կարևոր
2719 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-30 17:13
Քաղաքական

ՆԱՏՕ-ՌԴ հակամարտությունը ՆԱՏՕ-ի ռազմավարական փաստաթղթերում

ՆԱՏՕ-ՌԴ հակամարտությունը ՆԱՏՕ-ի ռազմավարական փաստաթղթերում

ԱՄՆ ԱԱՌ փաստաթղթում առանձնակի նշվում է պայքարը ազգայնականության դեմ․ «Բախվում ենք աճող ազգայնականության, նահանջող ժողովրդավարության աշխարհին», պայքար ավտորիտար պետությունների դեմ՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի» :

ԱՄՆ ռազմավարական այս փաստաթուղթը կոչ է ողջ հավաքական արևմուտքին՝ դիմակայելու հարափոփոխ իրականությանը, քանի որ իշխանության բաշխումն ամբողջ աշխարհում փոխվում է՝ ստեղծելով նոր սպառնալիքներ։

ԱՄՆ ռազմավարական փաստաթղթերի առանցքային նպատակների շարունակականությունն ապահովում է 2022-ի հունիսի 29-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը :

Նախևառաջ հայեցակարգը վերահաստատում է անսասան հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրին և միմյանց բոլոր սպառնալիքներից պաշտպանելուն՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս :

Հայեցակարգում նշվում են Դաշինքի երեք հիմնական առաքելությունները՝ զսպում և պաշտպանություն, ճգնաժամերի կանխարգելում և կառավարում, հավաքական անվտանգություն։ Այս խնդիրները լրացնում են միմյանց բոլոր անդամ երկրների հավաքական պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Համաձայն փաստաթղթի՝ ՆԱՏՕ-ն վճռական է պաշտպանելու անդամ երկրների ազատությունն ու անվտանգությունը: Նրա հիմնական նպատակն ու ամենակարևոր պարտականությունն է ապահովել անդամ երկրների հավաքական պաշտպանությունը բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներից:

ՆԱՏՕ-ն եզակի, կարևոր և անփոխարինելի անդրատլանտյան ֆորում է խորհրդատվության, համակարգման և գործողությունների համար անհատական և հավաքական անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերի շուրջ:

Հայեցակարգը հրապարակային կոչ է անդամ երկրներին. «Մեր երկրների միջև անդրատլանտյան կապը մեր անվտանգության անփոխարինելի պայմանն է։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները՝ անհատի ազատությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Մենք հաստատապես հավատարիմ ենք մնում ՄԱԿ-ի կանոնադրության և Հյուսիսատլանտյան պայմանագրի նպատակներին և սկզբունքներին» :

«Մենք կամրապնդենք մեր Դաշինքը՝ հիմնվելով մեր անբաժանելի անվտանգության, համերաշխության և միմյանց պաշտպանությանն ուղղված ամուր հանձնառության վրա, ինչպես ամրագրված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածում» ։
Համաձայն փաստաթղթի՝ ավտորիտար դերակատարները / ՌԴ, ՉԺՀ, ԻՐԱՆ, Հյուսիսային Կորեա և այլն/ մարտահրավեր են նետում ՆԱՏՕ-ի շահերին, արժեքներին և ժողովրդավարական ապրելակերպին: Նրանք ներդրումներ են կատարում միջուկային և հրթիռային կարողությունների մեջ՝ գրեթե առանց թափանցիկության և առանց հաշվի առնելու միջազգային նորմերը և պարտավորությունները:
Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանի Դաշնությունը դիտվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության, ինչպես նաև Եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիք։

Եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղություն չկա: Ռուսաստանի Դաշնությունը խախտել է նորմերն ու սկզբունքները: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմը կործանել է աշխարհը և լրջորեն փոխել անվտանգության միջավայրը։

Մոսկվայի վարքագիծը արտացոլում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների օրինակը իր հարևանների և ավելի լայն անդրատլանտյան հանրության դեմ:

Այն ձգտում է հարկադրանքի, դիվերսիայի, ագրեսիայի և բռնակցման /անեքսիայի/ միջոցով ստեղծել ազդեցության և ուղղակի վերահսկողության ոլորտներ։

ՌԴ ռազմական հնարավորությունները, հռետորաբանությունը և քաղաքական նպատակներին հասնելու պատրաստակամությունը խաթարում են կանոնների վրա հիմնված միջազգային կարգը:

Ռուսաստանի Դաշնությունը արդիականացնում է իր միջուկային ուժերը և ընդլայնում է իր նոր և կործանարար երկակի օգտագործման համակարգերը՝ միաժամանակ օգտագործելով միջուկային զենքի սպառնալիքը հարկադրական նպատակներով: Նրա նպատակն է ապակայունացնել արևելքում և հարավում գտնվող երկրները։

Հեռավոր Հյուսիսում ՆԱՏՕ-ի երկրների հզորացումը և Հյուսիսատլանտյան ափով նավագնացության ազատությունը խաթարելու նրա կարողությունը ռազմավարական մարտահրավեր է Դաշինքի համար: ՌԴ ռազմական հզորացումը, այդ թվում՝ Բալթյան, Սև և Միջերկրական ծովերի տարածաշրջաններում, Բելառուսի հետ ռազմական ինտեգրման հետ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի անվտանգությանն ու շահերին։

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է միասնական և պատասխանատու կերպով արձագանքել ռուսական սպառնալիքներին և թշնամական գործողություններին:

«Մենք զգալիորեն կամրապնդենք զսպումն ու պաշտպանությունը բոլոր անդամ պետությունների համար, կբարձրացնենք մեր դիմադրողականությունը ռուսական պարտադրանքի նկատմամբ և կաջակցենք մեր գործընկերներին՝ հակազդելու ռուսական ագրեսիային» :

ՌԴ թշնամական քաղաքականության և գործողությունների լույսի ներքո մենք չենք կարող Ռուսաստանի Դաշնությանը համարել գործընկեր։

Համաձայն փաստաթղթի՝ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում ցանկացած փոփոխություն կախված է նրանից, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը և լիովին համապատասխանի միջազգային իրավունքին։

Սպառնալիք է դիտվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խաթարելու նրանց փոխադարձ ամրապնդող փորձերը հակասում են հավաքական Արևմուտքի արժեքներին և շահերին։

ՉԺՀ-ն օգտագործում է քաղաքական, տնտեսական և ռազմական գործիքների լայն շրջանակ՝ ընդլայնելու համար իր գլոբալ ներկայությունը և նախագծային հզորությունը՝ առանց թափանցիկություն ապահովելու իր ռազմավարության, մտադրությունների և ռազմական հզորության հարցում:

ՉԺՀ-ի հիբրիդային և կիբեր գործողությունները, ինչպես նաև նրա առճակատման հռետորաբանությունն ու ապատեղեկատվությունը թիրախավորում են ՆԱՏՕ-ի երկրները և վնասում են Դաշինքի անվտանգությանը:

ՉԺՀ-ն ձգտում է վերահսկել հիմնական տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտները, կարևոր ենթակառուցվածքները և ռազմավարական նյութերն ու մատակարարման շղթաները:
Նա օգտագործում է իր տնտեսական լծակները ռազմավարական կախվածություններ ստեղծելու և իր ազդեցությունը մեծացնելու համար։ Նա ձգտում է խաթարել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը՝ ներառյալ տիեզերական, կիբեր և ծովային տիրույթներում:

Կենսաբանական, ճառագայթային և միջուկային նյութերի կամ զենքի պոտենցիալ օգտագործումը ՆԱՏՕ-ի դեմ թշնամական պետական և ոչ պետական դերակատարների կողմից մնում է սպառնալիք անվտանգության համար։
Իրանը և Հյուսիսային Կորեան շարունակում են զարգացնել իրենց միջուկային և հրթիռային ծրագրերը։ Սիրիան, Հյուսիսային Կորեան և Ռուսաստանի Դաշնությունը ոչ պետական դերակատարների հետ դիմել են քիմիական զենքի կիրառմանը։

ՉԺՀ-ն արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը և զարգացնում է ավելի բարդ համակարգեր՝ առանց թափանցիկության բարձրացման կամ սպառազինությունների վերահսկման կամ ռիսկերի նվազեցման:

Հայեցակարգում առանձնակի անդրադարձ է կատարվում ահաբեկչությանը: Ահաբեկչության դեմ պայքարը էական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համար (ՆԱՏՕ-ն համագործակցում է ԴԱԻՇ-ի ) ИГИЛ)«Даиш» ( հետ):

Ահաբեկչական կազմակերպությունները ձգտում են հարձակվել կամ խրախուսել ուրիշներին՝ հարձակվելու ՆԱՏՕ-ի երկրների վրա: Նրանք ընդլայնում են իրենց ցանցերը, ուժեղացնում են իրենց հնարավորությունները և ներդրումներ են կատարում նոր տեխնոլոգիաների մեջ: Ոչ պետական զինված խմբավորումները՝ ներառյալ անդրազգային ահաբեկչական ցանցերը և պետության կողմից հովանավորվող դերակատարները /սուբյեկտները/, շարունակում են շահագործել հակամարտությունը և թույլ կառավարումը` համալրելու, մոբիլիզացնելու և ընդլայնելու իրենց դիրքերը:

Հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, խոցելիությունը և անկայունությունը ուղղակիորեն ազդում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների անվտանգության վրա:

ՆԱՏՕ-ից հարավ գտնվող շրջանները, հատկապես՝ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի (տարածաշրջան Աֆրիկայում) շրջանները, բախվում են փոխկապակցված անվտանգության, ժողովրդագրական, տնտեսական և քաղաքական մարտահրավերներին:

«Մենք կշարունակենք հակազդել, զսպել, պաշտպանել և արձագանքել ահաբեկչական խմբավորումների կողմից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ կանխարգելման, պաշտպանության և ժխտման համակցությամբ: Մենք կամրապնդենք համագործակցությունը միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Եվրամիության հետ՝ ահաբեկչության տարածմանը նպաստող պայմանները վերացնելու համար» ։
Հայեցակարգում հստակ նշվում է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ոչ ոք չպետք է կասկածի Դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու մեր ուժին և վճռականությանը՝ պահպանելու բոլոր անդամ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ջախջախելու ցանկացած ագրեսորի:

ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանական կարողությունները հիմնված են միջուկային, սովորական և հակահրթիռային պաշտպանության կարողությունների համապատասխան համակցության վրա՝ համալրված տիեզերական և կիբեր հնարավորություններով:

ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունների հիմնարար նպատակն է պահպանել խաղաղությունը, կանխել հարկադրանքը և զսպել ագրեսիան:

ՆԱՏՕ-ի դեմ միջուկային զենքի ցանկացած օգտագործում հիմնովին կփոխի հակամարտության բնույթը։

Դաշինքի ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության ամենաբարձր երաշխիքն են։

Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջուկային ուժերը զսպման իրենց դերն են խաղում և նշանակալի ներդրում ունեն Դաշինքի ընդհանուր անվտանգության մեջ:

ՆԱՏՕ-ի միջուկային զսպող ուժը նաև հիմնված է Եվրոպայում տեղակայված ԱՄՆ միջուկային զենքի և համապատասխան անդամ երկրների ներդրումների վրա: Անդամ պետությունների կողմից տրամադրված երկակի նշանակության ինքնաթիռները շարունակում են կատարել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման առաքելության առանցքային դերը:

Հայեցակարգի առանցքային դրույթները վերաբերում են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

2023 թվականի հուլիսի 11-ին Վիլնյուսում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից հրապարակվել է հայտարարություն, որով ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստացած երկիրը հավատարիմ է այս հայտարարությանը. «Մենք հավատարիմ ենք միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին և հավատարիմ ենք կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանմանը: Այս գագաթնաժողովը մեր Դաշինքի ամրապնդման ուղենիշն է» :

Համաձայն այս փաստաթղթի՝ ՆԱՏՕ-ի անդամները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ միշտ պաշտպանելու միմյանց և Դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը, պաշտպանելու միլիարդ քաղաքացիներին, ազատությունն ու ժողովրդավարությունը՝ համաձայն Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի ։

Համաձայն հայտարարությանը ՝ Ռուսաստանը լիովին պատասխանատվություն պետք է կրի Ուկրաինայի դեմ իր անօրինական, չհրահրված պատերազմի համար, որը լրջորեն խաթարել է եվրաատլանտյան և համաշխարհային անվտանգությունը, և որի համար նա պետք է պատասխան տա ամբողջությամբ։

Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան, այս անօրինական պատերազմը, դադարեցնի ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և ամբողջությամբ ու անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զորքերը և տեխնիկան Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով՝ ներառյալ նրա տարածքային ջրերը:

ՆԱՏՕ-ն կոչ է անում բոլոր երկրներին որևէ ձևով չաջակցել ռուսական ագրեսիային և դատապարտել նրանց, ովքեր ակտիվորեն նպաստում են Ռուսաստանի պատերազմին։

Բելառուսի հետ Ռուսաստանի խորացող ռազմական ինտեգրումը՝ ներառյալ բարելավված ռուսական ռազմական հնարավորությունների տեղակայումը, ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության և Դաշինքի պաշտպանության վրա:

Հատկապես դատապարտվում է Բելառուսի աջակցությունը, որը շարունակում է տրամադրել իր տարածքը և ենթակառուցվածքները, որպեսզի ռուսական ուժերը հարձակվեն Ուկրաինայի վրա։

Համաձայն հայտարարությանը՝ ինչպես Բելառուսը, նաև Իրանը պետք է դադարեցնեն մեղսակցությունը Ռուսաստանի հետ և վերադառնան միջազգային իրավունքի համապատասխանությանը։

ՆԱՏՕ-ն կմնա զգոն և կշարունակի ուշադիր հետևել զարգացումներին, մասնավորապես, այսպես կոչված, մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր տեղակայմանը Բելառուսում:

ՆԱՏՕ-ն կոչ է անում Բելառուսին դադարեցնել իր գործունեությունը հարևանների դեմ, հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և պահպանել միջազգային իրավունքը։

ՆԱՏՕ-ն կոչ է անում ՉԺՀ-ին դատապարտել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, ձեռնպահ մնալ Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցելուց, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:

Իրանի աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ազդում է եվրաատլանտյան անվտանգության վրա:

ՆԱՏՕ-ն կոչ է անում Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեղափոխումը․ դրանք օգտագործվում են կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու համար՝ պատճառելով մեծածավալ քաղաքացիական զոհեր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հրապարակային թշնամական վերաբերմունքի է արժանացրել և արժեզրկել Ռուսաստանի Դաշնությանը. «Մոսկվան պայքարում է կայսերական մոլորությունների համար: Ռուսաստանը կորցրել է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Նա կտրված է միջազգային շուկաներից։ Չի մասնակցում միջազգային գագաթնաժողովների հանդիպումներին: Եվ նա ստիպված է զենքի համար դիմել այնպիսի ռեժիմների, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան» :

Արդյո՞ք կիրականանան ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումները, համաձայն որի․ «ՆԱՏՕ երկրները և Ուկրաինան «կնստեն» որպես իրավահավասար անդամներ» :

Մյուս կողմից՝ տեսանելի է, որ խորանում են ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ռազմական սպառնալիքներն ու մարտահրավերները:

Համաձայն ԱՄՆ ԱԱՌ-ի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է Մերձավոր Արևելքում պահպանել Իսրայելի անվտանգությանն իր «երկաթյա հավատարմությունը» :

Այսպիսով՝ արագընթաց շարունակվում է աշխարհի վերաբաժանման գործընթացը:

Արփի Աբրահամյան

«Դրօշակ» թիվ 10 2023 թ.