կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 13:05
Քաղաքական

Երեք նախագահները կհանդիպե՞ն

Երեք նախագահները կհանդիպե՞ն

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հրապարակային առաջարկությամբ` ուղղված երկրի երկու նախկին  ղեկավարներին եւ ներկայիս նախագահին: Ստեղծված իրավիճակում, ըստ Իսագուլյանի, քաղաքական վերնախավը, իշխող կոալիցիան ունակ չէ որեւէ հարց դնել քննարկման եւ լուծում առաջարկել, պետք է հատուկ մարմին ստեղծել` նախագահների խորհուրդ, որն էլ կգտնի լուծումներ: Այդ մարմինը, ըստ Իսագուլյանի, կարող է բաղկացած լինել Հայաստանի նախկին եւ ներկայիս նախագահներից, կարող է ունենալ երեք (ՀՀ նախագահներ) + երկու (Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան) կամ երեք (ՀՀ նախագահներ) + երկու (Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան)+ երկու (Վեհափառներ) ձեւաչափերը:

 

Բանախոսն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե նախքան Մոսկվայում Մաքսային միության վերաբերյալ հայտարարություն անելը քննարկումներ են եղել, տեսակետների բախումներ: Այսօր մի մեխանիզմ է գործում, որ վերեւից ասված մի միտքը կրկնում են բոլորը:

 

Իսկ առաջարկված ձեւաչափերից ցանկացածի դեպքում, ըստ Իսագուլյանի, ազատ կարծիքներ կարտահայտվեն եւ որեւէ մեկը, ասենք, Քոչարյանին կամ Տեր-Պետրոսյանին չի կարող ստիպել, պարտադրել որեւէ կարծիք, ամեն մեկն ազատ կլինի իր մտքերն արտահայտելու հարցում:

 

Իսագուլյանը նշեց, որ երեք նախագահներին էլ լավ ճանաչում է, երեքի հետ էլ սեղան է նստել, նույն թամադան` երեքի օրոք էլ, տարբեր ժամանակներում, երկրի հաջողությունները պայմանավորել է տվյալ օրվա նախագահով: Նա տեղեկացրեց, որ առնվազն երեք տարի երեք նախագահները որեւէ հանդիպում, քննարկում չեն ունեցել, եւ համարում է, որ նախագահների հանդիպումը կառողջացնի մթնոլորտը քաղաքական վերնախավում, երկրորդ` կխթանի նույն կարգի բանավեճեր ավելի ստորին օղակներում:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե իրատեսակա՞ն է համարում նման հանդիպումը` հաշվի առնելով երեք նախագահների ամբիցիաները, հատկապես` գործող նախագահի, Իսագուլյանը պատասխանեց, որ եթե անձնական ամբիցիաներով են առաջնորդվում, ստացվում է` այս տարիների ընթացքում պետական խնդիրներ լուծել չեն ցանկացել:

 

Նա նշեց, որ վիրավորված է երեք նախագահներից էլ. երբ Տեր-Պետրոսյանի օրոք փախուստի մեջ էր, Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով ութսունամյա մորը շղթայել են, Քոչարյանի հետ էլ կապված` այլ խնդիրներ են եղել: Բայց մեկ է, ինքը` Իսագուլյանը, մի կողմ է դնում այդ ամենը եւ առանձին-առանձին դիմելու է երեք նախագահներին` նախագահների խորհուրդ ստեղծելու առաջարկով: Նա կարծում է, որ «երկրի մասին մտահոգությունը» Սերժ Սարգսյանին կարող է  ստիպել համաձայնել այդ հանդիպմանը: