Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում առանձին հանդիպումներ պլանավորված չեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների ծրագրեր չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,- նշել է Պեսկովը` պատասխանելով գործակալության թղթակցի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության մասին հարցին։
Մինչ այժմ Երևանն ու Բաքուն չեն հայտարարել Փաշինյանի և Ալիևի միջև Ռուսաստանում երկկողմ հանդիպում անցկացնելու մասին, սակայն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջին բազմակողմ միջոցառումն է, որին մասնակցելու են երկու երկրների ղեկավարները։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, այդ հանդիպումն այս տարվա ընթացքում հինգերորդն էր։ Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նրանք եռակողմ բանակցություններ էին անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Մայիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Բրյուսելում և Մոսկվայում՝ համապատասխանաբար Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հունիսին Մոլդովայում կայացած բանակցություններին միացել էին Շառլ Միշելը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված բանակցություններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նա այսօր մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` վաղը Սանկտ Պետերբուրգ է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։