կարևոր
21706 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 00:02
Տնտեսական

ՀԾԿ-ն «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համաձայնություն է տվել. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

ՀԾԿ-ն «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համաձայնություն է տվել. փաստաբանը  հաղորդում է ներկայացրել

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող կապի օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի կողմից ձեռք բերելու համաձայնություն է տվել այն պայմաններում, երբ ամիսներ առաջ հայտը մերժվել էր, քանի որ կար ազգային անվտանգության սպառնալիք, բացի դա, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում: Նշված հանգամանքները պարզելու նպատակով այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը:

«Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Օրերս մամուլում լուր տարածվեց, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ինչն է հետաքրքրական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

Սակայն

2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է  ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը:

Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը վերացել էր:

Hetq լրատվական կայքը հրապարակում է կատարել այն մասին, որ «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին:

hraparak.am կայքը նշել է. «Մեր տեղեկություններով՝ ռուսական 1Xbet ընկերությունը չի ցանկանում հեշտ հանձնվել և պայմանավորվելով որոշ շրջանակների հետ՝ նորից փորձում է գնել «ՄՏՍ Հայաստան»-ը: Ինչ է իրենից ներկայացնում 1Xbet-ը։ Այն բուքմեյքերական ընկերություն է, որի սեփականատերերն են Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինը, ովքեր այս պահին գտնվում են միջազգային հետախուզման մեջ, ենթադրաբար՝ ինչ-որ անօրինական գործունեության համար մեղադրվելու հիմքով»:

Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի №56-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն, Հայտը պետք է ներառի՝ բաժնեմասը ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձի վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ:

Փաստն այն է, որ 2022թ. ապրիլի 20-ին գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող կապի օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի կողմից ձեռք բերելու համաձայնություն է տվել այն պայմաններում, երբ ամիսներ առաջ հայտը մերժվել էր, քանի որ կար ազգային անվտանգության սպառնալիք, բացի դա, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Նշված հանգամանքները պարզելու նպատակով այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»: