Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
14.11.18թ․ Ելույթ Ազգային ժողովում
Խոստում - Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն որ կուսակցությունից ու դաշինքից կլինի, իշխանությունից թե ընդդիմությունից։ Մենք, այո, ունենալու ենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները:
15․11․2018թ․, ելույթ կառավարության նիստում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Խոստում - Նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար:
Այս ելույթից օրեր առաջ՝ 04․11․2018թ․, Ազգային ժողովում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց․ «Ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրական գործընթացներում»։
Իրական պատկեր - Թե ինչ եղավ այս խոստման հետ, թերևս բավարար կլիներ դիտարկել միայն Երևանում տեղի ունեցած վերջին ընտրությունները, որի ժամանակ դպրոցների, մարզադպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների աշխատողները ցուցակագրված մասնակցում էին Տիգրան Ավինյանի քարոզարշավին։
08․09․2023թ․ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը ուղիղ եթերում մոտենում էր քարոզարշավի մասնակիցներին և հարցնում, թե ով որ հիմնարկից է։ Բազմաթիվ մասնակիցներից ընդամենը մի քանիսն էին, որոնք ասում էին՝ պարզապես բնակիչներ են, մնացածը պետական հիմնարկներից էին։ Կարճ ժամանակում հաշվել էր շուրջ 800 հոգու, որոնք բերվել էին ցուցակներով՝ գրադարաններից, մշակույթի կենտրոններից, Տորք Անգեղ սպորտդպրոցից, մանկապարտեզներից, դպրոցներից և այլն։
Ուսուցիչներին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին «բերման ենթարկելու» կադրեր կային նաև 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ։ Մասնակցում էին ոչ միայն ուսուցիչներ, նաև՝ աշակերտներ, չնայած որ դասերի ժամին էին հավաքները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այս խոստումը խախտեց այն տալուց հենց երկու շաբաթ անց։ 26․11․2018թ․, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Գեղարքունիքի մարզում, քարոզարշավին մասնակցում էին ուսուցիչներ և աշակերտներ։ Նա էլ լուսանկար տեղադրեց ֆեյսբուքյան էջում՝ գրելով «Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի եւս մեկ սաստիկ չարաշահում»:
2018թ․ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը 27․11․2018թ․ քարոզարշավի ժամանակ ելույթում ասաց․ «Ինձ լուրեր են հասնում «այն մտահոգներից», որ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ: Սա պետք է մերժել, արմատախիլ անել և այդ «մտահոգներին» ասել՝ գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, ձեր տեղը նստեք: Ես ուզում եմ, որ ուսուցիչը մեջքը պարզած քայլի»։ Այդ ժամանակ իսկ հանդիպման վայրում կային բազմաթիվ դպրոցականներ և ուսուցիչներ։
Եթե ՀՀԿ քարոզարշավներին երեխաների մասնակցությունը համարում էին «հանցավոր ռեժիմի ստոր քայլ», ապա իրենց ժամանակ հայտարարումն էին, թե երեխաները դասից փախել են, որ գան հանրահավաքի, տեսնեն «մեր սիրելի վարչապետին»։
10.08.2018 համայնքապետերի հետ հանդիպում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Խոստում - Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի:
Իրական պատկեր - Այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց» ջրի սովի մասին: Հոսանքի պես հասանելի ոռոգման ջուր խոստացած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ջուրը գնալով պակասելու է, որովհետև, ըստ իրեն, «սաղ աշխարհում է պակասում»։ Մասնավորապես, 13.04.2023թ․ հայտարարեց․ «Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մենք ինչ-որ ձևով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից սենց նստում ու նայում ենք, տեսնենք՝ անձրև ավելի շատ կգա՞, չի՞ գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»:
Հողագործները տարվա մեջ մի քանի անգամ ոռոգման ջրի համար ճանապարհներ են փակում։ Տեղի են ունենում ծեծկռտուքներ, անգամ՝ դանակահարություններ Արմավիրի և Արարատի մարզերում։
19.06.19թ․, Ելույթ խորհրդարանում
Խոստում - Քննչական կոմիտեն ջանքեր կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. նման պայմանավորվածություն եղել է։
Իրական պատկեր - Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն։ Զոհերի հարազատները այս ընթացքում բազմիցս բողոքի ցույցեր են արել և նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որևէ արդյունք չկա․ ունեցել են մի քանի հանդիպում ՔԿ-ում, դատախազությունում, սակայն արդյունք չկա։
Միաժամանակ, բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ցավոք, քիչ չէ։ Համաձայն դատախազության՝ News.am-ի հարցման պատասխանի, 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 2022-ին գրանցվել է 64 դեպք, սակայն ոչ թե 7 ամիսներին, այլ՝ 12։ Նույն թվականին ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք։
Մեկ ամսից կլրանա մեկ տարին երկիրը ցնցած ողբերգության․ 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց, որի արդյունքում զոհվեց 15 զինծառայող։ Քննությունն այն մասով է, թե ինչպես պատահեց հրդեհը, ով բենզինը բերեց, ով լցրեց և այլն, սակայն պատշաճ բացատրություն չտրվեց, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը զինվորներին պահում խրճիթային պայմաններում։
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը։
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ 22․05․2023թ․ մամուլի ասուլիսում լրագրողի հարցին, թե՝ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությւոնը, որը Դուք ճանաչում եք, ներառո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Պատասխանեց, որ այո, Ադրբեջանի 86,600 քառակուսի Կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել է մի քանի անգամ, իսկ իրենից հետո հայտարարել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։
Մինչդեռ, համաձայն ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման, բնակչության 94,4 տոկոսը դեմ է Արցախի հարցում Փաշինյանի դիրքորոշմանը։
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։
Իրական պատկեր – կարելի է հիշել ընդամենը երեք դրվագ՝ հիմնավորելու համար, որ այս խոստումն ամբողջությամբ տապալվել է․
1․ 11․09․2018թ․, գաղտնազերծվեցին սկանդալային գաղտնալսումները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ և ՀՔԾ տնօրենները քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը, և ԱԱԾ տնօրենը հայտնում էր, որ դատավորին ասել է՝ ուզած-չուզած՝ կալանքը պետք է տա։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասով էլ պայմանավորվում էին այլ խափանման միջոց։ Այնուհետև հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ, արդեն, հիշյալ երկու պաշտոնյաները նույնը խորհրդակցում էին Նիկոլ Փաշինյանի հետ։
2․ 20․05․2019թ․, Նիկոլ Փաշինյանի հրահանգով շրջափակվեցին ՀՀ բոլոր դատարանների դռները։ Պատճառն այն էր, կալանքից ազատ էր արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ստիպված էր պատուհանով մտնել դատարանի շենք՝ արդարադատություն իրականացնելու համար, սակայն նրան հրեցին և գցեցին ներքև։ Այս ամենը տեղի էր ունենում ոստիկանության աջակցությամբ և այնուհետ նաև դատավորների կողմից բնութագրվեց որպես ճնշում գործադրելու փորձ դատարանների վրա, որը օրենքի կոպիտ խախտում է։
3․ Նիկոլ Փաշինյանը 05․06․2019թ․ ճեպազրույցում հայտարարեց․ «Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։
10.07.18թ․, Խորհրդակցություն՝ կառավարությունում
Խոստում - Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի
Իրական պատկեր – Հայաստանում թեև ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, սակայն այդ ասֆալտը շարքից դուրս է գալիս շատ արագ։ Անգամ վերակառուցված ճանապարհները վերակառուցումից ամիսներ անց դառնում են ոչ պիտանի։
Մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնվեց, և վարորդներին հատկացրեցին Տաթև-Աղվանի վերանորոգված շրջանցիկ ճանապարհը։ Սակայն այն չդիմացավ անգամ կես տարի։ 11․08․2022թ․ կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար։ Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե՝ ճանապարհը նախատեսված չէր բեռնատարների համար, միջհամայնքային ճանապարհ էր և այլն։
26․07․2023թ․ խորհրդարանում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով՝ ասաց․ «Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետևում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են։
Շարունակելի
Կարդացեք նաև՝