կարևոր
2068 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 15:19
Քաղաքական

Այս տարի չի լինի. Գրիգորյանը` ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հանդիպման մասին

Այս տարի չի լինի. Գրիգորյանը` ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հանդիպման մասին

Քանի որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովների անցկացման աշխատակարգը, շուտով պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր եւ հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև հանդիպման վայր և ամսաթիվ այս պահին չկա։ Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, եւ ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը,  մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում եւ այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»:

Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաեւ երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»:

Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաեւ սահմանագծման գործընթացը բավականին երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է  քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը: