կարևոր
2554 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-11 15:15
Քաղաքական

Նիկոլ ունեցող երկիրը ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ հաղթանակ կտեսնի

Նիկոլ ունեցող երկիրը ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ հաղթանակ կտեսնի

Նիկոլ Փաշինյանը իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի նման, երկրում ստեղծել է իր ուզած կողմը, իրեն հավատացողներին հավաքել այդ կողմում ու ամենօրյա ռեժիմով տեղեկատվական աղբ է լցնում այդ մարդկանց գլխում, հավաստիացնելով՝ իբր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու ենք, առևտուր ենք անելու ու ապրենք գեղեցիկ հեքիաթում՝ հարուստ և կուշտ փորով։ Մինչդեռ երկրի իրական կողմում ոռնում է ադրբեջանա-թուրքական պահանջատիրությունը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից պարբերաբար հայտարարում են՝ թե հայկական կողմը պետք է դուրս բերի իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, փոխանցի Ադրբեջանին 8 գյուղերը, որոնք, իբր, օկուպացված են Հայաստանի կողմից։ Պետք է Հայաստանը չզինվի, բանակ չունենա, գլուխը կախ կատարի այն, ինչ պարտադրում են իրենք, այդ ժամանակ միայն Հայաստանը կարժանանա խաղաղության։

Փաշինյանի երկրի հակառակ կողմում հավաքված հանրության մոտ մի կարծիք կա, թե Նիկոլը հիմա ժամանակ է շահում, որ ներսից հզորանա ու Ադրբեջանի «հախից գա»։ Արդյո՞ք փաշինյանական թիմը այդպիսի քաղաքականություն է վարում, անզեն աչքով էլ տեսանելի է, որ ոչ։

Իշխանության գալու առաջին օրերից այս թիմը զբաղված է ազգային արժեքների նվաստացմամբ ու արժեզրկմամբ։ Նախ՝ տրանսգենդերին բերեցին ԱԺ ամբիոնում ելույթ ունենալու, հետո սկսեցին քարոզել, թե եկեղեցին կոռումպացված է ու պետք չէ հավատալ, որին հաջորդեց այն, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայն հանեցին դպրոցներից, իսկ արդեն 44-օրյա պատերազմից ու գծագրված պարտությունից հետո սկսվեց պարտվածի ու վախկոտի հոգեբանությունը մարդկանց ուղեղներում ներարկելու քաղաքականությունը, որը, ի դեպ գրեթե նույնությամբ անում է պաշտոնական Բաքուն։

Առաջին տիկինը սկսեց շրջանառել հանուն ոչնչի զոհվելու թեզը ու մարդիկ ամեն ադրբեջանական սադրանքից ու կյանքի մահու կռիվ տալուց հետո, երբ տեսան, որ միևնույն է այդ տարածքները իրենց մեջքի հետևում ստորագրությամբ հանձնվում են թշնամուն, սկսեցին մտածել, թե իրոք գնում ու զոհվում հանուն ոչնչի և այս իրավիճակը սկսեց քիչ քիչ կոտրել հայ ժողովրդի վրեժի ու պայքարի ոգին։

Երկիրը աննպատակ պետության վերածող իշխանությունները երբեք չեն կարող նպատակասլաց սերունդ ու հասարակություն դաստիարակել։

Փաշինյանի իրականությունում ապրող ու նրան հավատցող հանրությունը ի վերջո պետք է հասկանա, որ մինչ Փաշինյանը մեզ զրկում է գենետիկ հիշողությունից, կոչ անում հրաժարվել մեր մշակութային ժառանգությունից, պատմությունից, Արցախից ու 3 հազար տարվա պատմությունից հանուն խաղաղության, Ադրբեջանը ամեն օր պետական ալիքներով ու քաղաքական հայտարարություններով իր հանրությանը պատրաստում է պատերազմի, հայտարարում, որ պետք է վերադարձնեն «Արևմտյան Ադրբեջան»-ը, որ հայերն ինչ էլ անեն, չեն կարող ժխտել, որ Սյունիքը, Սևանը և այլ տարածքներ պատմականորեն պատկանել են Ադրբեջանի ժողովրդին։

Օրվա իշխանությունները ոչինչ չեն անում սերունդներին նոր հաղթանակների պատրաստելու, ճիշտ դաստիարակելու և ազգային արժեքներ սերմանելու համար։ Կազմաքանդում են բանակը, դպրոցը, անարգում եկեղեցին ու օրացույցից ջնջում մեր բոլոր հաղթանակները։

Իսկ հզորանալու, թշնամուն հակահարված տալու և օկուպացված տարածքները վերադարձնելու համար նախ և առաջ պետք է փոխել օրվա իշխանություններին, մարդկանց ուղեղից հանել նիկոլիզմը, հետո միայն մտածել հզոր պետություն կերտելու մասին։

Անի Նահապետյան