կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 16:26
Քաղաքական

Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է․ 168․am

Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է․ 168․am

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկը նաև գրել էր, թե, իր տեղեկություններով, Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։

Մամուլում տեղ գտած այս տեղեկությունների կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։

«Այո, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողությունները և Արցախը։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան մեր հարցման, արձագանքեց․ «Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինված կեղծիք է»։