Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerevan.Today-ը գրում է․
Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
10․08․2018թ․, Հանդիպում՝ Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ
Խոստում - Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ:
Իրական պատկեր - Այս խոստման ճակատագիրը՝ թվերով․
Միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400: 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, տարբերությունը եղել է դրական: Իսկ ահա 2021-ին աննախադեպ բարձ աճ է արձանագրվել արտագաղթողների՝ միգրացիայի մնացորդը կազմել է - 43 874: 2022-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան է ժամանել 1 479 798 մարդ, մեկնել՝ 1 507 739-ը։ Տարբերությունը ևս բացասական է՝ – 27 941:
Նշենք, որ Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ՝ 86 հազարով պակաս 2011թ․ համեմատ։
17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Խոստում - Նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա:
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմանալու է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվում։
2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։
Այս փաստաթուղթը ևս ընդունվեց առանց ժողովրդի իմացության և մասնակցության։
06․03․2019թ․, ելույթ խորհրդարանում
Խոստում - Մենք արդյո՞ք գերանդին առնելու և հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, և կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն։
Իրական պատկերը - 07․03․2019թ․, կառավարության նիստում հաստատվեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և ուղարկվեց ԱԺ, որը հաստատեց այն։ Նախարարությունների թիվը կրճատվեց, 17-ի փոխարեն դարձավ 12։ Մշակույթի, սպորտի նախարարությւոնները միավորվեցին Կրթության և գիտության նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությունը միացավ տնտեսական զարգացման նախարարությանը և անվանվեց էկոնոմիկայի նախարարություն, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մտավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմ, Սփյուռքի նախարարությունը դադարեց գործել, հետո դարձավ Սփյուռքի կոմիտե՝ ավելի քիչ աշխատակազմով։ Կրճատվեցին վարչություններ, բաժիններ, աշխատակազմերի կրճատումներ եղան։
Ի դեպ, հրապարակված չէ պաշտոնական որևէ վերլուծություն, թե ինչ է շահել պետությունը այս միավորումներից։ Ընդհակառակը, մշակույթի և սպորտի ներկայացուցիչ-փորձագետները բազմիցս պնդել են, որ սխալ էր ոլորտի միավորումը կրթության նախարարությանը, քանի որ անելիքները խոշոր հաշվով տարբեր են, իսկ գյուղոլորտի փորձագետները տարեց տարի գրանցվող անկումները կապում են նաև նախարարություն չլինելու հետ՝ ասելով որ էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղոլորտի համակարգումը թերի է։
Համաձայն վիճակագրական ծառայության, գյուղատնտեսության աճը 2022թ․ կազմել է ընդամենը 0,4 տոկոս։
21.05.2019թ․, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողով ԳԱԱ-ում
Խոստում - Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել:
Իրական պատկեր – 28․04․2021թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։ Այսինքն, չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու խոստումը չի հաջողվում կատարել։ Ավելին, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստման, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բհազմաթիվ հակառակ հայտարարություններ է արել։ Մասնավորապես,
29․12․2020թ․ նա հայտարարեց․ «Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ»:
2022 և 2023թ․ խաղողի մթերման ցածր գնի դեմ բողոքող գյուղացիներին Էկոնոմիկայի նախարարը բազմիցս խորհուրդ է տվել թողնել հողագործությունը և աշխատանքի անցնել այլ ոլորտներում կամ մեծ հողակտորներ ունեցողների մոտ, քանի որ, ըստ նրա, փոքր հողակտոր ունեցողները չեն կարող բարելավել իրենց վիճակը։
03․07․2019թ․, Խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման, ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ
Խոստում - Այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:
25․01․2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»:
Իրական պատկեր - 2022թ․ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Fly Arna ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այն անվանվեց Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերություն էր։ Այս տարվա դեկտեմբերի 1-ին, սակայն, մամուլը գրեց, որ Fly Arna ընկերությունը դադարեցնում է թռիչքները, քանի որ ունի կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատեց ֆինանսական խնդիրները և ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն կա։
Ընկերությունը դեռևս չի դադարեցրել թռիչքները, սակայն, համաձայն մամուլի, «Fly Arna» ուներ ընդամենը երկու ինքնաթիռներից, որոնցից մեկը, արդեն, դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան։
Շարունակելի
Կարդացեք նաև՝