Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի հերոսին՝ 25-ամյա Գեղամ Սահրադյանին, հանրությունը հիշում է որպես «Համերի» վարորդ։ Օրերս նրա կալանքի ժամկետը երկարացվեց եւս մեկ անգամ։ Արդեն հինգերորդ անգամ է երկարացվում նրա կալանքը։ Ամեն անգամ դատարանը նույն պատճառաբանությունն է բերում, որ Գեղամը կարող է դիմել փախուստի, եւ քանի որ նրա արարքը հանրորեն վտանգավոր է, այն ապագայում կանխելու համար միակ միջոցը նրան կալանավորելն է։ Փաստորեն, մարդասպաններն ու թալանչիները, մարդկանց ծեծող-ջարդող-խոշտանգող քննիչներն ու ոստիկաններն ազատության մեջ են, իսկ արարատցի երիտասարդը, որը հոգեկան խնդիրներ ունի եւ դիսպանսերում հաշվառման մեջ է եղել, շուտով մեկ տարին կլրանա, որ կալանավայրում է` միայն այն բանի համար, որ թմրամիջոցի տակ լինելով, վնասել է ոստիկանների գույքը։
Հիշեցնենք․ գործը դատարանում է։ Գեղամ Սահրադյանը, ըստ մեղադրանքի, թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, «հասարակության, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, «Hummer» մակնիշի 35 GM 730 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հիշյալ անձանց նկատմամբ գործադրել է բռնություն»։
Նրա հայրը՝ Արթուր Սահրադյանը, ցնցող մանրամասներ հայտնեց կալանքի նիստի վերաբերյալ, որոնց տեղեկացել է Գեղամի փաստաբանից։ Պարզվում է՝ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել են նաեւ ոստիկանները, որոնք, ի տարբերություն Գեղամի, նարկոտիկի տակ չեն եղել։ «Համերի» հետապնդման տեսանյութը, որն այն օրերին հանրությանն էր ներկայացվել, մոնտաժված է։ Իրական «բոլոլան» շատ ավելի թունդ է եղել։ Բայց իրավապահները կտրտել են նյութից այն կադրերը, որտեղ լսվում է, թե ինչ հայհոյանքներ են տալիս ոստիկանները Գեղամին, մայր ու հայր են հայհոյում, այնպիսի հիշոցներ են անում, որ երբ դատարանում տեսանյութի ամբողջական տարբերակը` Գեղամի փաստաբանի պնդմամբ, ցուցադրվել է, դատավորն ամոթից գլուխը կախել է։ Բացի դա, կառավարության շենքը հսկող ոստիկաններն ու պարեկները մոտ 40 րոպե կրակ են բացել Գեղամ Սահրադյանի ուղղությամբ։
«Իրենց կրծքի վրա դրված տեսախցիկների նյութերն են նայել։ Փաստաբանը դատավորին հարցրել է՝ բա որ սպանեի՞ն, ո՞վ իր փոխարեն լիներ, չէր փախչի։ 40 րոպե շարունակ 13 հաշվարկ մեքենա՝ կրակելով ընկել են հետեւից։ Տեսնես ի՜նչ քֆուրներ են տալիս, այլանդակ քֆուրներ։ Էլ մորդ սենց անեմ, էլ եսիմինչ, լավ ա՝ ես էնտեղ չեմ եղել։ Դատապաշտպանն ասել է տղայիս՝ լավ է պրծել ես գազանների ձեռքից։ Կսպանեին նրանք քեզ»։
Գեղամ Սահրադյանը վերջերս փոխել է փաստաբանին։ Նախորդը, որը հանրային պաշտպան էր, համոզում էր Գեղամին ընդունել բոլոր մեղադրանքները եւ սպասել դատավորի ողորմածությանը։ Գեղամ Սահրադյանը հոգեկան ծանր վիճակում է։ Նա երկու պատերազմ է անցել։ 44-օրյա պատերազմի օրերին Ջաբրայիլում 5 զինվորների է հանել շրջափակումից՝ փրկելով նրանց կյանքը։ Իսկ Երեւանում բազմիցս փախել է նարկոդիսպանսերից, հոգեբուժարանից, որտեղ հայրը նրան տեղավորում էր թմրամիջոցներից կախվածության պատճառով։ Նա սուիցիդալ մտքեր ունի։ Հորն ասել է, որ եթե իրեն թողնեն «Նուբարաշենում», «վենա կքցի»։ «Ինչ անեմ՝ չգիտեմ։ Մանավանդ, որ դեղերը էլ չի անում, դեպրեսիայի մեջ ա։ Ախր, նրան բուժել է պետք, գոնե հոգեբուժական բաժանմունքում տեղավորեն»»։