Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerevan.Today-ը գրում է․
Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
20․07․2018թ․, Մամուլի ասուլիս
Խոստում - Կառավարությանը կհաջողվի տնտեսական աճը հասցնել քաղաքացիներին
Բազմաթիվ անգամներ այս միտքը Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները կրկնել են, այնուհետև հայտարարել, որ արդեն զգում են քաղաքացիները տնտեսական աճը: Մասնավորապես․
11․11․2022թ․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույց․
«Կարծում եմ՝ մենք վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ Հայաստանն ունի։ Այսօր էլ քաղաքացիները այդ աճն զգում են: Իհարկե, գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց․․․»։
Իրական պատկեր – Հայաստանում աղքատությունը շուրջ 25 տոկոս է պաշտոնապես, ոչ պաշտոնապես, մասնագետների հաշվարկներով, աղքատ է բնակչության կեսից ավելին։ Աղքատությունը 2018 թվականին 23,4 տոկոս էր, այսինքն՝ աճել է։ Սա ընդամենը ցուցանիշներից մեկն է, որը փաստում է՝ տնտեսական աճը քաղաքացիների վրա ազդեցություն չի ունենում։ Իսկ տնտեսական աճի բարիքներից օգտվում են, ինչպես ցույց է տրված հայտարարագրերում, պաշտոնյաները, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները, որոնք, գրեթե առանց բացառության, անցնող տարիներին բազմապատկել են եկամուտները և ձեռք բերել բնակարան(ներ)
17․08․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում
Խոստում - Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի:
18.02.20թ․, Խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ
Խոստում - Մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով:
Իրական պատկեր - Այս խոստումը կարելի է դասել ամենաակնհայտ տապալվածների շարքին։ Իրականում կառավարության իրականացրած անարդյունավետ ծախսերը, մեր գնահատմամբ, հարյուրավոր են, որոնց բազմիցս ենք անդրադառնում` թե՛ Yerevan.Today-ը, թե՛ այլ լրատվամիջոցներ։ Թվարկենք մի քանիսը՝ ըստ պաշտոնական տեղեկությունների և մամուլի՝ չհերքված հրապարակումների․
Եվ այլն, և այլն, և այլն։
Թե երկրի համար որքանով են օգտակար եղել այս ծախսերը, թողնում ենք հանրության դատին։
17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Խոստում - Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը․․․ Մենք հետևողականորեն, ա՛յո, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե իր կադրային քաղաքականությամբ սկսեց հայ-ռուսական հարաբեությունների խզումը՝ բարձր պաշտոնների նշանակելով նախկինում ակտիվ հակառուս անձանց։ Այնուհետև տարբեր փուլերում Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական բառապաշարը միմյանց նկատմամբ կոշտացրին։ Այսօր, թերևս, կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները խզման շեմին են, Հայաստանը չի մասնակցում ԱՊՀ, ՀԱՊԿ միջոցառումներին՝ ոչ մի մակարդակով՝ կլինի գագաթնաժողովներ, տարբեր կառույցների ղեկավարների հանդիպումներ, զորավարժություններ։ Խոսակցությունները շատ են, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։ Հայ-ռուսական բարեկամությունը փոխվել է դիվանագիտական հակամարտության։ ՔՊ-ական պատգամավորները հանդես են գալիս հակառուսական, երբեմն՝ թշնամական հայտարարություններով, Հայաստանի բոլոր ձախողումների մեղքը բարդում Ռուսաստանի վրա, ինչը Արևմուտքի երկրների կողմից ընդունվում է ողջույններով։
28․03․2019թ․, ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ելույթ
Խոստում - Հայաստանում ընդունելի աշխատավարձ կարող է համարվել միայն այն աշխատավարձը, որը ոչ թե 80 հազար դրամից է սկսվում, այլ 500 հազար դրամից և ավելի:
Իրական պատկեր - Հայաստանում աշխատավարձը պաշտոնապես սկսում է 75 հազար դրամից։ Պետական սեկտորում 500 հազար դրամից բարձր է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։
Հայաստանում աղքատ քաղաքացիների մեջ մեծ թիվ են կազմում հենց աշխատանք ունեցողները, քանի որ աշխատանքի վարձատրությունը ցածր է։ Սրան զուգահեռ՝ 2024 թվականի բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։ Ընդ որում, փաստենք, որ աշխատավարձը եթե բարձրանում է, ապա՝ խիստ անհամամասնորեն։ Օրինակ, եթե նվազագույն աշխատավարձը բարձրանում է ընդամենը 7 հազար դրամով, ապա նախարարների աշխատավարձը՝ 200 հազար դրամով, պատգամավորներինը՝ 180 հազար դրամով, իսկ վարչապետինը՝ 250 հազար դրամով։ Այս տարիների ընթացքում դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են՝ 90 և ավելի տոկոսով հավելավճարների հաշվին։ Ինչպես նաև մշտապես տրվում են պարգևավճարներ։
22․04․2019թ․, հանդիպում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ
Խոստում - Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:
Իրական պատկեր - Խոստումից 3 տարի 7 ամիս անց Հայաստանի խոշոր հարկատուների 1-ին տեղում հենց հանքարդյունաբերող ընկերություն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդ տեղում բնական մենաշնորհի տիրույթում գործող ընկերություն է՝ «Գազպրոմ Արմենիան», առաջին տասնյակում է ծխախոտի արտադրությամբ և վաճառքով զբաղվող երկու ընկերություն, երկու բանկ, վառելիք ներկրող ընկերություն և այլն։
14.07.22թ․, Խորհրդակցություն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում
Խոստում - Կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին:
Իրական պատկեր - Հայաստանում գրանցված ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության «սև ցուցակում», որտեղ հայտնվել էին 2020 թվականի հունիսից: Եվրոպական կողմը ստուգումներ էր իրականացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում և թերություններ հայտնաբերել, հատկապես՝ թռիչքային անվտանգության ուղղությամբ․ դրանք չեն համապատասխանում թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին և ըստ այդմ՝ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Հայաստանը դեռ չի հանվել սև ցուցակից․ համաձայն Եվրահանձնաժողովի, Հայաստանը թերությունների վերացման հարցում առաջընթաց չունի։
Շարունակելի
Կարդացեք նաև՝