կարևոր
1558 դիտում, 7 ամիս առաջ - 2023-12-12 18:36
Քաղաքական

Հուսով ենք՝ ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը կլինի ոչ պակաս արդյունավետ. «Բալասանյան դաշինք»

Հուսով ենք՝ ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը կլինի ոչ պակաս արդյունավետ. «Բալասանյան դաշինք»

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

«Բալասանյան դաշինքն» այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2021 թ. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:

Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ. հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 12 ՀՈԱԿ-ում, ձեռք է բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորում, բազմաբնակարան երեք շենքի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականացվել, 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն:

 «Բալասանյան դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում:

Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել, կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ:

Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»: