կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 12:53
Հասարակություն

Դրա պատասխանը «8 հարկանի» հայհոյանքը պետք է լիներ. Սուրեն Սարգսյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Դրա պատասխանը «8 հարկանի» հայհոյանքը պետք է լիներ. Սուրեն Սարգսյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելը լուրջ պլանավորված գործողություն է եղել: «Ամիսներ շարունակ հետևում էին,  հեռախոսս էին լսում, հետո գտան հարմար պահը»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ դեպքի մասին պատմեց ծեծի ենթարկված ազատամարտիկը:

 

Նրա խոսքով՝  երբ հատուկ ջոկատայինի համազգեստով դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա, իրեն թվացել է, թե ցանկանում են ձերբակալել իրեն, այդ պատճառով  չի կարողացել համապատասխան պաշտպանական դիրք գրավել: Ծեծի ժամանակ ասել են. «Ի՞նչ գործ ունես Թոխմախի Մհերի հետ, որ նման բան ես ասում»: Սակայն ազատամարտիկը կարծում է, որ  խնդիրը Մհերի հետ կապ չունի, քանի որ եթե Մհեր Սեդրակյանն իր հետ խնդիր ունենար,  ընդհանուր ծանոթների միջոցով կհանդիպեին ու կհասկանային իրար:

 

Դեպքից հետո իրեն այցելել են նաև այլ անձինք և ասել, թե դեպքը չի բխում նաև Սերժ Սարգսյանի շահերից: Ազատամարտիկը չի բացառում, որ իսկապես  Սերժ Սարգսյանը կապ չունի այս դեպքի հետ, սակայն, նրա խոսքով, դրա ողջ պատասխանատվությունը  Սերժ Սարգսյանի և այս իշխանությունների ուսերին է, քանի որ երկրում կան զինված հանցախմբեր, որոնք օրը ցերեկով  հատուկ ջոկատայինի համազգեստով կարող են հարձակվել:

 

Սուրեն Սարգսյանը շարունակում է պնդել, որ իշխանությունները հանցածին են և ոչ լեգիտիմ, և օր առաջ պետք է հրաժարվենք նրանցից:

 

Ինչ վերաբերում է  «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի` ծեծի ենթարկվելու դեպքերին, Սուրեն Սարգսյանը պատմեց, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հանդիպում է  ունեցել նրանց հետ և առաջարկել, որ նրանք հեռանան Հայաստանից, նույնիսկ խոստացել են Մոսկվայում կամ այլ քաղաքում նրանց համար բնակարան գնել: Սուրեն Սարգսյանի խոսքով՝ բնական է, որ նման առաջարկի պատասխանը «8 հարկանի հայհոյանքը պետք է լիներ»: