կարևոր
2869 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-05 10:44
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին. Օսկանյան

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը իր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անմեղսունակության եւ անբարոյականության գագաթնակետն է: Անբարոյականություն է, որովհետեւ Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց  ավելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են եւ համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել: Դիվանագիտական անմեղսուանկություն է, որ դու թույլ ես տալիս այլոց, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դնել»,-ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մեկ ամիս առաջ էթնիկ զտման արդյունքում դարձել են փախստական:

«Այո, Հայաստանում են, բայց նրանք փախստական են, որովհետեւ իրենց տներից դուրս են վռնդվել: Նրանք իրավունք ունեն այսօր իրենց տուն գնան, իերնց հայրենիքը, որտեղ ապրել են սերունդներով, հազարամյակներ, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավարություն եւ նախորդ 30 տարում էլ վարել են ինքնավարության պայքար: Այդ երկու հարցերը նույն հարթության վրա դնելը իսկապես դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետ է»,-ասաց նա:

Օսկանյանը համոզված է, որ արցախահայերի վերադարձի հարցը, ի հեճուկս Փաշինյանի, պետք է կենդանի պահել. «Այսօր պետք է փորձենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ գտնել, որ այդ հարցը դնենք միջազգային հանրության առաջ, որ չմոռացվի, ինչպես կարգավիչակի հետ կապված, երբ արհամարվեցին այդ կոչերը, գնացին այդ ճանապարհով եւ մոռացվեց, ստացանք Արցախ, որտեղ չկա հայություն, նույնը լինելու է այսօր, մի քանի ամսից այս հարցն ընդհանրապես մոռացվելու է: Դրա համար այդ հարցն այսօր պետք է դարձնել գլխավոր օրակարգային հարց, բայց ես իրոք հույս չունեմ, որ այս իշխանությունները կգնան այդ ճանապարհով»: