Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորև Akunq.net-ը թուրքերենից ու լատինատառ օսմաներենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է թուրք հայտնի պատմաբան Սաիթ Չեթինօղլուի՝ հատուկ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի համար հեղինակած նոր հոդվածը Կոմիտասի մասին։ Չեթինօղլուն, օգտվելով օսմանյան փաստաթղթերից, ներկայացնում է թուրք բժիշկների, ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների զեկույցները՝ Կոմիտասի առողջական վիճակի և բուժման նպատակով նրան արտերկիր գնալու թույլտվության վերաբերյալ։
Սաիթ Չեթինօղլու
Կոմիտաս Վարդապետի հոգեկան վիճակը խաթարվել է՝ Ցեղասպանության ընթացքում, Չանքըրը աքսորի ժամանակ, երբ անձամբ ականատես է դարձել այն վայրագությանը, որը պատճառ է եղել նրա ժողովրդի մահվան։ Այդ բարբարոսությունը խորը վերքեր[1] է բացել նրա հոգում, ինչպես կարող էր պատահել յուրաքանչյուր նրբազգաց անձնավորության հետ։
Հավելումն դրան՝ երբ նա վերադարձել է աքսորավայրից, «ընկերների» վերաբերմունքը ևս չհասկանալով՝ ներփակվել է իր մեջ, և Թուրքիայում նրա «բուժումը» ոչ մի արդյունք չի տվել[2]։
Ի վերջո, 1917 թ․ մայիսի 25-ից մինչև 1917 թ․ օգոստոսի 24-ը հայտնի բժիշկ Մազհար Օսմանի հսկողության տակ վերցված Կոմիտասի մասին բժշկական զեկույցում արձանագրվել է, որ նրա բուժումը բավականաչափ արդյունավետ չի եղել, և որ շատ քիչ տարբերություն է գրանցվել նրա առողջական վիճակի մեջ․
« 333 թ․ (1917 թ․-Ակունքի խմբ․) մայիսի 25-ին ընտանիքի կողմից հիվանդանոց տեղափոխված Կոմիտաս Վարդապետ էֆենդին տառապում էր խառը տիպի հոգեկան դեպրեսիայով ի հայտ եկած խելագարությամբ։ Քանի որ նրա առողջական վիճակում շատ քիչ է առաջընթաց գրանցվել, նա իր եղբոր ցանկությամբ 333 թ․ օգոստոսի 24-ին հանձնվել է վերջինիս։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ անձը բուժման կարիք ունի, դրա համար ըստ պահանջի՝ ներկայացվել է այս զեկույցը։ 27-ը օգոստոսի, 333 թ․, Մազհար Օսման»[3]։
Այս զեկույցից հետո Վարդապետը 1917 թ․ օգոստոսի 30-ի ամսաթիվը կրող դիմումով խնդրել է, որ իր առողջությունը վերականգնելու և Վիեննայում գտնվող հիվանդանոցներից մեկում կիսատ մնացած բուժումը շարունակել կարողանալու համար իրեն արտերկիր գնալու թույլտվություն տան․
«Մեծարգո պարոն,
Իմ անձին օգնելու խնդրանքի կապակցությամբ ներկայացված զեկույցի համաձայն, ինչպես որ իմաստուն կերպով բարեհաճել են հայտնել զեկույցի հեղինակները, իմ բուժմամբ զբաղվող բժիշկների կողմից անհրաժեշտ է համարվել, որ բուժում ստանամ Վիեննայի կողմերում գտնվող մի հիվանդանոցում։ Աղոթելով աղաչում և խնդրում եմ, որ թույլ տրվի, որպեսզի ես գնամ հիշյալ վայրը։ Այդ կապակցությամբ և ամեն դեպքում ապավինում եմ Ձերդ մեծության հրամանին և բարեհաճությանը։ 30-ը օգոստոսի, 333 թ․։ Կոմիտաս վարդապետ»[4]։
Վարդապետի դիմումից հետո Ներքին գործերի նախարարության խորհրդական, Թալեաթի աներձագ, Ցեղասպանության առաջին փուլը Բիթլիսի (Բաղեշ-Ակունքի խմբ․) նահանգապետարանում, իսկ երկրորդ փուլը՝ Հալեպի նահանգապետարանում պաշտոնավարելիս իրագործած Աբդուլհալիքը (Ռենդան) 1917 թ․ օգոստոսի 17-ի ամսաթիվը կրող մի գրությամբ պահանջել է, որ ոստիկանությունը հետաքննի այդ հարցը․
«Ներքին գործերի նախարարության
Ընդհանուր անվտանգության տնօրինություն
Ներքին գործերի նախարարի անունից՝ խորհրդական Աբդուլհալիք բեյից
Ընդհանուր ոստիկանական տնօրինությանը
Համառոտ նկարագիրը՝ Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին․
Կոմիտաս Վարդապետի ստորագրությամբ ներկայացվել է խնդրագիր, ըստ որի՝ քանի որ նա հոգեկան խանգարում է ձեռք բերել, թույլ տրվի, որ նա, բուժման նպատակով, մեկնի Վիեննա։ Տեղեկացում ենք, որ անհրաժեշտ է հետաքննել և լուր տալ, թե ոստիկանությունն ինչեր գիտի վերոնշյալ անձի անցյալի և գործունեության մասին, և թե արդյոք իրապես Վիեննայում բուժման անհրաժեշտության չափ հոգեկան հիվանդություն ունի»[5]։
Այն փաստը, որ բժշկի զեկույցի առկայության դեպքում ոստիկանական տնօրինությունից պահանջվում էր հետաքննել, թե արդյոք Կոմիտասը Վիեննայում բուժման կարիք ունենալու չափ հոգեկան խանգարում ունի, թե ոչ, առավել քան անհեթեթություն է։
Ընդհանուր ոստիկանական տնօրինությունից 1917 թ․ օգոստոսի 20-ին անմիջապես պատասխանն է ստացվում։ Ըստ զեկույցի՝ Կոմիտասը ազգայնամոլ է եղել, իր տանը բազմիցս հանդիպել է 1915 թ․ հունիսի 15-ին մահապատժի ենթարկված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Փարամազի հետ, և որ նա հսկողության տակ է գտնվում։ Ոստիկանական տնօրինության՝ Կոմիտասի վերաբերյալ հետաքննությունը կարծես թե պատրաստ էր․
«Ստամբուլի ոստիկանության ընդհանուր տնօրինության քաղաքական մասնաճյուղ,
Հատուկ 2040
Ներքին գործերի նախարարություն գերատեսչությանը
Ձերդ գերազանցություն,
Ընդհանուր անվտանգության տնօրինության երկրորդ մասնաճյուղից 333 թ․ սեպտեմբերի 15-ի ամսաթիվը և 158T համարը կրող նախարարական գրության պատասխանն է։ Կոմիտաս Վարդապետն արմատներով Քյութայիայից է (Կուտինա-Ակունքի խմբ․)։ Նախևառաջ Կովկասում գտնվող Էջմիածնի վանքում ստացել է երաժշտական կրթություն և դրանից հետո Գերմանիա գնալով՝ ավարտել է կրթությունը։ Այնուհետև գնացել է Փարիզ և այնտեղ որոշ ժամանակ մնալով՝ Սահմանադրության հռչակումից հետո եկել է Ստամբուլ, այստեղ ազգային երգեր գրել և ճանաչվել որպես ազգայնամոլ անձնավորություն։ Միևնույն ժամանակ սկսել է գաղտնի հեղափոխական գործերով զբաղվել և Ռամկավար կուսակցության մեջ ընդգրկվելով (Կոմիտասը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին արգելված էր որևէ կուսակցության հարելը-Ակունքի խմբ․)՝ 330 [1914] թ․ Եգիպտոսում ապրող հայտնի Սաջկուլյանի (?-Ակունքի խմբ․) և ընկերների կողմից կառավարական անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար Ստամբուլ ուղարկված և մահապատժի ենթարկված կովկասցի Փարամազին, այլ անվամբ՝ թեքֆուրդաղցի Համբարձում Գրիգորին, իսկ իսկական անվամբ Մատթեոս Սարգսյանին բազմիցս ընդունել է Փանգալթըի (թաղամաս Ստամբուլում-Ակունքի խմբ․) Սուրբ Հակոբ գերեզմատան դիմաց գտնվող իր տանը և հանդիպել նրա հետ։ 331 թ․ ապրիլի 11-ին (1915 թ․ ապրիլի 24-Ակունքի խմբ․) ընդհանուր հեղափոխականների հետ շդուրս է հանվել Ստամբուլի արտակարգ վարչական շրջանի սահմաններից, սակայն մեկ ամիս անց հատուկ թույլտվությամբ վերադարձել է Ստամբուլ։ Վերոնշյալ տեղեկություններից ելնելով՝ հիշյալ անձի՝ Վիեննա գնալը ոչ մի առումով չի կարող հարմար համարվել։
Այդ կապակցությամբ հրամանն ու ֆերմանը (սուլթանական հրովարտակ-Ակունքի խմբ․) Նորին վսեմափայլություն հրամայողինն է (սույն արտահայտությունը քարացած ձև է, որ օսմանյան շրջանում կիրառվել է պաշտոնական գրագրության մեջ-Ակունքի խմբ․)։
333 թ․ սեպտեմբերի 20
Ոստիկանության ընդհանուր տնօրեն (ստորագրություն)[6]»։
Ինչպես հայտնի է, վարչարարության մեջ ենթակա պաշտոնյան մշտապես ավելի բարձր պաշտոն ունեցողի կամքով է գործում ու զեկուցում։ Ոստիկանական տնօրինությունը ևս իրենից բարձրի հեղինակած գրության լեզուն ինչպես հարկն է վերլուծելով՝ նրա ուզածի նման է զեկուցել․
«Բոլոր առումներով նրա՝ Վիեննա գնալը պատեհ չէ»։
Հայտնի չէ, թե ինչպես է պատահել։ Ամենայն հավանականությամբ ոմանք միջամտել են, ինչպես դա եղել է նաև Կոմիտասի աքսորի ժամանակ, և Ոստիկանության ընդհանուր տնօրինության մերժումն անտեսելով՝ ապահովվել է, որ Թալեաթի հրամանով Կոմիտասին անձնագիր տան ու համապատասխան հաստատությունից արտերկիր գնալու թույլտվություն շնորհեն․
«333 թ․ սեպտեմբերի 12
Ներքին գործերի նախարարության Ընդհանուր անվտանգության տնօրինություն
Ներքին գործերի նախարար՝ Նորին գերազանցություն Թալեաթ փաշայից
Ոստիկանության ընդհանուր տնօրինությանը
Հայտնում ենք և տեղեկացնում, որ թույլ է տրվել, որ Կոմիտաս Վարդապետ էֆենդին, որը հիվանդ է և ապաքինման կարիք ունի, հանուն բուժման՝ մեկնի Վիեննա։ Դրա մասին անհրաժեշտաբար հաղորդվել է Սահմանային անվտանգության տեսչությանը։
Հիշեցում՝ Երթևեկության բարձրագույն տնօրինությանը (մասնաճյուց 2)-ից․
Պարզվել է, որ Կոմիտաս Վարդապետ էֆենդին հիվանդ է և բուժման կարիք ունի։ Նրան թույլ է տրվել բուժման նպատակով մեկնել Վիեննա, և այդ թույլտվության մասին հաղորդվել է Ոստիկանության ընդհանուր տնօրինությանը։ Վերոհիշյալ անձին անհրաժեշտ փաստաթղթերը տալու և սահմանն անցնելը թույլ տալու համար Անվտանգության տեսչությանը հաղորդելու նպատակով տվյալ գրությունը հանձնվում է Երթևեկության բարձրագույն տնօրինությանը։ Վերջերս Ոստիկանության ընդհանուր տնօրինությունից հետաքննության հրաման է ստացվել»[7]։
Կոմիտասին իր երկրից հեռու՝ Փարիզում, անցկացրած կյանքի վերջին տարիներին մինչև մահ կամավոր կերպով ծառայել է Սևան Նշանյանի մեծ մորաքույրը՝ Սրբուհի Բյուլբյուլյանը։ Նա Կոմիտասի խնամքն ստանձնած համարձակ մի կին է եղել։
[1] 6 ամսական հասակում մորը, 10 տարեկանում հորը, 46 տարեկանում էլ իր ժողովրդին կորցրած Կոմիտասն այլևս չուներ որևէ մեկը, որպեսզի տար այն հարցը, որ ժամանակին ուղղել էր իր հորական տատին՝ «Ինձ հարցնող եղե՞լ է»։ Երբ երեխա էր, թեև հորեղբայրը պաշտոնապես որդեգրել էր նրան, սակայն իր հանդեպ վատ վերաբերմունքը, ինչպես նաև՝ հետագայում իր ժողովրդի բնաջնջումը պատճառ է դարձել, որ ներփակվի իր մեջ։
[2] https://www.saitcetinoglu.com/menavorigin-son-opereti-sonsuz-yas/
[3] BOA DH EUM 2.ŞB 42/69 6
[4] BOA DH EUM 2.ŞB 42/69 7
[5] BOA DH EUM 2.ŞB 42/69 1
[6] BOA DH EUM 2. ŞB 42/69 2
[7] BOA DH EUM 2.ŞB 42/69 5
*BOA DH EUM 2.ŞB 42/69
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net