կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 15:11
Հասարակություն

ԴԱՀԿ փաստաթղթերում նշվում է կոնկրետ արգելանքի չափը. խնդիրը բանկերո՞ւմ է

ԴԱՀԿ փաստաթղթերում նշվում է կոնկրետ արգելանքի չափը. խնդիրը բանկերո՞ւմ է

Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարեւոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է. լրագրողներին այսօր ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը' հավելելով, թե այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում՝ նաեւ ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչներ:

 

 Թեժ գիծ է գործում, տեղեկացրեց նախարարը, եւ խնդրում են քաղաքացիներին, որ յուրաքանչյուր նման դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, հատկապես՝ նկատի ունենալով, որ ամառային սեզոն է, երբ մարդն արտասահմանում պատահաբար կբախվի նման խնդրի, անմիջապես կապվել թեժ գծով, եւ իրենք, դեռեւս անկախ օրենսդրական կարգավորումներից, անպայման կփորձեն մարդկանց խնդիրներին լուծում տալ: Իսկ խնդիրները, ըստ նրա, վերաբերում են տարբեր ոլորտների:

 

«Մասնավորապես' առաջին խնդիրը վերաբերում է ծանուցումներին, որը երբեմն-երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում: Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել, ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց, միեւնույն ժամանակ, ուզում եմ՝ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ' տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները, այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցում որոշ դեպքերում հնարավոր չի լինում ապահովել: Սա նաեւ կապված է փոստի աշխատանքի հետ եւ միայն ոստիկանության խնդիրը չէ: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

 

Երկրորդ խնդիրը, ըստ արդարադատության նախարարի, վերաբերում է բանկային համակարգում հաշիվների արգելանքին՝ կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից' կատարում ապահովելու համար, հստակ նշում է արգելանքի չափերը, գումարի չափերը, որ չափով պետք է արգելանք դրվի:

 

«Բայց պարզվեց, որ դեռեւս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ փորձել ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրրները լուծել»,- նշեց նախարարը:

 

Մեկն այլ խնդիր էլ կա կրեդիտ-քարտերի արգելափակման կապակցությամբ: Տրամաբանորեն' կրեդիտ-քարտերի վրա դրվող արգելանքը խնդրահարույց է, որովհետեւ դա իրականում դեռեւս կրեդիտ գիծ է, որը դեռեւս մարդու սեփականությունը չէ, քանի դեռ նա չի ստացել այդ կրեդիտ գծերով նախատեսված գումարը: Այս հարցում եւս, ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն: