարմացնելու համար: Նման բան անելու համար մարդ պետք է կա'մ խելապակաս լինի, կա'մ զբաղվի բարեգործությամբ, ինչպես, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը Երևան-Աբովյան երթուղում անվճար ուղևորափոխադրումներ կատարելիս: Մինչդեռ Երևանի ներքին տրանսպորտային հանգույցի պարագայում հնարավոր չէ խոսել ո'չ բարեգործության ու ո'չ էլ խելապակասության մասին: Որովհետև եթե այդպես լիներ, ապա Երևանում երթուղային տաքսիների կամ ավտոբուսների վարորդներ չպետք է մնային:

 

Երկրորդ` իրականում այդ ոլորտը մշտապես եղել է գերշահութաբեր, ինչով և պայմանավորված է եղել քաղաքական ու տնտեսական էլիտայի անհագ հետաքրքրությունը «գծերի» և գծատեր դառնալու նկատմամբ: Եվ ուղևորափոխադրումների ոլորտում կատարվողը, ինչպես նաև քաղաքապետարանի տված հիմնավորումներն անուղղակիորեն բացահայտում են այս ոլորտում ձևավորված խայտառակ հարաբերությունները ստվերային գերշահույթների ապահովման մասով: Եթե այդ տնտեսվարողները հայտարարում են վնասով աշխատելու մասին, իսկ քաղաքապետարանը հաստատում է դա, նշանակում է նրանք պետության առջև իրենց հարկային պարտավորությունները չեն կատարել ամբողջ ծավալով, և պետությունը դա ընդունել է ի գիտություն, այն դեպքում, երբ ոլորտում իրական դրամաշրջանառությունը տեղի է ունեցել` բյուջեն շրջանցելով ու ապահովելով մի քանի շատ կոնկրետ անձանց գերշահույթները հենց նույն պետության քթի տակ:

 

Քաղաքապետարանի հավաստիացումները տնտեսվարողների կրած վնասների մասին, այլ կերպ, քան հաստատված այս կեղտոտ հարաբերությունները լեգալացնելու փորձ, չի կարելի որակել: Այս պայմաններում քաղաքապետարանը որոշում է ընդառաջել տնտեսվարողների ցանկությանը և բարձրացնել սակագինը, պարզապես առանց սեթևեթանքների մեծացնում է դրանց իրական տերերի շահույթների ծավալները, որովհետև գազը թանկացել է ընդամենը 18 տոկոսով, մինչդեռ ուղևորափոխադրումները` 50: Դա նշանակում է, որ գծատերերի շահույթներն ավելանալու են մոտավորապես 38 տոկոսով, մինչդեռ պետական բյուջեն դրանից ոչինչ չի շահելու:

 

Եվ սա հերթական դեպքն է, երբ պետությունն ուղղակի մի փոքրիկ «դասակարգի», խմբի բիզնես հետաքրքրություններին զոհաբերում է հասարակական շահը` մի իրավիճակում, երբ սոցիալական բևեռացումն այդ շրջանակների միջև, ինչպես նաև արտագաղթի տեմպերը հասել են ուղղակի կատաստրոֆիկ մակարդակի: Նման ճոխություն իրեն կարող է թույլ տալ միայն բացարձակապես ոչ ադեկվատ իշխանությունը, որի պարագայում հասարակության ապակողմնորոշումը, մանիպուլյացիան ու պարզ խաբեությունը դարձել են պետական կառավարման հիմնական լծակները: Հետևաբար, այն մեթոդը, որն ընտրել է քաղաքապետարանը հասարակությանը ուղեվարձի բարձրացումը հիմնավորելու համար, բնավ զարմանալի չէ: Եթե սովորական ընտրողի գրպանը գրեթե ստիպողաբար 5-10 հազար դրամ դնելուց հետո իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչները, նույն այդ քաղաքացու աչքերին նայելով, ասում են, թե անցկացրել են ամենադեմոկրատական ընտրությունները, եթե ընտրություններ կոչվող վերարտադրողական պրոցեսը անվտանգ ավարտին հասցնելու համար պետությունը կարող է թաքցնել մոտ մեկ տարի շարունակ սահմանի վրա գազն ավելի թանկ գնով ձեռք բերելու հանգամանքը, ապա ինչո՞ւ պետք է զարմանալ վնասով աշխատելը որպես շահութաբեր գործ ներկայացնելու` քաղաքապետարանի այս խեղկատակային ներկայացումից; Այնպես որ` ամեն ինչ առավել քան օրինաչափ է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ