Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, և նշեց, որ հետկորոնավիրուսյան շրջանում ներդրումների թեման մեծ կարևորություն է ունենալու․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»։
168․am-ը ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ հետկորոնավիրուսյան շրջանում որքանո՞վ է հավանական ներդրումների ներգրավումը, եթե դրան նախորդող շրջանում նույնիսկ կառավարության կողմից տեսանելի հաջողություններ այդ ուղղությամբ չկային։
«Տրամաբանությունը պարզ չէ, այսինքն՝ եթե 2019թ․ կամ 2018թ․, երբ կորոնավիրուսը չկար, և համաշխարհային այս տնտեսական ճգնաժամային երևույթները չկային, դա նշանակում է, որ պետությունը չպե՞տք է կատարեր կապիտալ ծախսեր։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ ներդրումներ և առաջանցիկ տնտեսական աճ ակնկալող երկրում նույնիսկ պետական բյուջեում դրված կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են։ Եվ այո, սա ևս մեր տնտեսական պոտենցիալի կորուստ է, և դա բերել է մեր տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների գեներացման հնարավորության նվազման։ Հիմա, եթե այդքան հույսները դրել են, որ ճգնաժամը հաղթահարելու են կապիտալ ծախսերով, ինչը կարևոր ուղղություն է, նաև՝ բնական, բնական է, որ այդպիսի նպատակադրում կա, բայց բացառապես հասկանալի չէ և հիմնավոր չէ, որ մենք արդեն իսկ 2018-2019թթ․ կապիտալ ծախսերի կեսից ավելին թերակատարել ենք։ 2018թ․՝ 75 տոկոսով, 2019թ․՝ 50 տոկոսով թերակատարել ենք զբաղվածության ծրագրերը, և հազարավոր մարդիկ այդ ծրագրերով, որ պետք է դառնային զբաղված, ունենային նոր սոցիալական վիճակ, լուծված որոշակի խնդիրներ և կայուն եկամուտ, մնացել են աղքատ։ Եվ այսօր արդեն կորոնավիրուսի հետևանքով այդ մարդկանց վիճակը էլ ավելի է խորացել»,- ի պատասխան՝ ասաց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ որքանո՞վ է երաշխավորված, որ կապիտալ ծախսերը, որոնք նախատեսված էին բյուջեով, իսկապես կկատարվեն․ «Եթե նայում ենք նախորդ տարիների կառավարության վարքագիծն ու մոտեցումը, մի տեսակ արմատական վերաձևակերպում կա իրենց մոտեցումներում։ Որովհետև 70 տոկոս կապիտալ ծախսերի թերակատարում է եղել, հիմա էլ խոսում են կապիտալ ծախսերի խիստ կարևորության, դրանց ավելացման և դրանց հույսով ճգնաժամը հաղթահարելու մասին։ Առնվազն, պետք է հույս ունենանք, որ իրական մոտեցումը սա է, և հասկացել են, որ, այո, պետությունը պետք է նախ՝ ինքն իրականացնի ներդրումային ծրագրեր, կապիտալ ծախսեր, հետո նոր ակնկալի, որ նաև մասնավոր հատվածից, հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ մենք կունենանք։ Ցավոք սրտի, մենք արդեն կորցրել ենք հստակ հնարավորություններ, որովհետև 2019թ․ կրճատվել էր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, և սա՝ դեռևս մինչև կորոնավիրուսի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ 2020թ․ մեծ օտարերկրյա ուղղակի ներդրումների սպասելն առնվազն կլինի ոչ մասնագիտական և ավելի շատ պոպուլիստական, եթե նման սպասումներ առաջացնենք, որովհետև ակնհայտ է, որ աշխարհի տնտեսությունն է ցնցված, և ակնհայտ է, որ խոշոր ներդրումային կենտրոնները, որոնցից օտարերկրյա ուղղակի ներդրումների ակնկալիք ունեինք, այդտեղ ևս լուրջ տնտեսական խնդիրներ կան, և առաջին հերթին այդ ներդրումները պահանջարկված են լինելու հենց այդ կենտրոններում, զարգացած տնտեսություններում խնդիրները լուծելուն»։
Տնտեսագետի խոսքով՝ հիմա պետությունը պետք է փորձի մաքսիմում պետական բյուջեից կապիտալ ծախսերով խթանել տնտեսական վիճակը. «Նաև՝ պետք է դիմի միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններին՝ բանկային միջոցներ վերցնելու համար, և այդ միջոցներով երկրի ներսում տարբեր ծրագրեր իրականացնի, այդ թվում՝ կապիտալ ներդրումներ, սոցիալական ծրագրեր։ Կառավարությունը ստիպված է լինելու այդպես անել, որովհետև ինչպես նշեցի՝ մենք, ցավոք, չունենք ներդրումային այնպիսի միջավայր, որն օբյեկտիվորեն կխթաներ ներդրումները։ Դրան գումարվել է նաև կորոնավիրուսի գործոնը, որը ոչ միայն Հայաստանի վրա է ազդել, այլև՝ ողջ համաշխարհային տնտեսության վրա, և այսպիսի պարագայում չպետք է նույն սպասումներն ունենանք, ինչ մինչև այս վիրուսն ունեինք»։