կարևոր
3700 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-14 14:09
Քաղաքական

ՏԵՂԵԿԱՆՔ № 4՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 4՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

27․11․2018թ․, ելույթ Ալավերդի քաղաքում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ

Խոստում - Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու:

Իրական պատկեր – Փաշինյանի այս ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրը թանկացել էր, պարզապես համաձայնություն էր կայացվել թանկացումը կիրառել 2024 թվականից։ Դրա դիմաց կառավարությունը համաձայնել էր նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները։

Այս խոստումից հետո Հայաստանում խմելու ջուրը երկու անգամ թանկացավ՝

2022թ․ հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով

2023թ․ հունվարի 1-ից՝ 9 դրամով

2024 թվականի հունվարի 1-ից խմելու ջուրը կէժանանա 2,47 դրամով և կկազմի 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով։

 

20.07.2018թ․, Մամուլի ասուլիս

Ելույթ - Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել թոշակ բարձրացնելու համար

Իրական պատկեր - Հայաստանի պետական պարտքը գործող կառավարությունն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով։ 2023թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կզմել է 4 տրլն 454 մլրդ դրամ կամ 11 մլրդ 322 մլն դոլար։

09․02․2021թ․ ԱԺ ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։

 

17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: 

Իրական պատկեր - Հայաստանում 2018 թվականից ի վեր տեղի չի ունեցել որևէ հանրաքվե, չնայած բազմաթիվ կարևոր իրադարձություններին։ Չի եղել որևէ որոշում, որի կատարումից առաջ հանրության կարծիքը հաշվի առնվեր։ Ավելին, ՔՊ-ականները հայտարարում են, որ ընտրություններին քվեարկելով՝ ժողովուրդը համաձայնություն է տվել ՔՊ-ի և ՔՊ-ական կառավարության որոշումներին։ Միակ դեպքը, որ պետք է հանրաքվե տեղի ունենար, վերաբերում էր սահմանադրական փոփոխություններին․ իշխանությունը ցանկանում էր Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանին և ևս 6 դատավորի հեռացնել։ Հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020թ․ ապրիլի 5-ին։ Սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանրաքվեն չեղարկվեց, դրա փոխարեն ընդամենը արվեց օրենսդրական փոփոխություն։

Համաձայն ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ Այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի սահմանների փոփոխության մասին է և արդեն կասկածելի է, որ չի խախտվի ՀՀ Սահմանադրությունը, և իշխանությունը կգնա հանրաքվեի։

 

21.05.19թ․, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողով ԳԱԱ-ում

Խոստում - Կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Եվ այո, երկու օր առաջ առաջին լուրը հայտնվեց, որ Ucom ընկերությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: 

Իրական պատկեր - 15․11․2023թ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց «ՄՏՍ–Հայաստան»–ի վաճառքի մասին որոշումը։ «Վիվա Սելլ» ընկերության բաժնետոմսերի 100%–ը անցնում է կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Ի հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստման, ոչ միայն տեղի չունեցավ բաժնետոմսերի բաց վաճառք, այլև Հայաստանում բջջային կապի ամենաշատ բաժանորդներ ունեցող և ռազմավարական նշանակություն ունեցող «ՄՏՍ–Հայաստան»–ի գնորդ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա:

 

08․05․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում

Խոստում - Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլև իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և ընդհանրապես տրամաբանությանը:

Իրական պատկեր – Սկսած 2020թ․ կորոնավիրուսային իրավիճակից, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց և ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձև են նաև հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնց չվճարելու դեպքում սահմանված են դարձյալ տուգանքներ։ Բերենք մի քանի օրինակ․

  1. Շինթույլտվության տուրքերը թանկացել են 10 անգամ
  2. Այսուհետ հարկվում է բնակարանի վաձակալությունը՝ 10 տոկոսով
  3. Փողոցային երաժիշտները այսուհետ պետք է մինչև երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ այդ ժամից սկսած՝ 100 մետր հեռավորության վրա։ Կարգը խախտելու համար տուգանք է՝ մինչև 800 հազար դրամ։
  4. Ծխելու դեմ պայքարի շրջանակներում մեծ տուգանքներ են սահմանված բազմաթիվ վայրերում ծխելու համար
  5. Տուգանք է սահմանված հանրային սննդի վայրերում, ռեստորաններում աղաման դնելու համար, մինչ հաճախորդի պահանջելը։
  6. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրցվել են։ Այժմ այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Գույքահարկ է վճարում անգամ վթարային շենքի բնակիչը։
  7. Երևանի քաղաքապետարանը որոշում է ներկայացրել ավագանու հաստատմանը, որով Երևանի կենտրոնում կարմիր գծերի 12 հազար դրամ տարեկանվճարը դառնում է 160 հազար դրամ, իսկ վարչական շրջաններում 0 դրամը դառնում է 24 հազար դրամ։ Նշվում է թե խնդիրը կենտրոնում բեռնաթափելն է, բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մյուս վարչական շրջաններում մտցվում վճար։
  8. Կրկնակի տուգանքի համակարգ է ներդրվել․ եթե նախկինում վարորդները տուգանվում էին երթևեկության խախտումների համար, այժմ և՛ տուգանվում են, և՛ զրկվում են բալերից
  9. Երևանում փողոցային առևտրի համար սահմանված է տուգանք՝ գույքի խլումով
  10. Ոստիկանությունը բջջային հավելված է թողարկել՝ քաղաքացիներին կոչ անելով նկարել իրենց հանդիպած դեպքերը, որոնք կհամարեն խախտում և ուղարկել ոստիկանությանը՝ տուգանելու համար
  11. Ընդհանուր օգտագործման ճանապարհների օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացել է
  12. Տուգանք է սահմանված ձմերուկը կտրտած վաճառելու համար
  13. Մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք է նշանակվել 200 հազար դրամ
  14. 11․12․2023թ․ խորհրդարանը քննարկեց «Պետական տուրքի մասին օրենքում» լրացումը, որով առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։
  15. Միկրոբիզնեսը 1 աշխատողի համար այլևս վճարում է 20 տոկոս եկամտահարկ՝ ի տարբերություն նախկինում 5000 դրամի։

Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։

Այս ամենին հավելենք 06․11․2022թ․ միջադեպը, երբ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ինքնահրկիզվել էր։ Շրջակայքը հսկող ոստիկանները մարել էին կրակը, նրան հոսպիտալացրել։ Վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզում կատարած քաղաքացին 47-ամյա Ազիզ Ուսոյանն էր, որի եղբայրը հայտնել էր ինքնահրկիզման պատճառը․ նրա եկամտի աղբյուրը երկաթյա և պլաստմասե իրերի հավաքում-հանձնումն էր։ ԴԱՀԿ-ն, սակայն, 10 հազար դրամի տուգանքի պատճառով մեքենան խլել էր տղամարդուց: Հուսահատ տղամարդը դիմել էր այդ քայլին՝ ինքնահրկիզումից առաջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին։

 

06.10.2021թ․, Ելույթ ԱԺ-ում

Խոստում - Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի, բանակցություններն արդեն սկսվել են

Իրական պատկեր - Հայաստանում ատոմակայանի կառուցումը խոսակցություններից այն կողմ չի անցել։

 

Շարունակելի

 

Կարդացեք նաև՝

ՏԵՂԵԿԱՆՔ № 1 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 2 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 3 –ը