կարևոր
3997 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-05 17:40
Հասարակություն

Իշխանության թիրախում եկեղեցու ինքնակառավարման համակարգն է. Արա Զոհրաբյան

Իշխանության թիրախում եկեղեցու ինքնակառավարման համակարգն է. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը: Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, ի շնորհիվ նաև իր ինքնակառավարման համակարգի: Այս իշխանության և նրա արբանյակների տարատեսակ և տարաբնույթ շարժումները թվում է, թե ուղղված են անձի դեմ, բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Իրականում, այս իշխանության թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է, որին հասնելու համար կոնկրետ անձանց են թիրախավորում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է որոշումներ ընդունելու ազգայինեկեղեցական գլխավոր հիմնահարցերի վերաբերյալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել: Հանրահավաքների կամ հանրային այլ միջոցառումների կամ ճնշումների միջոցով չի կարելի ազդել Եկեղեցու ներքին կյանքի վրա: Այդպիսի հնարավորություն չունի և չպետք է ունենա նաև պետությունն իր իշխանություններով: Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:

Այս իշխանության բացասական վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ զգացվել է 2018 թվականից (արկածախնդիրների կողմից դիվանատան տարածքը գրավելուն օժանդակելը, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձերը, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, նախածննդյան տոները վերացնելը, Կաթողիկոսի ուղերձի ժամանակացույցը փոխելը…..): ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Որպես քրիստոնյա կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին: Իմ ընկերները և հարազատները, ինչպես նաև ինձ շատ անծանոթ հայրենակիցներ, որոնց իմ հարազատն եմ համարում, նույնպես կանգնած են Եկեղեցու կողքին: Այսօր ժամը 17:00-ին, ընկերներիս հետ, Սուրբ Գայանե վանքում մասնակցելու ենք Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագին»: